Հայաստանի կառավարության հայատարությունները մի կողմից ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխության արդյունքում տնտեսվարող սուբյեկտի աշխատանքի արդյունավետության աճի, իսկ մյուս կողմից՝ Էլցանցերի պարտքերը մարելու համար գործադիրի անունից 30 տարով վարկ վերցնելու վերաբերյալ, մեղմ ասաց անհասկանլի են: Բացառված չէ, որ կառավարությունը թեպետ վարկը վերցնում է ՀԷՑ-ի պարտքերը մարելու նպատակով, սակայն տնտեսական դժվարություններից դրդված այն ուղղի այլ խնդիրների լուծման: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
Վարկ 30 տարով
Կառավարության փետրվարի 19-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Էներգետիկայի ոլորտի ընկերությունների ֆինանսական առողջացման» ծրագիրը, համաձայն որի Հայաստանի կառավարությունը Համաշախարհային բանկից վարկ է վերցնում՝ Հայկական էլեկտրական ցանցեր ընկերության պարտքերի մարման համար:
«Առաջարկվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Հայկական ատոմային էլեկտրակայան» եւ «Երեւանի ջերմաէլեկտրակայան» ՓԲԸ-ներին երկարաժամկետ եւ ցածր տոկոսով վարկային միջոցների տրամադրում, որը պայմանավորված է ՀԷՑ-ի կողմից ստացված էլեկտրաէներգիայի դիմաց չվճարումներով, ինչպես նաեւ «Նաիրիտ» եւ «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերություններին տրամադրված փոխառություններով»,- որոշման նախագիծը ներկայացնելուց ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ նշելով, որ վարկն արտոնյալ պայմաններով է տրամադրվում:
Վարկը տրամադրվում է 30 տարի ժամկետով, առաջին 14 տարին արտոնյալ պայմաներով, իսկ հետ 1.5 տոկոս տարեկան տոկոսադրույգով: «Սա արտոնյալ պայմաններով վարկ է, և այն հաստատ չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների թանկացման», - հավելեց Զախարյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց. «Մենք պարտք ենք վերցնում նախկինում ստեղծված պրոբլեմը լուծելու համար: Սա է խնդիրը»: Կառավարության ջանքերն, ըստ Աբրահամյանի, այսուհետ ուղղված են լինելու էներգետիկայի համակարգն աշխուժացնելուն:
Հատկանշական է, որ ո՛չ նիստում, եւ ո՛չ էլ նիստից հետո նախարարը չասաց, թե որքան են կազմելու վարկային միջոցները: Հարցին, թե ինչո՞ւ ՀԷՑ-ի չվճարած պարտքերի համար պետք է պետությունը վարկ վերցնի, Երվանդ Զախարյանը չպատասխանեց ու արագ հեռացավ:
Սակագները պետք է նվազեն
«Այն, որ հիմա խոսում կամ հիմնավորում են, թե վարկը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագիների բարձրացմանը, ու չեն խոսում սակագների նվազման մասին, անլուրջ է», - կարծում է Արտակ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ անցյալ տարի նույն կառավարության պնդումներով ՀԷՑ-ում մոտ 36 միլիարդ դրամի պարտք է առաջացել ոչ բարենպաստ եղանակային պայմանների և դոլար-դրամ փոխարժեի տատանումների արդյունքում:
«36 միլիարդից 12 միլիարդը 2014-ին սակագնի բարձրացումով փակեցին, 2015 թվականին հոսանքի թանկացումը 7 դրամով հիմնավորում էին՝ 24 միլիարդ դրամ պարտքն արագացված տեմպերով կփակենք, եւ այլեւս պարտք չի լինի: Ստացվում է, որ այ գումարը մարելուց հետո, ինչ պետք է տեղի ունենա 2016-ի օգոստոսին, ՀՀ բնակչությունը պետք է ակնկալի սակագների իջեցում: Այս մասին հայտարարել էր նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ընդհանրապես, սակագնի բարձրացման մասին խոսք լինել չի կարող, բազմաթիվ գործոններ կան, որոնք ազդում են սակագնի նվազման վրա», - նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ այս պայմաններում խոսել վարկ վերցնելու և սակագներ չբաձրանալու մասին «անտրամաբանական և անհասկանալի է»:
Փորձագետը հիշեց նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հայտարարություններն առ այն, որ վերջին շրջանում ՀԷՑ-ի կառավարումը լավացել է, այն ավելի արդյունավետ է աշխատում, իսկ կորուստները նվազել են: «ՀԷՑ-ն արդեն նոր սեփականատերն է կառավարում, ինչը հանգեցրել է կորուստների կրճատմանը: 11.1 տոկոս կորուստ ունենք, նախկին 12.73 տոկոսի դիմաց», - ասել էր այս տարվա հունվարին
Երվանդ Զախարյանն իր ամփոփիչ մամլո ասուլիսին:
«Եթե մենջմենթը լավացել է, իսկ կորուստները՝ նվազել, նշանակում է շուկայում մոնոպոլ դիրք ունեցող ՀԷՑ-ի ներքին արդյունավետությունն է բարձրանում: Իսկ սա նշանակում է, որ այդ կազմակերպությունը շահույթ է ստանում կամ այդ շահույթն ավելանում է: Ուստի անհասկանալի է, թե ինչու պետք է կառավարությունն այդ կազմակերպության համար վարկ վերցնի այն էլ 30 տարով», - հարց ուղղեց փորձագետը՝ հավելելով, որ մասնավոր ընկերության համար պետությունն, իհարկե, կարող վարկ վերցնել և դա նորմալ է, սակայն միայն կարճաժամկետ ու շուկայում հստակ բացասական միտումների առկայության պարագայում:
Համաշխարհային բանկի գործոնը
Ըստ Մանուկյանի, հաշվի առնելով այն, որ համաձայն բոլոր ցուցանիշների ՀԷՑ-ն օբյեկտիվորեն նոր վարկային միջոցներ ներգրավելու կարիք չպետք է ունենա, նաև այն, որ չի նշվում Համաշխարհային բանկից վերցվող վարկի չափը, բացառված չէ, որ այն վերցվում է այլ ծախսեր իրականացնելու համար:
«Ամորֆ նպատակով վարկ վերցնելն անընդունելի է», - ասաց նա՝ հավելելով, որ անհասկանելի է նաև, թե ինչու հենց Համաշխարհային բանկից է վարկ վերցվում: «Ինքս ժամեր շարունակ Հայաստանին նոր պարտք տալու մասին տեղեկատվություն եմ փնտրել Համաշխարհային բանկի կայքում, սակայն ոչինչ չեմ գտել: Կասկածելի է, որ նման մասշտաբի գործարքի մասին Համաշխարհային բանկը տեղեկատվություն չի տրամադրում, չնայած պնդումներին, թե այդ կառույցը ամենաթափանցիկներից է», - ասաց տնտեսագետը։
Նրա կարծիքով էներգետիկայի ոլորտը Համաշխարհային բանկի՝ վարկերով սնուցելու գործոնը կարող է երկակի նպատակ ունենալ: «Նախ վարկը քաղաքական ազդեցության միջոց է կամ լծակ: Իսկ երկրորդ, այդ կառույց հանդես է գալիս ՋԷԿ-երի ուժեղացման և Ատոմակայանի փակման օգտին: Սակայն անհասկանլի կերպով չի խոսում այլընտրանքային էներգետիկայի (քամի, արև) զարգացման հնարավորությունների մասին, ինչը Հայաստանում զարգացնելու ներուժ կա», - եզրափակեց
Արտակ Մանուկյանը:
Վերջապես հարց է ծագում՝ ո՞ւմ էր պետք էլեկտրաէներգիայի սակագների բարձրաձման դեմ երկշաբաթյան անընդմեջ ցույցերը Երևանի կենտրոնում անցյալ տարի ամռանը, եթե սակագներն իրականում բարձրացվեցին, ՀԷՑ-ը վաճառվեց, իսկ կառավարությունը վարկային պատավորություններ է վերցնում Էլցանցերի պարտքերը մարելու համար: