Հայաստանը պահպանում է դիրքերը տարածաշրջանային անկման ֆոնին. Freedom House
Լուսանկարը` hcav.am
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության նոր զեկույցի համաձայն՝ գլոբալ ազատության մակարդակն աշխարհում նվազում է արդեն 20-րդ տարին անընդմեջ: Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում ժողովրդավարական ցուցանիշների ընդհանուր անկման ֆոնին Հայաստանը պահպանել է իր նախկին դիրքերը՝ մնալով «մասամբ ազատ» երկրների շարքում:
Կազմակերպության կողմից մարտի 19-ին հրապարակված «Ազատությունն աշխարհում 2026. ավտոկրատիայի աճող ստվերը» զեկույցում նշվում է, որ անցնող տարվա ընթացքում 54 երկրներում արձանագրվել է քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վատթարացում, և միայն 35 պետություն է գրանցել դրական տեղաշարժ: Հայաստանը վաստակել է 54 միավոր 100 հնարավորից՝ կրկնելով նախորդ տարվա արդյունքը։ Ընդ որում, համացանցի ազատության տեսանկյունից փորձագետները երկիրը դասել են ազատ պետությունների շարքին՝ գնահատելով 72 միավորով։
Հարևան Վրաստանը նույնպես պահպանել է տեղը «մասամբ ազատ» երկրների խմբում, սակայն նրա վարկանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 4 կետով՝ հասնելով 51-ի։ Զեկույցի հեղինակներն այս հետընթացը պայմանավորում են 2024 թվականից մեկնարկած և ամբողջ 2025-ի ընթացքում շարունակվող հակակառավարական ցույցերի նկատմամբ իշխանությունների կոշտ արձագանքով։ Իրավապաշտպաններն ընդգծում են ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման փաստերը, ինչպես նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընդդիմախոսների և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները՝ ֆիզիկական հարձակումների և նոր սահմանափակող օրենքների միջոցով։
Տարածաշրջանի մյուս երկրները հայտնվել են «ոչ ազատ» պետությունների ցանկում։ Ադրբեջանի ցուցանիշը մեկ տարվա ընթացքում 7-ից նվազել է մինչև 6 միավոր։ Ըստ Freedom House-ի վերլուծաբանների՝ վերջին երկու տասնամյակում երկրի ինդեքսը 33-ից գահավիժել է մինչև 6՝ 2003 թվականից նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանության ամրապնդման, անկախ դատական համակարգի և լրատվամիջոցների վերացման հետևանքով: Զեկույցում նշվում է, որ երկրի ղեկավարությունն ակտիվորեն օգտագործում է պետական ռեսուրսները, ներառյալ նավթային ոլորտը, հովանավորչական կոռուպցիոն ցանցեր պահպանելու և իշխանամետ մամուլը ֆինանսավորելու համար՝ զուգահեռաբար կիրառելով անվտանգության ուժերի կոշտ բռնաճնշումները ցանկացած այլախոհություն լռեցնելու նպատակով:
«Ոչ ազատ» երկրների վարկանիշային աղյուսակում ավանդաբար տեղ են գտել նաև Թուրքիան և Իրանը՝ փորձագետների կողմից ստանալով համապատասխանաբար 32 և 10 միավոր։