Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը որոշում է ընդունել՝ ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու հարցը:
«Մենք դա գիտենք, հնչեցվել է, որ Ուզբեկստանի նախագահը որոշում է ընդունել, այժմ ուսումնասիրվում է Եվրասիական տնտեսական միությանը Ուզբեկստանի միանալու հարցը»,-ասել է Մատվիենկոն Ուզբեկստանի Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Օրենսդիր պալատի ղեկավար Նուրդինժոն Իսմոյիլովի հետ կայացած հանդիպմանը:
Նրա խոսքով, Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման նոր հնարավորություներ կընձեռի՝ վերացնելով առկա որոշակի պատնեշները: Մատվիենկոն հույս է հայտնել, որ համաձայնեցման գործընթացը չի ձեգձգվի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովը պատրաստ է մասնակցել Ուզբեկստանում դեկտեմբերին նախանշված խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը:
«Մենք պատրաստ ենք մասնակցել, եթե լինի նման հրավեր», - ասել է նա:
Այժմ ԵԱՏՄ-ի կազմի մեջ են մտնու ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանը: ԵԱՏՄ-ին անդամակցելու մտադրություն են հայտնել Մոնղոլիան, Տաջիքստանը եւ Թունիսը, ինչպես նաեւ չճանաչված Աբխազիան, Հարավային Օսիան Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը եւ Դոնբասի ժողովրդական հանրապետությունը:
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու մտադերությունը հետաքրքրություն է ներկայացնում նաեւ այն առումով, որ այդ երկիրը 2012 թ-ին դադարեցրեց իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանգրի կազմակերպությանը:
Ուզբեկստանը նախկինում ևս մեկ անգամ կասեցրել էր իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Դա տեղի էր ունեցել 1999 թ-ին, սակայն 2006 թ-ին այդ երկիրը որոշում էր կայացրել կրկին վերադառնալ կազմակերպություն լիիրավ անդամի լիազորություններով:
Ավելի քան 32 մլն բնակչությամբ Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կարեւորագույն դերակատարներից է: Այն ընդհանուր սահման ունի Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիքտսանի, Թուրքմենստանի ու Աֆղանստանի հետ:
Տնտեսական առումով բավականին անբարվոք վիճակում է գտնվում: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2018 թ-ի տվյալներով ավելի քան 2.5 անգամ զիջում է Հայաստանի ցուցանիշին՝ կազմելով 1.5 հազար դոլար: Տնտեսական ցուցանիշներով ԵԱՏՄ պետություներից այն գերազանցում է միայն Ղրղզստանին. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2018 թ-ի տվյալներով այնտեղ կազմել է 1.2 հազար դոլար: