23.11.2024
Բաքուն հնարավորություն չունի լայնածավալ պատերազմ վարելու Ղարաբաղի դեմ
prev Նախորդ նորություն

Արամ Առաջին. Տկար Հայաստանը չի կարող ազգի իրավունքների պահանջատերը դառնալ

Տկար, մեկուսացած ու անկազմակերպ Հայաստանը չի կարող մեր ազգի իրավունքների պահանջատերը դառնալ: Փետրվարի 13-14-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-ամյակի արժեւորմանը նվիրված համագումարի եզրափակիչ նիստի ժամանակ ունեված ելույթում նման հայտարարություն է արել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտնում է Արմթայմսը:

«Տկար, մեկուսացած ու անկազմակերպ Հայաստանը չի կարող մեր ազգի իրավունքների պահանջատերը դառնալ, չի կարող հարգանք պարտադրել ու լսելի դառնալ միջազգային համայնքում։ Հետեւաբար Հայաստանի հզորացումը իր տնտեսական, զինվորական եւ այլ բնագավառներով հրամայական անհրաժեշտություն է։ Այս իրագործելու համար արտագաղթի կասեցումը, կոռուպցիայի վերացումը ու Սփյուռքի առավել կազմակերպ զորակցությունը Հայաստանի համար կենսական են»,-ասել է Արամ Առաջինը:

Նրա խոսքով, համահայկական մտածողության ու գործելակերպի մշակումը պիտի նպաստի թե՛ Հայաստանի հզորացմանը, թե՛ մեր ազգի միասնականության ամրապնդմանը եւ թե ազգային պահանջատիրությանը: Նման մոտեցումը, կաթողիկոսի խոսքով, նախ ենթադրում է մեր ժողովրդի ներքին դրվածքի, կացության ու հնարավորությունների, ինչպես նաեւ ներկա աշխարհաքաղաքական պայմանների իրատես արժեւորում:

«Ազգային պահանջատիրությունն իր նեղ շրջագծի մեջ պետք չէ դիտել։ Ազգային պահանջատիրություն նշանակում է որպես ազգ ու հայրենիք ինքնահաստատում ու ինքնահզորացում, գոյության ամրացում, կյանքի բարգավաճում եւ մեր բռնաբարված իրավունքների վերականգնում ու միջազգային համայնքի ներսում մեր ազգի ու հայրենիքի ներկայության ամրապնդում»,-ասել է կաթողիկոսը։

Միաժամանակ, նա Արցախի անկախության առավել ամրապնդումը մեր ազգային պահանջատիրության կարեւոր կողմերից մեկն է համարել: «Չմոռանանք, որ նույնիսկ մեզ բարեկամ նկատվող երկրները, իրենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով այնքան էլ մեզ համար նպաստավոր մոտեցումներ չունեն Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ։ Հետեւաբար, պետք է արթուն լինել: Ղարաբաղի մեջ մեր ժողովրդի ֆիզիկական ներկայությունը հրամայական է, Ղարաբաղի մեր քաջ բանակի հզորացումը մեր բոլորի առաջնահերթ պարտավորությունն է։ Ուրիշների ունեցած նյութական կամ ռազմական լայն հնարավորությունների դիմաց՝ մենք ունենք մեր երիտասարդ զինվորների քաջությունը եւ մեր ազգի ամբողջական զորակցությունը»,- նշել է Արամ Առաջինը:

«Սփյուռքում անցնող 100 տարիների ընթացքում մեզ համար Հայաստանն ու հայությունը մնացին գերագույն արժեք։ Այս ոգով մենք կազմավորվեցինք։ Ազգերը զորանում ու գոյատեւում են պատմության փոթորիկների մեջ, երբ ունենում են իրենց կյանքում «ամեն բանից վերը»: Մեր ժողովուրդին «ամեն բանից վերը» Հայաստանն է ու հայությունը: Մենք այս խոր գիտակցությամբ պիտի մտածենք ու գործենք: Այս շրջագծից ներս Հայաստան-Սփյուռք գործակցությունը մենք համարում ենք հիմնական», - ասել է նա:

Ճիշտ է, անցնող 25 տարիների ընթացքում թե՛ Հայաստանի եւ թե Սփյուռքի կողմից գործակցության ճամբով իրար մոտենալու ուղղությամբ կարեւոր քայլեր են կատարվել, սակայն բավարար չեն. տակավին այստեղ ու այնտեղ համեցող որոշ մտածողություն կամ մոտեցում կա, որի պատճառով Հայաստանն ու Սփյուռքն իրենց մտածելակերպով ու գործելակերպով տակավին ամբողջությամբ ներդաշնակված չեն. ա՛յդ է որ պետք է փոխվի: Ճիշտ է, ինչպես պարոն նախագահն ասաց՝ ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղից չհեռանան մեր զավակները. մենք ուզում ենք շարունակել այս հանձնառու մոտեցումը՝ ավելացնելով, ստեղծել այնպիսի՛ Հայաստան, զարգացնել այնպիսի՛ մտածողություն, մշակել այնպիսի՛ գործելակերպ, որ կարելի լինի պայմանների պարտադրանքով Հայաստանից հեռացած եւ Սփյուռք դարձած մեր ժողովրդի զավակները ներգրավել եւ մեր ժողովրդի միասնականությունն ավելի ամրապնդել»: