23.11.2024
Մամուլ. Վանեցյանի «կոռուպցիոներ» քեռին՝ ՊԵԿ-ում միավորված բաժնի պետ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը փորձում է ընտրապայքարից «հանել» Վիտալի Բալասանյանին

«Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն և այդպիսով կրկին հրահրում է ներազգային թշնամություն: Այդպիսի ձևով խոսել և այդպես վերաբերվել ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությանը՝ նշանակում է այդպիսի վերաբերմունք ցուցաբերել այդ իշխանությանն ընտրած և այդ իշխանությանը վստահող ժողովրդին»: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Փաշինյանն իր հայտարարությամբ մեսիջ է հղում Արցախի էլիտաներին ու նախագահական ընտրությունների թեկնածուներին առ այն, որ ընտրություններում պետք է հաղթի այն թեկնածուն, որն ընդունելի կլինի Երևանի կողմից: Դա հստակ ուղերձ է նախագահի թեկնածուներից Վիտալի Բալասանյանին, ով բազմաթիվ անգամ կոշտ քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանին, թավշյա հեղափոխությունն ու փաշինյանական թիմի դիրքորոշումն արցախյան հարցում:


Փաշինյանն իհարկե ուղիղ չի միջամտի արցախյան ներքաղաքական զարգացումներին՝խորհրդարանական և նախագահական ընտրություններ, սակայն նրա մեսիջը հստակ է թե Արցախի էլիտաների համար, թե Արցախի ժողովրդի: Այդպիսի հայտարարությունը կարող է վանել Բալասանյանի էլեկտորատին և նրանք գիտակցելով, որ պաշտոնական Երևանը չի ցանկանում Ստեփանակերտում իշխանության տեսնել Վիտալի Բալասանյանին իրենց ձայները տան այլ թեկնածուների՝նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին կամ Մասիս Մայիլյան-Սամվել Բաբայան տանդեմին:


Վիտալի Բալասանյանը կարող է Փաշինյանի այդ մեսիջին պատասխանել էլ ավելի կոշտ քննադատությամբ և հայտարարություններով՝դրանով իրեն դնելով խաղից դուրս ապագա քաղաքական զարգացումներից: Արցախը չի կարող գնալ ուղիղ հակասությունների ՀՀ-ի գործող իշխանությունների ու անձամբ Փաշինյանի հետ: Այս առումով Արցախի նախագահական ընտրություններում բացահայտ ֆավորիտ են դառնում Արայիկ Հարությունյանն ու Մայիլյան-Բաբայան տանդեմը:


Ամեն ինչ կախված կլինի նախընտրական քարոզարշավից, ռեսուրսներից՝մարդկային, վարչական, ֆինանսական, որոնք կիրառվելու են ընտրությունների ընթացքում և թեկնածուների անձնական վարկանիշներից, քանի որ Արցախում բացառվում է ընտրակաշառքը՝դա անթույլատրելի կլինի թե ՀՀ-ի իշխանությունների արձագանքի, թե միջազգային վարկանիշի առումով:
Ազատ և թափանցիկ ընտրությունների պարագայում հաղթելու է այն թեկնածուն, ով կկարողանա հստակ ծրագրեր ներկայացնել և ունենալ անձնական լուրջ բեքգրաունդ ու հասարակության կողմից չի ընկալվի, որպես կոռուպցիոներ:


Վարդան Վարդանյան