VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՔԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ: Այս քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը: Քննչական մարմինները փորձում են պարզել, թե ինչ շրջանակներ են ներգրավված եղել դրա մեջ և ում կողմից է այն ուղղորդվել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մի քանի օրով Հայաստան է ժամանել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Մինասյանի ժամանման մասին հայտնել են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին, սակայն նրա նկատմամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել, քանի որ Մինասյանը որեւէ քրեական գործով չի անցնում ո՛չ վկայի, ո՛չ մեղադրյալի կարգավիճակով: Այս պահին Մինասյանը լքել է ՀՀ պետական սահմանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները տագնապած են, որ հանրաքվեում բավարար ձայներ չեն հավաքի։ «Եկեք պարզ հաշվարկ կատարենք,- ասաց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը։- ԱԺ վերջին ընտրություններին մասնակցել է ընդհանուր թվով 48,6 տոկոս ընտրող։ Հաշվի առեք՝ որպես օրինաչափություն, խորհրդարանական ընտրություններին մասնակցում է շատ ավելի մեծ թվով ընտրող` կուսակցությունների, տարբեր անձանց նկատմամբ տարբեր շահագրգռությունների պատճառով, քան հանրաքվեներին. ուրեմն` 48-ից հանում ենք մեր` «Բարգավաճի» 8,27 տոկոսը, «Լուսավոր Հայաստանի» 6,3-ը, Հանրապետականի 4,7-ը, Դաշնակցության 3,8-ը։ Այս կուսակցություններն ասել են՝ բոյկոտելու են հանրաքվեն. տակը մնաց 25,6 տոկոս։ Եվ եթե ընտրություններին մասնակցի այդքան մարդ, արդյո՞ք բոլորն «այո» կասեն՝ չէ՞ որ ժողովուրդը նաեւ հիասթափություն է ապրում Նիկոլ Փաշինյանից եւ իշխանություններից, որոնք հասկանում են, որ շատ դժվար է լինելու, դրա համար էլ էսպես ձեռուոտ են ընկել»: Արտասահմանից կգան. Փաշինյանը կոչ է արել` գալ, զարգացնել ընտրական տուրիզմը։ «Նախ` գալը բավականին թանկ հաճույք է, եւ հետո` չեմ կարծում, որ շատ մարդ կարձագանքի այդ կոչին»: Եթե հանրաքվեն չանցնի, ի՞նչ կանի մինչ այս երբեք չպարտված Փաշինյանը։ «Օ՜, Նիկոլն այնքան հանճարեղ մարդ է, որ նրա գործողությունները հնարավոր չէ կանխատեսել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչները որոշել են ակտիվորեն չմասնակցել սահմանադրական փոփոխությունների հակաքարոզչության գործընթացին: Նրանց կարծիքով՝ իրենց պասիվությունը թույլ չի տա, որ իշխանությունները սահմանադրական հանրաքվեն ներկայացնեն որպես հնի ու նորի պայքար և դրանով մոտիվացնեն նախկիններից դժգոհ հասարակությանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այո»-ի թիմն արդեն մշակել է իր ստրատեգիան եւ գործի անցել: Որոշել են քարոզարշավի ամեն օրվա համար մեկական տեսահոլովակ նկարել: Հոլովակները մոնտաժում են հեղափոխության ժամանակ հանրահավաքների կադրերից, որ մարդկանց մոտ նոստալգիկ զգացումներ արթնացնեն եւ «հեղափոխությանն» «այո» ասելու բուռն ցանկություն։ Արդեն իսկ 10 օրվա հոլովակները պատրաստ են, ընթացքում պատրաստվում են էլի նկարել: Այդ աշխատանքը ղեկավարում է շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, որը հանդիպումներ է ունենում ռեժիսորների եւ PR մասնագետների հետ, նրանց առաջարկները լսում, որ ներկայացնի «Քաղպայմանագրի» նիստին, եւ որոշեն, թե մնացած քարոզչական աշխատանքներն ում են պատվիրելու: Երգ գրելու եւ տարբեր բնույթի տեսահոլովակներ նկարելու առաջարկներ էլ են ստացվել: Նաեւ մեծ գումար են նախատեսել լրատվական կայքերում գովազդ տեղադրելու համար՝ ամենախոշոր գովազդային գործակալություններից մեկի հետ են համագործակցում: Մի խոսքով՝ պատկառելի գումարներ են ծախսվելու «այո»-ի քարոզարշավի վրա»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ավարտին է հասցրել շտաբների ձեւավորման աշխատանքները: Եվ մեր տեղեկություններով՝ մարզերում աշխատանքները կհամակարգեն մարզպետները եւ այդ տարածքից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները: Վերջիններս այս օրերին փորձում են թիմ հավաքել, որպեսզի ավելի մեծ թիմով եւ արագ կերպով քարոզարշավ իրականացնեն: Նույն պատկերն է նաեւ Երեւանում. այստեղ եւս տարածքներով կզբաղվեն վարչական շրջանների ղեկավարներն ու այդ տարածքից ընտրված պատգամավորները: Եվ չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որպես «Այո»-ի կողմ, նշված է 44 պատգամավորի անուն, սակայն մենք տեղեկացանք, որ «Իմ քայլ»-ում այդ շրջանում ակտիվ կլինեն բոլորը, իսկ դա կսկսվի փետրվարի 25-ին կայանալիք դրամահավաք-երեկոյից հետո: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եւս այս օրերին զբաղված է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ կապված շտաբի ձեւավորմամբ: Իմքայլական պատգամավորն ասաց, որ նախկին համապետական ընտրությունների ժամանակ եղել է շտաբ, որն այժմ իրենք օգտագործում են ու այս օրերին հավաքվում, քննարկումներ են իրականացնում: «Մենք շատ լավ գիտեինք, երբ ենք քարոզարշավի գնալու, երբ ենք սկսելու մեր աշխատանքները, ուղղակի մենք նպատակահարմար չենք գտել այդքան շուտ սկսել քարոզարշավը: Մենք շատ նորմալ աշխատանքային պրոցեսների մեջ ենք», – մեզ հետ զրույցում նշեց Հակոբյանը»:
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ներկայիս իշխանությունները հասարակական տրամադրությունների վրա ազդելու ոչ օրիգինալ, բայց սեփական ճանապարհ են ընտրել: Ցանկացած պահի, երբ ակնհայտ է դառնում վարկանիշի էական նվազումը, էլ չենք խոսում որևէ ընտրական գործընթացի կամ կարևոր հարցի «անցկացման» մասին, իշխանությունները հեղինակում են մի նոր շոու, որը հանրության որոշակի հատվածի կպահի էյֆորիկ տրամադրության մեջ: Ո՛չ աշխատանքի արդյունավետությունը, ո՛չ իրական, շոշափելի արդյունքները փաստացի առաջնային չեն դառնում: Կարևորը «տեսարան» լինի՝ նախկինների հավերժական թեմայով, մի քիչ «ասֆալտին փռելով», մի քիչ «պատերին ծեփելով», մի քիչ «դուրսպրծուկային» կարգի գնահատականներով և այլն: Հասկանալի է, որ առաջիկա հանրաքվեն էլ նման «տեսարանների» պակաս չի ունենալու, միայն հետաքրքիր էր, թե ինչպես են սկսելու քարոզչությունը: Իսկ քարոզչական շոուի մեկնարկը փաստացի տրվեց «Մոնումենտի թեմայով»: Բայց, ինչպես ասում են, «սրանք դեռ ծաղիկներն են»: Այնպես որ, մեր հանրությունը կարող է պատրաստ լինել, որ մինչև ապրիլի 5-ը նման շոուների պակաս չենք ունենալու. գուցե ոչ ամենօրյա ռեժիմով, բայց պարբերաբար կտեսնենք: Ուրեմն, պարզապես մնում է միայն նյարդերն ամուր պահել...»:
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում սպասվող սահմանադրական հանրաքվեի թեման շարունակում է մնալ նաեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Մասնավորաբար, «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցի վերաբերյալ, որի ժամանակ այս հարցն առանցքային է եղել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հետ, եւ գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ հնչել է ՍԴ շուրջ ընթացող զարգացումներին ու հանրաքվեի անցկացմանը վերաբերող տարբեր հարցեր։ Ըստ տեղեկությունների՝ զրույցները հիմնականում անցել են միօրինակ. Փաշինյանին սկզբում հաջողվել է իր խարիզմայի հաշվին, ինչպես նաեւ «հակակոռուպցիոն բացահայտումների» մասին պատումներով հիմնավորել հանրաքվեի անհրաժեշտության թեզը, սակայն խոսակցությունների երկրորդ փուլում եվրոպացի պաշտոնյաները Փաշինյանին հարցրել են՝ եթե նախաձեռնությունն այդքան լավն է ու չունի իրավական խնդիրներ, ապա ինչո՞ւ չեն դիմում Վենետիկի հանձնաժողով, որպեսզի առկա բոլոր անհանգստություններն ու կասկածները փարատվեն։ Այս պնդումներին ի պատասխան, մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը տվել է անորոշ պատասխաններ:
Ի դեպ, պատահական չէին նախօրեին Հանրային հեռուստատեսության եթերից վարչապետի կողմից արված հայտարարությունները. չնայած Փաշինյանը փաստացի խուսափեց ուղիղ պատասխանից եւ դեռ մի բան էլ ինչ-որ հարցերի պատասխան ակնկալեց Վենետիկի հանձնաժողովից, սակայն ըստ էության չբացառեց Վենետիկի հանձնաժողով դիմելու հավանականությունը։ Մեզ հետ զրույցում մասնագետները նշում են, որ ներկայումս Փաշինյանը կանգնած է դժվար ընտրության առաջ, քանի որ եթե դիմի Վենետիկի հանձնաժողովին, կարող է բախվել հանձնաժողովի բացասական եզրակացությանը, սակայն կպահպանի եվրոպացիներին տված իր խոստումը, եթե չդիմի, ապա կապահովի հանրաքվեի անցկացումը, բայց միջազգային արենայում վարկանիշային առումով կտրուկ անկում կգրանցի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բակո Սահակյանը պաշտոնավարման եզրափակիչ փուլում է գտնվում, կմնա՞ նա Արցախում, թե՞, ինչպես մնացյալ նախագահները` Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, կտեղափոխվի Հայաստան, գուցե անգամ՝ Ռուսաստան, որտեղ տուն ունի․ հարցրինք Արցախի նախագահին մոտ կանգնած աղբյուրին։ «Բակո Սահակիչը մնալու է Արցախում, ազատ օրերին իր ապագա գրասենյակն է ձեւավորում»: Ինչի՞ համար։ «Աշխատում է հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ, որի նպատակն Արցախին վերաբերող ծրագրերի իրականացումն է` հիմնականում անվտանգության բարձրացման ուղղությամբ»: Ովքե՞ր են լինելու դոնորները։ «Տարբեր երկրներից»: Իսկ եթե այնպես ստացվի, որ Արցախում եւս իդենտիկ զարգացումներ լինեն, եւ «նախկինների» նկատմամբ նույն անհանդուրժողականությունը դրսեւորվի, ինչպես Հայաստանում է, ի՞նչ եք անելու։ «Ովքե՞ր պետք է անհանդուրժողականություն դրսեւորեն, «նախկին» նախագահի կողմից նշանակված նախկին վարչապետնե՞րը»: Այո, որովհետեւ նրանք այլեւս «նոր կյանք են սկսել»։ «Ֆավորիտները երկուսն են, երկուսն էլ Բակո Սահակյանի կառավարության անդամ են եղել կամ` են»: Նկատի ունեք Արայիկ Հարությունյանին եւ Մասիս Մայիլյանի՞ն, իսկ Վիտալի Բալասանյա՞նը, ՀՅԴ-ից Դավիթ Իշխանյանը։ «ՀՅԴ-ն ու Դավիթ Իշխանյանը պատգամավորական ֆրակցիայի ներկայացուցիչներ են, քաղաքական ուժ են, որ եղել են Բակո Սահակյանի հենարանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 31-ին Արցախում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրացուցակում բավականին ուշագրավ անուններ կան։ Արցախի մեր աղբյուրը ուշադրություն հրավիրեց․ «Չնայած բոլորը խոսում են, որ Արայիկ Հարությունյանի համար է օգտագործվում վարչական ռեսուրսը, բայց տեսեք, թե ովքեր են ընդգրկված Բաբայանի կուսակցությունում»։ Խոսքն արդարադատության փոխնախարար Սիրան Ավետիսյանի մասին է, ով ցուցակի չորրորդն է, իսկ 19-րդ հորիզոնականում պետական արխիվի տնօրեն Լեռնիկ Հակոբյանն է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է 2020-2022թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի նախագիծը: Ըստ այս փաստաթղթի՝ վերջին շրջանում «Հայաստանում տարածում են գտնում աշխատանքային շահագործումը և երեխաների աշխատանքը, հատկապես աշխատանքի վատթարագույն ձևերը»: Մարդկանց շահագործման դասական օրինակ է նաև գործատուների կողմից աշխատակիցներին վճարվող այնպիսի աշխատավարձերը, որոնք բավարար չեն նույնիսկ կենցաղային ամենատարրական կարիքները հոգալու համար»: