Հայաստանի հանրապետական կուսակցության Խորհրդի 3 անդամ՝ Լեռնիկ Ալեքսանյանը, Ֆիրդուս Զաքարյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը լքել են ՀՀԿ շարքերը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նրանք ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին մեղադրում են կուսակցությունում քրեաօլիգարխիկ բարքերի ամրապնդման մեջ։
Լեռնիկ Ալեքսանյանը հայտնել է, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմումը գրել են դեռ հունվարի 13-ին։ Որպես պատճառ նա նշել է, որ ՀՀԿ ղեկավարությունն այն քաղաքականությունը չէր վարում, որը պետք էր:
«Կուսակցությունը դարձել էր պրոֆմիություն, քրեաօլիգարխիկ համակարգի դարձրած, որ կուսակցության մեջ ներխուժեցին, եկան շատ-շատերը, որոնք կուսակցության գաղափարախոսության, քաղաքականության հետ կապ չունեն, կուսակցության մեջ գրավեցին բավականին բարձր դիրքեր»,- ասել է նա։
«Մենք կուսակցությունից դժգոհ չենք, ոչ էլ կուսակցության գաղափարախոսությունից, և այդ կուսակցությանը մենք նվիրել ենք մեր ջահելությունը, և ցավով ենք կուսակցությունից դուրս եկել։ Բայց վերջին շրջանում ղեկավարությունը՝ ի նկատի ունեմ նաև Սերժ Սարգսյանին, որ էդ կուսակցության մեջ, ներկուսակցական կյանքում քննարկումներ չէր կատարվում, խորհրդի նիստեր չէր գումարում, կուսակցականների փոխարեն կարծիք էր ասում ղեկավարության կողմից, որոնց հետ շատ-շատերը համաձայն չէին, և վերածվեց մի մարդու կարծիքը ասելու, մի մարդու, մի քանի մարդու, դա կուսակցության կարծիքը չէր», - հայտարարել է Ալեքսանյանը:
ՀՀԿ իշխանության տարիներին Ալեքսանայնը եղել է ԱԺ պատգամավոր, Զաքարյանը եղել է տարածքային կառավարման փոխնախարար, Մարտիրոսյանը՝ սոցապնախարար: