23.11.2024
Մամուլ. Վանեցյանի ու Քոչարյանի ընտանիքը համատեղ ուժերով են կուսակցություն ստեղծում
prev Նախորդ նորություն

Ժամանակն է արմատապես վերանայել մեր բանակցային մոտեցումները. Մելիքյան

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մյունխենյան քննարկումը հետաքրքիր էր նրանով, որ ի ցույց դրեց, թե նրանք ինչպես են միմյանց հետ շփվում բանակցային սեղանի մոտ փակ ռեժիմով անցկացվող զրույցների ժամանակ և որքանով է ամենքը խոցելի: Բայց ակնհայտ է, որ հայկական կողմը պետք է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համապարփակ հայկական մոդել մշակի, քանզի Ադրբեջանն այն վաղուց ունի: Այս մասին VERELQ-ի հետ հարցազրույցում նշեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

-Պարոն Մելիքյան, ի՞նչ տպավորություն եք ստացել մյունխենյան քննարկումից:

-Կարծում եմ, որ շատերի համար Ալիև-Փաշինյան մյունխենյան հրապարակային առերեսումն ու բանավեճն առաջին հերթին հնարավորություն ընձեռեց որոշ չափով հասկանալու, թե նրանք ինչպես են միմյանց հետ շփվում բանակցային սեղանի մոտ փակ ռեժիմով անցկացվող զրույցների ժամանակ: Մասնագետների համար սա կարևոր է հատկապես բանակցողների ընդհանուր պատրաստվածության աստիճանը համեմատության մեջ դնելով եզրակացնել, թե կենդանի պրոցեսում ով ինչպիսի անձնական, այդ թվում նաև հոգեբանական առավելություններ ունի ու նաև որքանով է ինքը խոցելի:

-Ակնհայտ է, որ կողմերի մոտեցումներում որևէ փոփոխություն չունենք, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք էլ, կարծես, բանակցային գործընթացն էլ ավելի փակուղի մտավ: Կարելի՞ է կանխատեսել, որ առաջիկայում հնարավոր կլինի սայլը տեղից շարժել:


-Չեմ կիսում այն տեսակետը, որ վարչապետ Փաշինյանի օրոք կարգավորման գործընթացի փակուղին խորացել է: Դա այդպես չէ: Իրականում ՀՀ վարչապետը ստիպված է հատուկ ջանքեր գործադրել, որպեսզի մեր բանակցային դիրքերը հեռացնի այն անդունդի եզրից, որին գործը հասցրել էին ՀՀ նախորդ վարչակազմերը: Վերջիններիս «ջանքերի» շնորհիվ է, որ բանակցային գործընթացի շրջանակներում մեզ համար խնդրի լուծումը հանգեցվել է «կապիտուլյացիա կամ պատերազմ» երկընտրանքին, և հենց այդ պատճառով էլ, որպես նախընտրելի տարբերակ, որդեգրվել է ստատուս քվոն պահպանելու մարտավարությունը:

Փաշինյանն արդեն իսկ որոշ նոր շեշտադրումներ է ներմուծել և ես դա դրական եմ համարում: Այլ հարց է, որ դա ևս դեռ բավարար չէ մեր բանակցային դիրքերն ամրապնդելու և մեր ազգային շահերի պաշտպանությունը լիարժեք ապահովելու համար: Պետք է արմատապես վերանայվեն մեր բանակցային մոտեցումները՝ հակամարտության խաղաղ կարգավորման համապարփակ հայկական մոդել պետք  է մշակվի: Ադրբեջանն իր մոդելը մշակել է վաղուց:

-Հայկական կողմը մշտապես մատնանշում է հակառակորդի ռազմատենչ հռետորաբանությունը, որը փոփոխության չի ենթարկվում: Ադրբեջանը չի թաքցնում, որ հարցի լուծումը տեսնում է միայն ռազմական ճանապարհով: Ո՞րն է դրան հայկական կողմի հակակշիռը:


-Պաշտոնական Բաքուն ընդգծում է, որ դեռևս հույսը չի կորցրել խնդիրը խաղաղությամբ լուծելու հարցում: Խնդրի լուծման ադրբեջանական մոդելը պարզ է ՝ Արցախի տարածքից պետք է դուրս բերվեն «ագրեսիայի գործիք» հանդիսացող ՀՀ զինված ուժերը և այնտեղ պետք է հաստատվի Ադրբեջանի լիակատար քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային վերահսկողությունը: Եթե խելամիտ ժամկետներում դա տեղի չունենա, ապա ադրբեջանական կողմն ուժի կդիմի:

Սրան պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը պետք է հակադրեն կարգավորման սեփական նոր տեսլականը:  Առ այսօր դրա փոխարեն ջանքեր են գործադրվել բացառապես ստատուս քվոն պահպանելու ուղղությամբ:

-Ի՞նչը հնարավորություն կտա հետաձգել հավանական պատերազմը: Քանի որ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են, հնարավո՞ր է շփման գծում դարձյալ սրացումներ լինեն:

-Խաղաղ կարգավորման հայկական նոր կոնցեպտը կարող է այնպիսի տարրեր պարունակել, որոնց առկայությունը կստիպի ադրբեջանական կողմին զերծ մնալ ագրեսիվ գործողություններից:

-Վերջին մոնիթորինգների ժամանակ Ադրբեջանը հրաժարվում է ԵԱՀԿ դիտորդներին դուրս բերել առաջնագիծ: Որքանո՞վ է սա մտահոգիչ:

-Ադրբեջանական կողմին այս պահվածքը բնորոշ է եղել նաև նախկինում: Դրանով պետք է ԵԱՀԿ-ն մտահոգվի, իսկ մենք էլ դիվանագիտական խողովակներով պետք է ձգտենք այնպես անել, որ այդ մտահոգությունը նաև առարկայական քաղաքական, տնտեսական ու բարոյական հետևանքներ ունենա պաշտոնական Բաքվի համար:

-Պարոն Մելիքյան, Ձեր կարծիքով, ի վերջո հայկական կողմը ինչի՞ շուրջ է բանակցում Ադրբեջանի հետ և ի՞նչ կարող է նշանակել երկու օր տևած բանակցությունները ՀՀ և ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև:

-Ադրբեջանը բանակցում է Արցախի տարածքից ՀՀ «օկուպացիոն» զինուժն առանց նախապայմանների դուրս բերելու հարցի շուրջ, իսկ պաշտոնական  Երևանն էլ առայժմ կարծես թե միշտ պնդել է, որ մինչև դրան հասնելը հարկավոր է նախ շփման գծի երկայնքով ապահովել խաղաղության պահպանման համար անհրաժեշտ կայունության ռեժիմը, որը կկանխի հնարավոր բախումներն ու միջադեպերը:


Լիա Խոջոյան