23.11.2024
Ժամանակն է արմատապես վերանայել մեր բանակցային մոտեցումները. Մելիքյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Վանեցյանի «կոռուպցիոներ» քեռին՝ ՊԵԿ-ում միավորված բաժնի պետ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քեռին հայտնի զարգացումներից հետո ոչ միայն շարունակում է աշխատել ՊԵԿ-ում, այլև օրերս ՊԵԿ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում դարձել է միավորված բաժնի պետ։ Արթուր Վանեցյանի քեռին՝ Արամ Ազարյանը, ավելի վաղ զբաղեցնում էր Արարատյան մաքսատան բաժնի պետի պաշտոնը։ Ազարյանը նախկինում էլ է աշխատել հարկային ու մաքսային համակարգում, երկար տարիներ հարկային տեսուչ է եղել, եղել է Արաբկիրի հարկայինում և այդ ժամանակահատվածում հասցրել է մի քանի անգամ հեռացվել աշխատանքից կոռուպցիոն սկանդալների կենտրոնում հայտնվելու պատճառով, սակայն մշտապես գտնվել են մարդիկ, որոնք միջնորդել են նրան աշխատանքի վերականգնելու հարցում: Մասնավորապես, նրա քույրը՝ Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, որը երկար տարիներ աշխատել է նախագահականում, զբաղեցրել է կադրերի վարչության պետի պաշտոնը, իսկ հեղափոխությունից հետո՝ նաև քրոջ որդին։ Իսկ թե Վանեցյանի պաշտոնանկությունից հետո ով է նպաստում Ազարյանի կարիերայի աճին և ինչու, հասկանալի չէ»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Քանի որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության մասին փաստի հրապարակումը նման կրքեր է հարուցել, խմբագրություն են դիմում տարբեր մարդիկ եւ պաշտոնյաներ, այդ թվում՝ Պապիկյանի կենսագրությունից «բացակայող» փաստեր են ներկայացնում։ Պապիկյանի պաշտոնական կենսագրականում ներկայացված է ԵՊՀ-ում սովորելու տարիների հասարակական գործունեությունը: Նշված է, որ 2009-2011թթ. գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, իսկ 2011-ին պարգեւատրվել է ԵՊՀ ուսխորհրդի արծաթապատ մեդալով: Մինչդեռ Պապիկյանն իր կենսագրության մեջ «մոռացել է» նշել մի ուշագրավ փաստ եւս՝ նա եղել է Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկի՝ Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) ստեղծած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի պատմաբանների ակումբի անդամ: Այդ հիմնադրամի միջոցով Բեգլարյանը ֆինանսավորում էր ակտիվ երիտասարդներին:


Դա մի յուրօրինակ «Բազե-2» էր, այսինքն՝ այն երիտասարդները, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին կարողանում ՀՀԿ-ական «Բազե»-ի շարքերում հայտնվել, ընդգրկվում էին այստեղ: Մենք զրուցեցինք «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանի հետ։ Նա ասաց․ «Պապիկյան Սուրենը մեզ մոտ հաճախել է որպես մեր շահառու։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում միշտ լավ սովորող, ազգային նկարագիր ունեցող ուսանողներին ֆինանսավորել է՝ մրցութային կարգով։ Այսինքն՝ ուսանողները եկել են, մենք մրցույթ ենք հայտարարել, հարցազրույց են անցել, հարցաշար են լրացրել, ազգային թեմաներով ռեֆերատներ են գրել եւ շահել են իրենց ուսման վարձերը։ Պապիկյան Սուրենին ես շատ լավ հիշում եմ, նա շատ ազգային, շատ լավ դիմագիծ ունեցող երիտասարդ է եղել»։ Այսինքն, Բարսեղ Բեգլարյա՞նն է ֆինանսավորել հիմնադրամը։ «Բարսեղ Բեգլարյանն այս հիմնադրամի ստեղծողն է, ի սկզբանե՝ 2007 թվականից, երբ ստեղծվել է հիմնադրամը, ինքն է ֆինանսավորում առայսօր»,- պատասխանեց նա»: 


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լքել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ որոշել է այլեւս որեւէ քաղաքական կամ հասարակական գործունեությամբ չզբաղվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախկին ոստիկանապետը հայտարարեց, թե հիասթափված է այն իրավիճակից, որն այսօր առկա է: «Այո, դուրս եմ եկել, որեւէ ընդհարում չկա, ոչ մի բան չի եղել, ուղղակի ես չեմ ուզում կուսակցության աշխատանքով զբաղվել, տարիքս էլ չի ներում, առողջականս էլ չի ներում, տրամադրությունս էլ այդպիսին չի, վաղուց էի որոշել: Գնացել եմ, դիմում եմ գրել, դուրս եմ եկել, շատ նորմալ, շատ բարիդրացիական ցտեսություն եմ ասել, ոչ մի հակասություն չի եղել: Հավատացե՛ք, ընդհարում չի եղել ու չի կարող լինել. եթե նման բան լիներ, ապա ես առաջինը դրա մասին կխոսեի: Ես ուղղակի վաղուց էի որոշել»: Միեւնույն ժամանակ Ալիկ Սարգսյանը, կարծես թե, ընկճված էր եւ կոչ արեց մոռանալ իրեն, քանի որ ամեն ինչից հոգնել է: «Չեմ ուզում՝ որեւէ բան իմ մասին գրվի. դրանք հերյուրանքներ են, որ տարածվում են, սուտը, շանտաժը, զրպարտանքը շատ-շատ է, ինչ-որ հակասական տեղեկություններ են հրապարակվում: Չգիտեմ, հոգնել եմ այդ ամենից, այս չարախոսությունից, ուղղակի հոգնել եմ»,- հավելեց նա: Հավելենք, որ «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրված նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունում վերջին շրջանում բավականին անհասկանալի իրավիճակ է։ Պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քարամյանն աստիճանաբար ազատվում է նախկին կադրերից՝ փնտրելով նորերը։ Մենք տեղեկացանք, որ օրերս աշխատանքից ազատվել է նաև ՊՎԾ վարչության պետի պաշտոն զբաղեցնող Հասմիկ Հունանյանը։ Նա, մեզ հասած տեղեկություններով, գործարար է և 4-րդ գյուղի տարածքում կպչուն ժապավենի արտադրության գործարան ունի՝ «Սանտամոնիկա» ՍՊԸ»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու տարվա կտրվածքով մենք իրավաբանության եւ արդարադատության դեմ բազմաթիվ ոտնձգություններ ենք տեսել։ Անմեղության կանխավարկածի, արդար եւ ողջամիտ դատաքննության, նախաքննության գաղտնիքի ոտնահարման հարյուրավոր օրինակներ։ Այդ ոտնձգությունների հեղինակների ցանկում առաջատարներից մեկը, իհարկե, Սասուն Խաչատրյանն է՝ քրեական իրավունքի մասնագետ, վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Մհեր Խաչատրյանի որդին եւ Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացրել էինք, որ անցած տարի ընդամենը 4 ամսում ՊԵԿ գլխավոր օպերլիազորից պետի տեղակալ դարձած Սերժ Սարգսյանի օգնականի թոռը, ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության վարչության պետ Տիգրան Զաքարյանի որդին՝ Նարեկ Զաքարյանը, ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ավելի ցածր օղակում որպես տեսուչ։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն, չի թողել, որ կրտսեր Զաքարյանը նեղվի պաշտոնի իջեցումից, և օրերս մեկ այլ հրամանով Նարեկ Զաքարյանին շնորհվել է հարկային ծառայողի կապիտանի կոչում։ Համեմատության համար նշենք, որ ՊԵԿ երկարաբնակ աշխատողները այս կոչմանը չեն հասնում անգամ 10 և ավելի տարի ՊԵԿ-ում աշխատելուց հետո։ Հենց այս փաստը վրդովեցրել է ՊԵԿ բազմաթիվ աշխատողների, որ 26 տարեկան երիտասարդը կարող է արտահերթ կապիտանի կոչում ստանալ, իսկ իրենք՝ ոչ։ Նշենք, որ կոչումը ենթադրում է աշխատավարձի հավելագրում, դե իսկ ՊԵԿ-ում նաև հսկայական պարգևավճարներ։ Ասում են՝ Անանյանը այսպիսով իր շնորհակալությունն է հայտնել Զաքարյաններին, որոնց էլ նա է պարտական»։


«Փաստ» թերթը գրում է. «Երեկ կառավարությունը որոշեց ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի կազմակերպման նպատակով հատկացնել 3 մլրդ 447 մլն դրամ։ Փաստացի, ՍԴ յոթ դատավորի փոխելու, իմա՝ մեկ անձի ամբիցիաների բավարարման համար կառավարությունը բոլորիս հաշվին մոտ 7,2 միլոն դոլար է տրամադրում, ինչն արդեն իսկ սուր քննադատության է արժանացել հասարակության մեծամասնության շրջանում: Տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում 3,5 միլիարդը տնտեսության համար բավականին լուրջ գումար է համարում։ Համեմատության համար նա մի շարք օրինակներ բերեց ու շեշտեց, որ այդ գումարը կարելի էր ուղղել սոցիալական բազում ծրագրերի։ Նա շեշտեց, որ այդքան գումարով հնարավոր կլիներ նաեւ շուրջ 10 տոկոսով բարձրացնել աղքատության նպաստները։ Ի դեպ, վարչապետն ասել էր, թե «էդ ծախսվող գումարն ի վերջո էլի ներհոսելու է տնտեսություն»: Այս առումով Ավետիսյանը խիստ վտանգավոր է համարում նման «արդարացումը»: «Իրականում սա անարդյունք ծախս է։ Իսկ նման պնդումները շատ խնդրահարույց ու վտանգավոր են։ Ինչո՞ւ, որովհետեւ այդ պարագայում պետական բյուջեի ցանկացած մսխում, անարդյունավետ, աննպատակ քայլի ծախսային յուրաքանչյուր հետեւանք կարելի է այդ մոտեցմամբ հիմնավորել։ Եթե այդ մոտեցման տեսանկյունից դիտարկենք, ուրեմն ընդհանրապես չպետք է խոսենք արդյունավետության ու առաջնահերթությունների մասին։ Ի վերջո, պետական բյուջեից գողացված գումարներն էլ են այս կամ այն ձեւով մտնում տնտեսություն։ Կարելի՞ է արդյոք վերոնշյալ կերպով հիմնավորել ու ասել, որ այդ գումարները կնպաստեն տնտեսական զարգացմանը»։


«Փաստ» թերթը գրում է. «Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ ՌԴ իրավապահ համակարգում աշխատող հայազգի (եւ ոչ միայն) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից։ «Փաստ» թերթի մոսկովյան աղբյուրը փոխանցել է, որ ռուսական շրջանակներում նոր «չիստկա» է սկսվում, եւ առաջիկայում հնարավոր է այդ շղթան ընդարձակվի։ Թերթի տեղեկություններով, արդեն կայացած ու չբացառվող ազատումների այս շղթայով լրջորեն մտահոգված են նաեւ ՀՀ նախորդ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք գտնվում են ՌԴ-ում եւ որոնց հետ կապված Հայաստանում գործեր կան հարուցված։ Բանն այն է, որ մտավախություն ունեն, թե իրենց՝ Հայաստանի իրավապահներին հանձնելու թեման նորից կարող է «թարմանալ» այս ֆոնին: Խնդիրն այս պարագայում ոչ միայն ռուսաստանյան կոնկրետ պաշտոնյաների, այլեւ նրանց հետ փոխկապակցված որոշ անձանց դիրքերի հավանական թուլացումն է»:


«Ժողովուրդ» օթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փետրվարի 17-ին տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ՀՀ պաշտոնյաները մեկը մյուսի հետեւից Արցախ են մեկնում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վաղը՝ փետրվարի 22-ին, Արցախ կմեկնի նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի մոտ բանակում վերջին օրերի մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցություն էր տեղի ունեցել՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի եւ ուժային կառույցների այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ հանդիպման ժամանակ՝ իրավիճակը քննարկելուց հետո, Նիկոլ Փաշինյանը ներկաներին հորդորել է մեկնել Արցախ եւ հենց տեղում հանգամանքներին ծանոթանալ ու քննություն իրականացնել: Եվ այդ խորհրդակցությունից հետո Արցախ մեկնեցին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու զինվորական դատախազ Վահե Հարությունյանը


Օրաթերթին տեղեկություններ են հայտնի դարձել՝ առաջիկայում ՊԲ-ում սպասվող պաշտոնանկությունների հետ կապված: Ինչպես հայտնի է, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանի հարցն արդեն որոշված է, եւ, մեր տեղեկություններով, պաշտոնական հրամանի բացակայությունը միայն տեխնիկական հարց է, եւ նախատեսված է այն հրապարակել Արցախում առաջիկա օրերին կայանալիք Անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ նիստից հետո ազատումները չեն սահմանափակվելու միայն ՊԲ հրամանատարով, եւ առաջիկայում հրաժարականներ կտան նաեւ զորամասի հրամանատարները, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալները, ինչպես նաեւ ուսումնական գծով այն պաշտոնյաները, որոնց գիտելիքները համապատասխան չեն: Նման քննարկում եւ որոշում է կայացվել ՀՀ դատախազ Արթուր Դավթյանի եւ ՊԲ հրամանատարության հետ հանդիպումից հետո: Այսինքն՝ առաջիկայում ազատումների ալիքը կհասնի նաեւ ՊԲ: Եվ հիմա Արցախում եւ Հայաստանում ներքին քննարկումներ են, թե է՛լ ովքեր կարող են ազատվել իրենց պաշտոններից. «թիրախում» է նաեւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը: Հավելենք նաեւ, որ Ռազմական ոստիկանության պետի պարտականություններն այսօր ստանձնելու է ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը տեղի կունենա փետրվարի 22-23-ին։ Այս անգամ եւս կանցկացվի մեզ մոտ` Ստեփանակերտում, ու այնպես չէ, որ այն ֆորսմաժորային է` կապված վերջերս բանակում տեղի ունեցած միջադեպերի, կադրային շարժերի հետ: Օրակարգում այդ հարցերն ընդգրկված են, բայց նիստը պլանավորված է` հերթականն է։ Բացի այդ հարցերից, կքննարկվի նաեւ ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերի հարցը, մասնավորապես հարավով անցնող Հադրութ-Ջաբրայիլ-Գորիս՝ մեծ կարեւորություն ներկայացնող ճանապարհի խնդիրը, թե որ փուլում է գտնվում այն»,- ասաց արցախյան աղբյուրը: Արցախի ներքաղաքական, ընտրությունների հարցերը չե՞ն քննարկվելու․ տեսակետ կա, որ միտինգներ, սրացումներ են սպասվում։ «Չկա նման բան, հարցն էլ ներառված չէ օրակարգում, այլ հարց է, որ ընտրությունների բուն օրերին, սպասվող երկրորդ փուլի հետ կապված՝ հնարավոր է սահմանում ռիսկային` լարված վիճակ լինի, ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի հետ կապված, ինչն էլ մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է»: Բայց չէ՞ որ ընտրությունների ժամանակ փոխադարձ պայմանավորվածություններ են գործել` չկրակելու եւ այլնի մասով։ «Տարածաշրջանում բավականին բարդ, անկանխատեսելի իրավիճակ է։ Մեր 2 երկրների ԱԽ համատեղ նիստերն այդ առումով նաեւ ուրույն մեսիջ են բոլորին»:


«Իրատես» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում միմյանց վրա «գործ տալու» սովորությունն անպատկերացնելի չափերի է հասել։ Տարբեր նախարարությունների աշխատակիցներ բողոքում են, թե էլ չեն կարողանում աշխատել այդ մթնոլորտում, մի բառ չեն կարողանում խոսել, «ծածկագիրն» անմիջապես դրվում է վերադասի սեղանին։ Ավելին, դրան զուգահեռ «վհուկների որս» է սկսվում այն բանից հետո, երբ այս կամ այն բաժնում հայտնաբերվում են ընդդիմադիր հայացքներով, նույնն է թե «սեւ» աշխատողներ։ Ստիպված ցանկացած բան շատ զգուշությամբ են ասում ու խիստ վստահելիների շրջապատում։ Մեր աղբյուրների պնդմամբ` այսպիսի պայմաններում շատերը չեն ցանկանում աշխատել, բայց գործից զրկվել էլ չեն ուզում, ստիպված լուռ իրենց գործն անում, գնում են տուն։ «Բայց ամենավտանգավորը գառան մորթով գայլերն են, որոնք նոր են եկել նախարարություն, ցույց են տալիս, թե առաջադեմ ու ազատական են, բայց անզգույշ ասված բառն անգամ խորհրդային ժամանակների «դանոսչիկների» նման նույն պահին հասցնում են նախարարին»,- ծիծաղելով պատմեց մեր զրուցակիցը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկող տրանսֆերտների չափը շարունակում է աճ արձանագրել: Անցյալ տարվա դեկտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 65 մլն 859 հազար դոլար: Նկատենք, որ 2018-ի դեկտեմբերի համեմատ՝ Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 15 մլն 335 հազար դոլարով, իսկ Հայաստանից դեկտեմբերին դուրս է եկել 150 մլն 364 հազար դոլար գումար: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը, դեկտեմբեր ամսին կազմել է 45 մլն 756 հազար դոլար։ Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Բացի այս, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է զգալի ավելացել. եթե անցած տարվա նոյեմբերին այն կազմել է 10 մլն 832 հազար դոլար, ապա դեկտեմբերին դարձել է 18 մլն 718 հազար դոլար»։


«Իրատես» թերթը գրում է. «Օրերս Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունված ծխելու մասին օրենքը բավական բուռն քննարկումների, անգամ վեճերի պատճառ է դարձել հենց իշխող խմբակցության ներսում: Պատգամավորների մի մասն ընդգծված բացասական վերաբերմունք է ունեցել նախագծի առնչությամբ: Ոչ միայն ներքին խոսակցություններում, այլեւ հենց նախագծի քննարկման ու քվեարկության ժամանակ մի քանի պատգամավորներ բավական կոշտ արտահայտվեցին՝ այն համարելով խոցելի ու թերի մշակված: «Նախագիծը ոչ թե ծխողների դեմ պետք է լինի, այլ ծխելու: Այնպիսի օրենք են գրել, որ մարդ միայն սեփական տանը կարողանա ծխել, այն էլ՝ առայժմ: Դա էլ բավարար չէ, ասում են, թե պետք է արգելել բոլոր այն սննդատեսակները, որ ծխախոտ են հիշեցնում, օրինակ, աղի ձողիկներն ու շոկոլադե գլանակները: Դա աբսուրդ է, որովհետեւ իմ երեխաները, օրինակ, աղի ձողիկներ շատ են սիրում, ինչպե՞ս կարելի է դա արգելել»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավորներից մեկը: 


Մեր տեղեկություններով՝ նախագծի քվեարկությունից հետո բավական բուռն խոսակցություն է ծավալվել պատգամավորների ու առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի միջեւ: Որոշ պատգամավորների դուր չի եկել իրենց «ըմբոստ» գործընկերների պահվածքը, ասել են՝ եթե հարցեր կային, կարող էին նախքան լիագումար նիստը պարզաբանել ու թույլ չտալ, որ նիստերի դահլիճում իշխող ուժի ներկայացուցիչները հակադարձեն կառավարության իրենց գործընկերներին: Զեյնալյանի մոտ էլ դժգոհել են, թե բոլորի աչքի առաջ միմյանց վրա «մուննաթ գալն» անընդունելի է, հետեւաբար պետք է անել հնարավորը Թորոսյանի պատիվը գետնով չտալու եւ իմքայլական գործընկերներին սաստելու համար»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մինչ այս պահն իշխանական ճամբարում ԵՊՀ ռեկտորի հարցում որոշակիություն չկա: Բանն այն է, որ իշխանությունների եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի համար նախընտրելի թեկնածուն նախկին փոխնախարար, այժմ պատգամավոր, հայտնի սորոսական Հովհաննես Հովհաննիսյանն էր, որը աչքի էր ընկել եկեղեցու, դիակների հրաշիջման իր «տրակտատներով», ստացած «սուպեր» գրանտներով, բայց դոկտորի աստիճան չուներ։ Իսկ երբ ունեցավ, արդեն չուներ ԿԳՄՍ նախարարի եւ իշխանությունների սատարումը: Ասում են` ինչ-ինչ պատմությունների մեջ հայտնված նախարար Հարությունյանի ու նրա երբեմնի տեղակալ Հովհաննիսյանի միջեւ «սեւ կատու» էր անցել: Բացի այդ, իշխանությունները հասկացել են, որ եթե փորձեն Հովհաննիսյանին դարձնել ԵՊՀ ռեկտոր, ապա առաջին հերթին իրենք կընկնեն լուրջ հարվածի տակ. Հովհաննիսյանը կդառնա հզոր «հարթակ», առանց այն էլ` Սորոսի դեմ «Ավարայրի» ելած հասարակայնության համար, արդյունքում կիջնի իշխանությունների առանց այն էլ ասֆալտին հավասարված իմիջը: Այդ իսկ պատճառով իշխանությունները լվացել են ձեռները ԵՊՀ-ից, որովհետեւ էլ ավելի «հրատապ»` ՍԴ-ի, հանրաքվեի, Արցախի խնդիրները թակում են նրանց դուռը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Կառավարությունն առաջարկում է օրենքում ավելացնել դրույթ «հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու, կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով, կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով անձին ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը» քրեորեն պատժելու մասին: Մասնավորապես նախատեսվում է, որ եթե այդ արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից, պաշտոնեական դիրքը չարաշահելու կամ շահադիտական նպատակով, ապա նման արարքը պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով: Նման դրույթի առկայության անհրաժեշտությունը ի հայտ եկավ, երբ հանրությանը հայտնի դարձան ծնողների կամքին հակառակ կամ նրանցից թաքուն նորածինների վաճառքի սահմռկեցուցիչ դեպքերի մասին, որոնք զանգվածային բնույթ են կրել»: