Արսեն Թորոսյանը 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ստացել է շուրջ 15 մլն դրամ պարգևավճար
Ըստ AntiFake.am-ի` Առողջապահության նախարարությանն ուղղված հարցման պատասխանի` 2019 թվականի մարտ - դեկտեմբեր ամիսներին հայտարարագրեր ներկացանող անձինք` նախարար Արսեն Թորոսյանը, փոխնախարարները, գլխավոր քարտուղարի տեղակալը, լիցենզավորման գործակալության և պետական առողջապահական գործակալության պետերը պարգևավճարներ են ստացել:
Մասնավորապես, Առողջապահության նախարարությունում ամենամեծ չափով պարգևավճար ստացած պաշտոնյան նախարար Արսեն Թորոսյանն է, ով 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ստացել է 14.834.904 դրամ պարգևավճար: Գումարը գոյացել է 2019 թվականի բյուջեի 4111-րդ և 4112-րդ հոդվածների համաձայն:
Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը դարձյալ նշված ժամանակահատվածների ընթացքում ստացել է 9.371.014 դրամ: Նախարարի մեկ այլ տեղակալ` Անահիտ Ավանեսյանը ստացել է 9.672.612 դրամ:
Բոլորովին վերջերս փոխնախարար նշանակված Արտյոմ Սմբատյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնը, որպես պարգևավճար 2019 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսներին ստացել է 7.300.757 դրամ, իսկ փոխնախարար Լևոն Հակոբյանը` 7.132.109 դրամ:
Նախարարության այս և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին հատկացված պարգևավճարների ընդհանուր թիվը շուրջ 65 միլիոն դրամ է: