24.11.2024
Ցնցումները նավթի շուկայում պարտադրում են ամբողջ ուշադրությունը սևեռել դեպի ԶՈՒ. փորձագետ
prev Նախորդ նորություն

Վրաստան-Ադրբեջան «միջանցքը» հենվում է տնտեսական և գեոպոլիտիկ շահերի վրա

Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիա-Կասպից ծով տարածաշրջանում պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնց թվում են ղարաբաղյան հակամարտությունը, թյուրքական ու իսլամական գործոնը, ինչպես նաև Ադրբեջանի գեոպոլիտիկ դիրքը տարածաշրջանում:


Ղարաբաղյան հակամարտության պատճառով ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները բացակայում են: Ադրբեջանը Հարավային Կովկասում իր հարաբերությունները կառուցում է հենվելով հենց այս հանգամանքի վրա՝ՀՀ-ի տարածաշրջանում մեկուսացնելու ու հնարավոր բոլոր տնտեսական նախագծերից դուրս թողնելու համատեքստում:


Այս առումով Ադրբեջանը տասնամյակներ շարունակ էներգետիկ-տրանսպորտային խորը հարաբերություններ է հաստատել իր հարևան Վրաստանի հետ, որպես կապող օղակի՝Թուրքիայի հետ: Վրաստանի տարածքով են անցնում ադրբեջանական նավթագազային, էներգետիկ խոշոր լոգիստիկ հզորություններն ու ճանապարհը դեպի Սև ծով ու վրացական նավահանգիստներ:


Վրաց-ադրբեջանական հարաբերությունների հիմքում Բաքվի համար ընկած է ՀՀ-ին մեկուսացնելու ու դեպի Թուրքիա ելքեր ունենալու ռազմավարությունը, ինչպես նաև Վրաստանում բնակվող ադրբեջանական համայնքին աջակցելու տրամաբանությունը: Տեղի ադրբեջանցիները պետք է լինեն բալանսավորող գործոն՝վրացահայ համայնքին ու Բաքվի լոբբիստները հանդիսանան Վրաստանի ներսում:


Վրաստանում գործում է Վրաստանի ադրբեջանցիների ազգային կոնգրես կազմակերպությունը, որը միավորում է տեղի ադրբեջանցիներին: Բաքվի ազդեցությունը հատկապես մեծ է Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում՝Քվեմո-Քարթլի, որն ադրբեջանցիներն անվանում են Բորչալու:


Բաքվի գեոպոլիտիկ շահերից է բխում Վրաստանում թյուրքական տարրի ամրապնդումը, այդ թվում իսլամական գործոնի ուժեղացումը Վրաստանի բոլոր շրջաններում՝այդ թվում Աջարիայում, որտեղ Անկարան տնտեսական և դեմոգրաֆիական էքսպանսիա է իրականացնում տասնամյակներ շարունակ:


Թուրք-ադրբեջանական տանդեմը նաև լոբբինգ է անում թուրք-մեսխեթցիների վերադարձը Ջավախք, ինչը սակայն չի բխում Վրաստանի ազգային-պետական շահերից ու Թբիլիսին մի շարք բյուրոկրատական խոչընդոտներ է ստեղծել թուրք-մեսխեթցիների վերադարձը Սամցխե-Ջավախեթիա կանխելու համար:


Նշենք, որ երկու երկրները ՎՈւԱՄ(Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) կազմակերպության անդամ են և միջազգային հարթակներում պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ՎՈւԱՄ-ը Արևմուտքի կողմից ընկալվում է, որպես այլընտրանք ԵԱՏՄ-ին: Դրան զուգահեռ, ամրապնդվում են երկկողմ ռազմական կապերը՝Բաքուն ու Թբիլիսին համատեղ զորավարժություններ են անցկացնում:


Վրաստանը տնտեսական դիվիդենտներ է քաղում իր տարածքով անցնող ադրբեջանական նավթագազային լոգիստիկայից, ինչպես նաև փորձում է վերածվել տարանցիկ միջանցքի նաև Կենտրոնական Ասիայի երկրների համար՝Արևելք-Արևմուտք միջանցքի շրջանակներում:


Վրաց-ադրբեջանական հարաբերություններում չնայած առկա որոշակի խնդիրների՝սահմանների հստակեցման առումով, Թբիլիսին ու Բաքուն շարունակելու են ամրապնդել երկկողմ կապերը՝շեշտը դնելով տնտեսական ու գեոպոլիտիկ ընդհանուր շահերի վրա:


Վրաց-ադրբեջանական կապերի խորացմամբ հետաքրքրված են նաև Թուրքիան՝դեպի Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա ելք ունենալու համար, ինչպես նաև Արևմուտքը՝ՌԴ-ն շրջանցող բոլոր միջանցքները կասպյան-կենտրոնականասիական տարածաշրջանից դեպի Եվրոպա անցնում են Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռանկյունով:


Վարդան Վարդանյան