23.11.2024
Անհրաժեշտ է վերադառնալ Ղարաբաղի շուրջ բանակցությունների եռակողմ ձևաչափին
prev Նախորդ նորություն

Բաքուն հնարավորություն չունի լայնածավալ պատերազմ վարելու Ղարաբաղի դեմ

Ադրբեջանը հնարավորություն չունի լայնածավալ պատերազմ մղելու Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ: Իսկ ապշերոնյան հանրապետության մեծ ռազմական բյուջեն շատ դեպքերում «օճառի պղպջակ» է: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նրա խոսքով, Բաքուն իրոք վերջին տարիներին միլիարդներ է ծախսել ռազմական նպատակներով, սակայն այդպես էլ չի կարողացել ռազմավարական գերակշռության հասնել: Պատճառը գումարների ոչ արդյունավետ օգտագործումն է, ինչպես նաև ղարաբաղյան ճակատից բացի Բաքուն ունի սպառնալիքներ Կասպից ծովում և Իրանի կողմից:

«Ադրբեջանն այսօր ստիպված է ռազմա-ծովային ուժեր պահել Կասպից ծովում, ինչը բավականին թանկ հաճույք է: Սխալ է կարծել, թե Բաքուն իր նավթադոլարները ծախսում է միայն ՀՀ-ի ու ԼՂՀ-ի սահմանների պաշտպանության համար»,-նշել է նախկին նախարարը:

Ինչ վերաբերվում է ուժերի ռազմավարական բալանսին, ապա, ըստ Հարությունյանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարակշռությունը պահպանվում է: «Բանն այն է, որ Բաքուն ժամանանակից ռազմական տեխնիկան է գնում շուկայական գներով, ՀՀ-ը էլ դրանք ձեռք է բերում արտոնյալ գներով: Շատ կարևոր է նաև անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը և մարտական պատրաստվածությունը: Այդ բոլոր չափանիշներով հայկական զինված ուժերը գերազանցում են հակառակորդի բանակը»,-նշել է նա:

Վաղարշակ Հարությունյանը չի բացառել, որ Ադրբեջանը հետագայում ևս շարունակելու է շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունը հայկական կողմերի նկատմամբ: «Այդ գործողություններով Բաքուն իրեն փակուղի է մտցրել: Ակնհայտ է, որ հայկական կողմը ոչ մի զիջումների չի գնա: Տարածքային զիջումները երբեք չեն հանգեցնում պատերազմի դադարեցմանը, ինչի մասին են վկայում արաբա-իսրայելական պատերազմների փորձը»,-հավելել է նա: