Մերձավորարևելյան ռազմական հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցի փակումն աշխարհին սպառնում է ոչ միայն էներգետիկ, այլև գլոբալ պարենային ճգնաժամով: Վաշինգտոնի և Թեհրանի փոխադարձ վերջնագրերի ֆոնին հիմնական ռեսուրսների գները ռեկորդներ են սահմանում, իսկ համաշխարհային լոգիստիկ շղթաները կոլապսի եզրին են։
ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմն արդեն իսկ հանգեցրել է նավթի և գազի գների կտրուկ աճի, սակայն տնտեսական հետևանքները շատ ավելի ծավալուն են: ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) տվյալներով՝ նեղուցի արգելափակումը կաթվածահար է արել բնական գազից արտադրվող ազոտային պարարտանյութերի մատակարարումները: Այս ծովային միջանցքն ապահովում է նման արտադրանքի համաշխարհային առևտրի մոտ մեկ երրորդը: Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ մատակարարումների խափանումներն անխուսափելիորեն կհանգեցնեն պարենի պակասի և սննդամթերքի գների շեշտակի աճի, ինչից առաջին հերթին կտուժեն մոլորակի ամենաաղքատ պետությունները:
Թվերը հստակ ցույց են տալիս խնդրի մասշտաբները։ Պարսից ծոցի երկրները համաշխարհային շուկա են մատակարարում կարբամիդի գրեթե կեսը և ամոնիակի շուրջ 30 տոկոսը: Իրավիճակը բարդանում է նրանով, որ Կատարը, լինելով կարբամիդի առաջատար մատակարարներից մեկը, ստիպված է եղել ամբողջությամբ դադարեցնել արտադրությունը այն բանից հետո, երբ Ռաս Լաֆան արդյունաբերական գոտու ենթակառուցվածքները տուժել են իրանական հարվածներից: Թեև տարածաշրջանի այլ արտադրողներ շարունակում են բեռնել նավերը, փետրվարի վերջից արգելափակված նեղուցից դուրս գալ հաջողվել է միայն մեկ նավի: Որպես հետևանք, պարարտանյութերի բորսայական գներն արդեն իսկ աճել են 10-30 տոկոսով, իսկ մեկ տոննա կարբամիդի արժեքը 472 դոլարից հասել է գրեթե 600 դոլարի:
Տնտեսական ճգնաժամին զուգահեռ սրընթաց կերպով շիկանում է նաև աշխարհաքաղաքական իրավիճակը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին կոշտ վերջնագիր է ներկայացրել՝ տալով 48 ժամ Հորմուզի նեղուցի ամբողջական ապաշրջափակման համար և հակառակ դեպքում սպառնալով ոչնչացնել իրանական էլեկտրակայանները՝ սկսելով խոշորագույններից: Ի պատասխան՝ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել են «անշրջելի» վնաս հասցնել ողջ տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների էներգետիկ, նավթային, ՏՏ և աղազերծման ենթակառուցվածքներին:
«Եթե Միացյալ Նահանգների կողմից իրանական էլեկտրակայանների դեմ ուղղված սպառնալիքները կատարվեն (..), Հորմուզի նեղուցը լիովին կփակվի և չի վերաբացվի մինչև մեր վնասված էլեկտրակայանները չվերականգնվեն», - ասվում է Իրանի բանակի հրամանատարության հայտարարության մեջ, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ։
Այս աննախադեպ էսկալացիայի ֆոնին բրիտանացի քաղաքական գործիչ Ջորջ Գալոուեյը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ՝ պնդելով, որ Դոնալդ Թրամփը նյարդային խանգարում է ապրում: Գալոուեյը հրապարակավ կոչ է արել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և ամերիկյան զինվորականներին հեռացնել երկրի ղեկավարին իշխանությունից՝ ընդգծելով, որ Թրամփի մերձավոր շրջապատը տեղյակ է նրա վիճակի մասին: Նման հայտարարությունները միայն ավելի են մեծացնում լարվածությունն առանց այն էլ պայթյունավտանգ Մերձավոր Արևելքում: