24.11.2024
Այս ընտրություններն ունեն չափազանց կարևոր համապետական նշանակություն. Արցախի նախագահ
prev Նախորդ նորություն

ՀՀ դեսպանը դիմել է ՌԴ դատախազություն՝ սումգայիթյան ջարդերի մասին հոդվածի առնչությամբ

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազություն՝ «Независимая газета»-ում սումգայիթյան ջարդերի մասին հոդվածի առնչությամբ: Այս մասին դեսպանը հայտարարել է «Говорит Москва»-ին տված հարցազրույցում:


Դեսպանը պահանջել է, որպեսզի ստուգվեն ազգային ատելության, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության հրահրման փաստերը:


«Մենք չենք պահանջի «Независимая газета»-ից հերքում, քանի որ այն, ինչ կար թերթում, համարում ենք սրբապղծություն, վայրի և քրեորեն պատժելի: Առաջին հերթին պատասխանատվություն է կրում թերթը, որը համարվում է լիցենզավորված ընկերություն: Այն ունի ԶԼՄ-ի լիցենզիա և փաստացի, մեր իրավաբանների կարծիքով, այնտեղ առկա է ԶԼՄ-ի մասին օրենքի ակնհայտ խախտում»,- նշել է դեսպանը՝ ընդգծելով, որ հրապարակման մեջ առկա է քրեական հոդվածների մի մեծ փունջ:


Բացի այս, Տողանյանը նաև կասկածի տակ է դրել այն փաստաթղթերը, որոնց մասին հիշատակել է հոդվածի հեղինակ Լև Ասկերովը: 


«Ես չգիտեմ, թե ինչ արխիվային նյութերի մասին է խոսքը: Հատուկ ծառայությունների մոտ, երևի, կան տարբեր նյութեր: Թե որքանով են դրանք լուրջ, որքանով է 5 կոպեկի հասարակ մատնություն, դժվար է ասել: Մենք գիտենք, թե ինչպես է ներկայում խեղաթյուրվում պատմությունը և ոչ միայն 20-րդ դարի: Եվ մենք հասկանում ենք, որ այն, ինչ հարմար է, կարելի է գտնել արխիվներում, և այս կամ այն նյութերն առանձին գործերում, կարելի է վերցնել և օգտագործել»:


Տողանյանը դիմել է նաև ՌԴ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության ֆեդերալ ծառայություն («Роскомнадзор»), քանի որ պետք է հասկանալ, որ այս դեպքում խոսքը սովորական զրպարտության, միմյանց նկատմամբ ատելության հրահրման մասին է: