4.10.2024
Բոլոր պայմանները ստեղծված են հայրենիք վերադառնալու համար. մարզպետը խոստանում է աջակցել
prev Նախորդ նորություն

Կալանավորը իրեն փոխանցված մարիխուանայի մի մասը ՔԿՀ ծառայողների հետ ծխել է. Գոյունյան

«Մեր 12 ՔՀԿ-ներից 2-ում բռնվել են աշխատակիցներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը։


Գոյունյանի խոսքով, աշխատակիցներից մեկը եղել է «Արմավիր» ՔԿՀ-ից, մյուսը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից. ««Արմավիր» ՔԿՀ-ի պահպանության բաժնի աշխատակիցը ներս է բերել թմրամիջոց, որպեսզի փոխանցի կալանավորներին։ Նա եղել է մեր մշտադիտարկման տակ և բռնվել է դեպքի վայրում։ Մյուս դեպքում անվտանգության ապահովման աշխատակիցը ներս է բերել հոգեմետ դեղահաբեր։ Բացի այդ, այսօր գիշերը ինձ զեկուցեցին, որ տեղի է ունեցել «Սևան» ՔԿՀ-ում ներնետման (պերեբրոս) չհաջողված փորձ։ Մեծ քանակությամբ թմրամիջոցներ են հայտնաբերել, ընթանում է զննության գործընթաց»։


Արթուր Գոյունյանը հիշեցրեց, որ նմանատիպ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում գրանցվել էր նաև մեկ ամիս առաջ։ Վերջինիս խոսքով, զավեշտալին այն է, որ անձը տեղափոխվել էր հիվանդանոց՝ իբր բուժօգնություն ստանալու, սակայն օգտվել էր իրեն ուղեկցողների բջջային հեռախոսներից և կապ էր հաստատել իր հանցակիցների հետ։


«Հանցակիցներն էլ հիվանդանոց էին բերել մարիխուանա տեսակի թմրամիջոց, մի մասը տեղում ծխել էին ՔԿՀ ծառայողների հետ միասին, ինչ էլ տակը մնացել էր, անձը վերցրել, հետը բերել էր ՔԿՀ, և մեր բարեխիղճ աշխտողները բռնել էին։ Նշված դեպքով քրեական գործ հարուցեցինք մեր աշխատողների նկատմամբ և գլխավոր դատախազին զեկուցելուց հետո գործն ուղարկվեց ՀՔԾ։ Նախաքննությունն ընթացքի մեջ է»,- նշեց Արթուր Գոյունյանը։


«Քրեակատարողական հիմնարկները նախատեսված են 5346 անձի պահման համար, իսկ ներկայումս դատապարտված եւ կալանավորված անձանց ընդհանուր թիվը 2230-ի սահմաններում է, որից 1028-ը կալանավոր են, իսկ 1202-ը՝ դատապարտյալ», - ասել է նա:


Արթուր Գոյունյանն Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել 2019 թվականի հուլիսի 11-ից. «Պետի պաշտոնն ստանձնելու առաջարկն ստացել եմ Արդարադատության նախարարից, իմ առջեւ պահանջ է դրվել համակարգում իրականացնել արմատական բարեփոխումներ՝ պահման պայմանների էական բարելավում, սննդի որակի բարձրացում, բժշկական ծառայությունների, կարգապահության բարձրացում, բացառել ցանկացած կոռուպցիոն դրսեւորում, պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ, եւ ես համաձայնել եմ իմ բազմամյա փորձը ծառայեցնել նշված նպատակներին»:


Գոյունյանն ընդգծեց, որ ցանկանում է փարատել կասկածները, թե ինքը կարող է որեւէ մեկի «մարդը» լինել. «Ասեմ, որ իմ նախկին պաշտոնները կամ փորձը որեւէ ազդեցություն չունեն եւ չեն կարող ունենալ իմ ներկա գործունեության վրա, ես ոչ մեկի «մարդ»-ը չեմ եղել, գործի մարդ եմ, երբեք կաշկանդվածություն չեմ ունեցել եւ չեմ էլ կարող ունենալ, իմ բնույթով այդպիսին չեմ եւ չեմ էլ կարծում, թե հիսուն տարին բոլորած անձը կարող է կտրուկ փոխվել, այն էլ՝ դեպի բացասական»:


Համակարգում առկա հիմնախնդիրները Քրեակատարողական ծառայության պետը պայմանականորեն բաժանեց երկու խմբի. «Առաջինը՝ ՔԿ ծառայողների կողմից ծառայությունը կատարելու օրենսդրական կարգը պարբերաբար խախտելն է, երկրորդը՝ կալանավորված եւ դատապարտված անձանց կողմից պատժի կրումը սահմանող օրենսդրության պահանջները պարբերաբար խախտելը: Սրանք հիմնականում համակցվել են կոռուպցիոն, հաճախ նաեւ՝ շղթայական դրսեւորումներով»: Ըստ ՔԿԾ պետի՝ դրա ապացույցներից են վերջին ժամանակներում կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցագործությունների դեպքերի առթիվ մի շարք քրեական գործերի հարուցումը, ինչպես նաեւ՝ ներկա եւ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդման իրականացումը:


ՔԿՎ պետի խոսքով՝ ինքն առաջին իսկ օրից ազդարարել է, որ դեմ է, այսպես կոչված, գաղութային արատավոր ավանդույթներին եւ անձամբ հետամուտ է լինելու, որ պետական միջոցների անարդյունավետ ծախսման ռիսկերն արժանանան համապատասխան արձագանքի եւ պատժի. «Ինձ էլ են լուրեր հասել, որ ՔԿՀ-ներում առանձին ծառայությունների համար սահմանված են եղել եւ գանձվել են գումարի կայուն դրույքաչափեր, այսպես կոչված, ստավկաներ, օրինակ՝ սահմանված հասանելիք տեսակցությունից ավելի կարճ տեսակցության համար գանձվել է 100 ԱՄՆ դոլար, երկարի համար՝ 300 դոլար, հանձնուքի համար՝ 100 դոլար, դրույքաչափեր են եղել նաեւ մարմնավաճառների ծառայությունների համար, որն արժեցել է 300 դոլար, իսկ ունեւոր խավի համար՝ մինչեւ 1000 դոլար»:


Մշտապես շոշափվող հաջորդ թեման, ըստ ՔԿԾ պետի, եղել է, այսպես կոչված, «զոն նայողներ»-ի ինստիտուտը. «Նրանք եղել են հիմնական եղանակ ստեղծողները, դրության տերը, վարչակազմի հետ հարաբերություններ ստեղծողները եւ կոռուպցիոն սխեմաներ ապահովողները, այդ կատեգորիայի համար բացահայտ ապահովված են եղել կենցաղի, սննդի, ազատ տեղաշարժման, հանգստի լավագույն եւ արտոնյալ պայմաններ: Այդ ամենն արդեն անցյալում է, եւ ոչ ոք չպետք է հույս փայփայի, որ վերադարձ կլինի նման բարքերին»,- ասաց Արթուր Գոյունյանը՝ հավաստիացնելով, որ ՔԿՀ-ներում չպիտի լինեն ազատությունից զրկված անձինք, որոնք կունենան արտոնյալ պայմաններ:


Գոյունյանը նշեց նաեւ, որ քրեակատարողական ծառայությունը ներկայումս բաղկացած է 2183 հաստիքային միավորից, որից 200-ը կենտրոնական մարմնում են, մնացած 1983-ը՝ ՔԿՀ-ներում, իսկ 140 հաստիք էլ այս պահին թափուր է:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում