VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Բանկերը դադարեցրել են ոչ միայն վարկերի սպասարկումը, այլև նոր վարկերի տրամադրումը: Սա կարող է էական խնդիրներ առաջացնել գյուղատնտեսության ոլորտում, քանի որ մարտը գյուղատնտեսական աշխատանքների ամենաակտիվ շրջանն է, և եթե հիմա գյուղացիները չապահովվեն վարկային միջոցներով, հետո արդեն հնարավոր չի լինի կորցրած ժամանակը հետ բերել: Բանկերը հրաժարվում են տրամադրել նույնիսկ պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին «Փաստին» դիմում են քաղաքացիներ՝ դժգոհելով, որ պոլիկլինիկաներում հիվանդանոցների ուղեգրեր չեն տալիս, եթե նույնիսկ ցուցված է։ Խոսքը կորոնավիրուսի կասկածի մասին չէ, այլ ընթացիկ ուղեգրումների։ Տեղեկություն ենք ստացել, որ պոլիկլինիկաների ղեկավարներն այս առումով ներքին կարգադրություն են տվել բժիշկներին։ Հարցի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին, որը նաև պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատուն է: Մեզ հետ զրույցում նա մասնավորապես նշեց. «Ես բացառում եմ, որ նման բան կարող է տեղի ունենալ, որովհետև պոլիկլինիկաների և հիվանդանոցների աշխատանքները կորոնավիրուսով չեն սկսվում և ավարտվում, նրանք շարունակում են իրենց բնականոն գործունեությունը: Եթե մեր քաղաքացիները ունեն կոնկրետ բողոքներ, կարող են դիմել առողջապահության նախարարություն: Միևնույն ժամանակ ես էլի եմ ուզում կրկնել՝ բացառում եմ, որ նման բան կարող է տեղի ունեցած լինել»,-ասաց Գևորգյանը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար մեջքից հարված է եղել Ազգային անվտանգության ծառայության կողմից արված բացահայտումը՝ դատախազի կաշառքի գործով: Գլխավոր դատախազն այս հարցի շուրջ խոսել է մարտի 10-ին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արթուր Դավթյանն այդ նիստում անդրադարձել է 2019 թվականի՝ Գլխավոր դատախազության դատախազի կաշառքի գործով ԱԱԾ բացահայտմանը: Նա հայտարարել է, որ այդ դեպքը մեջքից հարված էր իրենց: «Մեջքից խփեց մեզ», – ասել է նա նիստի ընթացքում: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Լեւոն Կարապետյանի շուրջ բացահայտմանը: Նա, լինելով ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի իրավական ապահովման վարչության ավագ դատախազը, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում 10 տարվա ազատազրկման դատապարտված Գուրգեն Գասպարյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար դատապարտյալի մտերիմ Կարեն Թադեւոսյանից 2019թ. հունիս ամսին ստացել է 1.300 դոլար կաշառք: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատախազը անդրադարձել է նաեւ այս տարվա ընթացքում բանակում ինքնասպանության դեպքերին եւ դատախազներին հասկացրել, որ մինչեւ ինքը չգնաց Արցախ, դատախազները չսկսեցին աշխատել, եւ հարց է բարձրաձայնել՝ ինչո՞ւ պետք է այդպես լիներ: Այս ամենը դատախազները գլուխները կախ լսել են: Հավելենք, որ նիստի ընթացքում ամփոփվել են 2019թ. աշխատանքների, հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրականացման արդյունքները: Եւ, օրինակ, առկա տվյալների համաձայն՝ 2019թ. հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք: Սակայն կոլեգիայի նիստի ընթացքում անհանգստացնող է համարվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վիճակը, հատկապես՝ բնակարանային գողությունների դեմ պայքարի մակարդակը»:
«Իրատես» օրաթերթը գրում է. «Երբ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում մեկ-մեկ թվարկում է Հայաստանի ունեցած սննդի պաշարներն ու ինչքան ժամանակ այն կբավարարի, ուզում ես հասկանալ` այս երկրում ընդհանրապես անվտանգության առումով մտահոգ պաշտոնյա մնացե՞լ է։ Նորմա՞լ է, որ կառավարության առաջին դեմքը մեր ունեցած հնարավորությունների կոնկրետ ժամկետն է նշում, իսկ ԱԱԾ պետը գլուխը կախ լսում է։ Այսպես են խուճապը զսպում՝ ավելի վտանգավոր «հոսքագիծ» բացելով։ Թե՞ մտածում են` իրենց միայն երկրի ներսում են լսում, ոչ մեկը դրսից չի հաշվարկում, թե քանի օրում կարող են սահմանները փակել ու առնվազն չորս կողմից աքցանի մեջ վերցնել Հայաստանը։ Չնայած այս առումով էլ վախենալու բան, պարզվում է, չունենք։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «միգուցե մենք աշխարհին ապացուցենք, որ մենք ամենաարդյունավետ ձևով կարող ենք ապրել ամբողջությամբ փակ սահմաններով»։ Ուրեմն էլ ի՞նչ դարդ ունենք, մենք մեզ լրիվ հերիք ենք, ինչ ենք անում բաց սահմաններն ու աշխարհի հետ կապը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վեց ամիս թափուր մնալուց հետո վերջապես համալրվեցին ոստիկանապետի եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները։ Ճիշտ է՝ այս ընթացքում այդ պաշտոնները զբաղեցնում էին ժամանակավոր պաշտոնակատարներ եւ հայտարարում էին, որ ամբողջ ծավալով իրականացնում են ղեկավարի գործառույթները, սակայն երեխային անգամ պարզ է, որ ժամանակավոր նշանակում է սպասման մեջ գտնվող, շարունակ շուրջբոլորը նայող, ամեն քայլը չափող-ձեւող պաշտոնյա, որն իր վաղվա օրվա նկատմամբ հավատ չունի։ Թվում է՝ ոչ մի իշխանություն ու պետության ղեկավար չպետք է շահագրգռված լինի, որ նման կարեւոր պաշտոններում «ժամանակավորի» հոգեբանությամբ մարդիկ աշխատեն, եւ պետք է հասկանա, որ այդ անորոշությունից ո՛չ աշխատանքն է շահում, ո՛չ երկիրը։ Սակայն Նիկոլ Փաշինյանը մինչեւ վերջին օրը իրենից կախման ու անորոշության մեջ պահեց այդ երկու պաշտոնյաներին՝ 6 ամիս շարունակ ո՛չ ազատելով, եւ ո՛չ էլ նշանակելով իրենց պաշտոններին։ Եվ միայն ԺՊ-ների համար թույլատրելի ժամկետը լրանալու վերջին օրը ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի թեկնածուներին ներկայացրեց նշանակման։ Անշուշտ, դժվար է ասել, թե այս անձանց հրամանագրումից հետո ինչ կփոխվի իրենց եւ երկրի կյանքում, ինչն էլ ինքնին առավել անհասկանալի է դարձնում հրամանագրերն այսքան ուշացնելու հանգամանքը։ Մանավանդ եթե հիշենք նրանց նախորդներին, որոնք վարչապետի կողմից ամենահարգված ու ամենասիրված պաշտոնյաների թվին էին պատկանում, մի օր շատ անսպասելիորեն հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին։ Նման ճակատագրից կարող են չխուսափել նաեւ այս նորանշանակները, քանզի հայտնի չէ, թե վաղն ինչ պահանջներ կներկայացվեն նրանց, եւ նրանք կկարողանա՞ն արդյոք շարունակել պաշտոնավարումը։ Իսկ կադրային նման ցնցումներից ոչ մի երկիր չի շահում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքը կշարունակի հերթական քառօրյայից հետո։ Հիմա քննարկում են Արցախ այցելելու եւ «առաջին ձեռքից» ինֆորմացիա ստանալու հարցը․ «Չի բացառվում, որ տեղում մի նիստ անենք ու հրավիրենք, ասենք, Լյովա Մնացականյանին, ով ապրիլյան պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատարն էր»։ Հիշեցնենք, որ ծանուցագիր է ուղարկել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, նիստը պետք է կայանար նախորդ քառօրյային, բայց հանրաքվեի, հետո կորոնավիրուսի պատճառով չկայացավ, թեեւ, մեծ հույսեր չունեն, որ նա կներկայանա։ ԱԺ առաջիկա քառօրյան կմեկնարկի մարտի 23-ին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվելու է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի փաթեթը: Այն ընդունված է անվանել որպես վեթթինգի նախագիծ, եւ այս ընթացքում բազմիցս բուռն քննարկման պատճառ է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում՝ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ, խմբակցությունները բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել՝ կապված խնդրահարույց կետերի հետ, եւ, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ մտահոգված էր նաեւ բանկային գաղտնիքին վերաբերող դրույթների շուրջ, որը եւս այս փաթեթի բաղկացուցիչ մասն է կազմում: Եվ ուշագրավ է, որ «Իմ քայլը» խմբակցությունը 68 էջից բաղկաղած առաջարկություններ է ներկայացրել նախագծի վերաբերյալ, եւ նախագծի վերջնական տեսքում էական փոփոխություններ են կատարվել: Կարելի է ասել՝ իշխող խմբակցությունը հիմնովին փոխել է կառավարության ներկայացրած նախագիծը: Ընդհանուր առմամբ, նախագծում մեծ լիազորություն է հատկացված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, եւ, օրինակ, ԲԴԽ անդամի լիազորությունները կարող են դադարեցվել միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ: Եվ ուշագրավ է, որ իշխող խմբակցության մտահոգությունները եւս կապված են բանկային գաղտնիքի դրույթի հետ: Իրենց գրավոր առաջարկներում այդ փոփոխության շուրջ մտահոգություններ հայտնել էր նաեւ ԲՀԿ խմբակցությունը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեմնի հովեկային կյանքից հետո հայաստանյան դիվանագիտական ծառայությունները արտակարգ ռեժիմով, 24- ժամյա հերթապահություններով աշխատում են: Հետաքրքրվեցինք նախորդ օրը Փաշինյանի մի արտահայտությամբ՝ որ այլ երկրներ չեն հայտարարում վարակվածների իրական տվյալները, դա դիվանագիտական «նոնսենս» չէ՞, ԱԳՆ մամլո խոսնակն ասաց․ «Վարչապետի հետ կապված հարցերով պետք է դիմեք կառավարությանը»: Դիմեցինք։ Կառավարության աղբյուրը խորհուրդ տվեց «ունկնդրել», այլ երկրների ղեկավարների ելույթները։ «Ասենք՝ պարոն Թրամփը կորոնավիրուսը համարում է «չայնի-ֆլյուոր»` չինական հիվանդություն, Բորիս Ջոնսոնն ընդհանրապես խորհուրդ տվեց, թե գնացեք-պատրաստվեք ձեր հարազատների մահվանը, այնպես որ, մեզ մոտ կազուսներ մի որոնեք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ փորձեցինք մոնիտորինգ անել, թե հայաստանյան էլիտայից ովքեր են մասնակցել նախորդ օրվա համահայկական աղոթքին։ Հոգեւոր դասն ու հավատացյալները վրդովված էն, որ նույն ժամին վարչապետն ուղիղ եթերում հարցազրույց է տվել։ «Կարող ենք, չէ՞, մտածել, որ պատահական չէր, որովհետեւ աղոթքի ժամի եւ օրվա մասին շատ կանխավ էր հայտարարվել»,- ասաց էջմիածնի միաբանը: Մասնակցե՞լ եք աղոթքին` ՖԲ-ով հարցրեցինք նախարարներին․ ԿԳՄՍ նախարարը կարդաց՝ չարձագանքեց, Արսեն Թորոսյանը չկարդաց: ԱԳՆ-ում տեղյակ չեն եղել, որ նման «միջոցառում» կա, իսկ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանն ասաց․ «Մենք այդ ժամին աշխատանքային քննարկման էինք»։ Ի՞նչ էիք քննարկում ժամը 7-ին։ «Կարեւոր հարցեր»: Կարող էիք, չէ՞, մի 5 րոպեով ընդհատել․ «Տեղյակ չենք եղել»: Եթե տեղյակ լինեիք, կաղոթեի՞ք։ «Կարծում եմ՝ պարոն Միրզոյանի վերջին ելույթում այդ հարցի պատասխանը կգտնեիք. նա ասաց` Աստված պահապան բոլորիս»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Կանադայից Հայաստան վերադարձած Մարիա Ղանաղունյանի` վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է: ՀԺ-ի հարցին ի պատասխան այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից: Ծառայողական քննության արդյունքում ոստիկանապետի հրամանով անձնագրային վարչության 1 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից, 2 աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական տույժի` խիստ նկատողության: Թե ովքեր են նրանք, ոստիկանությունից չասացին: Թերթի տեղեկություններով` վերջին 2 աշխատակիցները անձնագրային վարչության բաժնի պետեր են:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք արտահայտեց, թե ՌԴ-ում իրականացվող գործընթացները կրում են բացառապես իրավական բնույթ՝ անկախ նրանից, որ մեր ներպետական մակարդակում դա փորձում են ներկայացնել որպես քաղաքական մոտեցում: Նշենք, որ Հարությունյանի շուրջ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում: Մասնավորապես, 2020 մարտի 15-ին Հարությունյանը ՌԴ-ում հայտնաբերվել եւ ձերբակալվել էր, իսկ, ահա, ավելի ուշ՝ մարտի 16-ին, վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնել էր, որ նրան ՌԴ իրավապահները ազատ են արձակել: Այս իրավիճակից հետո ՀՔԾ-ն ոտքի կանգնեց եւ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարան, սակայն մարտի 17-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց այդ միջնորդությունը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով այս իրավիճակին, նշեց. «Այն երկար ու ծավալուն հաղորդագրությունները, որ անում է մեր իրավապահ համակարգը, զուրկ է որեւէ ապացույցներից եւ հիմնավորվածությունից, դա ներքին լսարանի եւ Հայաստանի հանրությանը քննության իմիտացիայի համար է, իսկ միջազգային ատյանները եւ այլ երկրները ոչ թե հայտարարություններին են ուշադրություն դարձնում, այլ այդ հայտարարությունների հիմքում դրված իրավական փաստարկներին եւ ապացույցներին, ինչը «Մարտի 1»-ի գործի շրջանակներում ամբողջությամբ բացակայում է»: Ի դեպ, սա Վահագն Հարությունյանին կալանավորելու չորրորդ միջնորդությունն էր, որ ներկայացվում էր դատարան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ կորոնավիրուսը վատ է անդրադարձել նաեւ ԲԴԽ-ի գործունեության վրա, կարելի է ասել՝ այստեղ անգործություն է տիրում։ 2 շաբաթից ավելի է՝ քննում ու չեն կողմնորոշվում՝ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցե՞լ, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ ամսվա սկզբին անդրադարձել էինք իշխանությունների սիրելի Հայկ Հովհաննիսյանի «Հատուկ կարծիքին», որը, ըստ մասնագետների, նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է՝ ընդհուպ ԲԴԽ անդամությունից զրկելը։ Այն պարունակում է քաղաքական կոչեր, հորդոր՝ ՍԴ որոշումը չկատարելու մասին, որով արձանագրվել էր դատավոր Արայիկ Մելքումյանի իրավունքների խախտումը։ Մարտի 3-ին ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետին հարցրել էինք՝ վարույթ հարուցվելո՞ւ է ԲԴԽ անդամի նկատմամբ, մեզ փոխանցել էին, թե «այս պահին» քննվում է վարույթ հարուցել-չհարուցելու հարցը։ Երեկ հետաքրքրվեցինք այդ քննության ճակատագրով, մեզ փոխանցեցին, որ դեռ որոշում չկա։ Ինչո՞ւ է այսքան ձգձգվում, այդքան բա՞րդ է որոշելը։ Վարչության պետը պատասխանեց, թե այլ առաջնահերթություններ կան, երկրում արտակարգ դրություն է հաստատված եւ այլն։ Իսկ թե կոնկրետ ինչ առաջնահերթ հարցերով է զբաղված ԲԴԽ-ն, չմանրամասնեց»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Որքան մոտենում են Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահի և խորհրդարանական ընտրությունները, այնքան այնտեղ կրքերը թեժանում են: Այս օրերին անգամ այնտեղ ցույցեր են տեղի ունենում, և ոստիկանությունը քաղաքացիների էր բերման ենթարկել, որոնք փակել էին ճանապարհը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպելու նպատակով, ինչի համար էլ ընդհարում է եղել: Եվ այս ֆոնին Արցախի ներսում համոզված են, որ նախագահական ընտրություններն առաջին փուլով չեն ավարտվելու, և արդեն երկրորդ փուլում միմյանց դեմ կպայքարեն ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանը, որի հովանավորը Արցախի հերոս Սամվել Բաբայանն է: Նման տեսակետ ունի նաև ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որն այս օրերին Արցախում էր գտնվում ու Սամվել Բաբայանի թիկունքն է պաշտպանում ընտրություններում: «Պարտադիր երկրորդ փուլ կլինի, իսկ երկրորդ փուլում կլինեն Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը: Մայիլյանը արցախցի է ու ունի իր ընտրողների զանգվածը, բայց Սամվել Բաբայանը որ «պադերշկա» է անում, դա արդեն բավականին պլյուս է», – նշեց նա: Հավելենք, որ Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մայիլյանին ՀՀ-ից սատարում է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր թիմով, որի մասին, սակայն, պաշտոնապես չի ասվում, ու դա արվում է «տակից»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանը ընթացիկ տարվա համար ձեռք է բերել թվով 2000 հատ կենցաղային թափոնների կոնտեյներներ։ Խոսքը մուգ կանաչ գույնի մեծ աղբամանների մասին է։ Ըստ այդ պաշտոնական փաստաթղթերի՝ դրանք, փաստորեն, արտադրվել են Լեհաստանում։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ մեկ աղբամանն արժեցել է 88 հազար 500 դրամ, իսկ ընդհանուր 2000 հատ աղբամանի համար վճարվել է 177 մլն դրամ։ Կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման համար քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Արտար Էկո Սերվիս» ընկերության հետ։ Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում ևս քաղաքապետարանը աղբամաններ էր ձեռք բերել Լեհաստանից»»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը սպառողների շահերը պաշտպանելու նկատառումով պատրաստվում է փոփոխություն կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և ավելացնել դրույթ, որով հեղուկ գազի վաճառքով զբաղվող ձեռնարկատերերին կպարտավորեցվի սպառողին ճշգրիտ տեղեկատվություն տալ վաճառվող հեղուկ գազի տեսակի և նշանակության մասին: Խնդիրն ան է, որ հեղուկ գազը լինում է կենցաղային և մեքենաների լիցքավորման համար, և դրանք իրենց տեխնիկական բնութագրերով էականորեն տարբերվում են իրարից: Հեղուկ գազով շահագործվող մեքենաների սեփականատերերը հաճախ են բողոքում, որ մեքենաները լիցքավորվում են կենցաղային գազով, որն առաջացնում է մեքենաների խափանումներ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրացական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ մեր հարևան երկիրը ևս կանգնած է տնտեսական կոլապսի առաջ: Վրացական լարին արժեզրկվում է ավելի արագ տեմպով, քան հայկական դրամը, խանութներում պարենային ճգնաժամ է, իսկ երկրի տնտեսության հիմնական ճյուղը դարձած զբոսաշրջությունը կաթվածահար է եղել և այս տարի դժվար թե վերականգնվի»:
«Փաստ» թերթը գրում է. «Հաճախ է խոսվում, որ կառավարության նիստերը բավականին երկար ու ձանձրալի են անցնում, նշվում է, որ քննարկվող հարցերի շուրջ ներկայացվում են տարբեր տեսակետներ, տեղի են ունենում խորքային բանավեճեր։ Անշուշտ, այլակարծությունն ինքնին դրական է եւ օգնում է գտնել լավագույն լուծումը: Սակայն փորձագետների համոզմամբ, դրանց համար կան կոմիտեների նիստեր ու այլ խողովակներ, եւ բուն կառավարության նիստում պետք է քննարկվեն առավել էական խնդիրները: Ըստ էության, կառավարության նիստերն այնպիսի տպավորություն են թողնում, որ ներկայացվող նախագծերը, որոնք իրականում ունեն լուրջ ու կարեւոր նշանակություն պետության կյանքը կանոնակարգելու համար, համապատասխան բովանդակային քննարկում չեն անցնում կառավարության նիստից առաջ տեղի ունեցող կոմիտեների նիստերում։ Ավելին, տեղեկություններ ենք ստանում, որ կոմիտեների աշխատանքները հավուր պատշաճի չեն կազմակերպվում, հաճախ անհրաժեշտ ներգրավվածություն հնարավոր չի լինում ապահովել։ Խոսքը ներկա փուլի մասին չէ, քանի որ ներկայումս գերծանրաբեռնված ռեժիմ է տիրում ողջ հանրապետության տարածքում, բոլոր պատկան մարմինների անելիքները կրկնապատկվել են: Խնդիրը առավել գլոբալ է եւ վերաբերում է ոչ արտակարգ ռեժիմով աշխատանքային շրջանին: Հենց դա է պատճառը, որ հաճախ ենք ականատես լինում, երբ կառավարության նիստի ժամանակ վարչապետը հորդորում է հարցը հետ տանել եւ հանգամանալից ու հանգիստ ռեժիմով քննարկել կոմիտեների նիստում։ Նիստերի ընթացքից պարզ է դառնում նաեւ, որ որոշակի խնդիրներ կան նաեւ վարչապետի հանձնարարականների կատարման վերաբերյալ, երբ մի քանի ամիս առաջ տրված հստակ հանձնարարականները որոշակի ժամանակ հետո մնում են անկատար, ավելին, կառավարության նիստերի ժամանակ ականատես ենք լինում տարբեր չինովնիկների կողմից տրվող անհասկանալի հիմնավորումների ու պարզաբանումների, որոնք, բնականաբար, կոշտ արձագանք են ստանում կառավարության ղեկավարի կողմից»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանում ակտիվորեն զբաղված են խունկ ծխելով: Սակայն դա արվում է ոչ որպես եկեղեցական ծիսական կարգ, այլ իբրև համալսարանի շենքի ախտահանման միջոց: Խնկի ծուխը երկակի նշանակություն ունի, այն ոչ միայն հակաբակտերային, այլ նաև չարքեր քշելու հատկություն ունի: Հնարավոր է, որ այս միջոցառումը ոչ միայն օգնի պաշտպանվել կորոնավիրուսից, այլ ի վերջո անցկացնել համալսարանի ռեկտորի ընտրություններ և ունենալ արժանավոր ռեկտոր»:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Սթրեսային իրավիճակում մարդն ավելի շատ է հակված ընդունելու նույնիսկ ամենաանհավանական տեղեկություններն ու մեկնաբանությունները։ Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ճգնաժամային իրավիճակում փոխվում են տեղեկատվության ուղիները, բացակայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ հստակ եւ բոլորին հասկանալի մեկնաբանությունները։ Հոգեկան անհավասարակշիռ վիճակում անձը կարող է ոչ համարժեք արձագանքել արտաքին ազդակներին, քանի որ թուլանում են մտածողության եւ վերլուծական մեխանիզմները։ Սակայն դրա հետ մեկտեղ, նման իրավիճակներում պարբերաբար հայտնվելու արդյունքում անձը ձեռք է բերում որոշակի փորձ, որի շնորհիվ էլ դառնում է ավելի սթրեսակայուն։ «Ներկա պայմաններում, երբ կորոնավիրուսի պանդեմիան արտակարգ իրավիճակ է պարտադրել մարդկությանը, այդ թվում՝ մեր երկրին, մարդը պետք է առավել մեծ հոգածության եւ պաշտպանության արժանանա։ Ցանկացած բարդ իրավիճակ կարելի է օգտագործել հօգուտ մեզ, իսկ դրա համար անհրաժեշտ է խրախուսել եւ ձեւավորել որոշակի վարքային մոդելներ։ Մարդիկ ավելի հաճախ հետեւում են իրենց համար հեղինակություն հանդիսացող անձի վարքին, քան նույնիսկ առողջ տրամաբանությանը։ Ներկա իրավիճակում պետք է աշխատենք առավել կարգապահ դարձնել մեր ժողովրդին, որպեսզի դա դրսեւորվի ոչ թե միայն համաճարակի ժամանակ, այլեւ դառնա մշտական վարքագիծ»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց արցախյան ազատամարտի մասնակից, ինֆորմացիոն-հոգեբանական պայքարի մասնագետ, ՀՀ ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Արթուր Պողոսյանը»։