Հենրիխ Մխիթարյանի պատկերը կհայտնվի հայկական արտադրության ծխախոտների և նման արտադրանքի տուփերի վրա:
Ամեն դեպքում, բոլոր նախադրյալները հուշում են այդ մասին:
Հունիսին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում կայացավ Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու Հրանտ Վարդանյանի թոռան՝ Բեթթի Վարդանյանի պսակադրության արարողությունը։
Մեկ ամիս անց ՀՀ Մտավոր սեփական գործակալությունը գրանցեց «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ «MICKI 7» ապրանքանիշը: Ավելորդ է նշել, որ եվրոպացիները Մխիթարյանին Միկի են ասում:
Ըստ դասի՝ խոսքը «չմշակված և մշակված ծխախոտ. սիգարետներ, ծխագլանակներ. պապիրոսներ. սիգարիլներ. սիգարներ. ծամելու ծխախոտ. ծխախոտի փոխարինիչներ պարունակող սիգարետներ, ոչ բուժական նպատակների համար. ծխելու խոտաբույսեր. քթախոտ. էլեկտրոնային սիգարետներ. հեղուկ լուծույթներ էլեկտրոնային սիգարետների համար. էլեկտրոնային սիգարետների բուրավետարարներ, բացի եթերային յուղերից.
ծխախոտի բուրավետարարներ, բացի եթերային յուղերից. լուցկիներ. լուցկիների բռնիչներ. լուցկու տուփեր. վառիչներ ծխողների համար. գազի բալոններ վառիչների համար. կայծքարեր. մոխրամաններ. թքամաններ ծխախոտի համար. ծխելու պիտույքներ. սիգարների և սիգարետների համար մուշտուկների սաթե
ծայրապանակներ. ծխախոտի քսակներ.
ծխագլանակի պարկուճներ առանց ծխախոտիմասերի. ֆիլտրեր սիգարետների համար. ծխամորճեր. մուշտուկներ սիգարների համար. մուշտուկներ սիգարետների համար. սիգարետի մուշտուկների ծայրապանակներ. ծխամորճերը մաքրելու հարմարանքներ. ծխախոտաթղթերի գրքույկներ. կլանողթուղթ
ծխամորճերի համար. սիգարետների պապիրոսաթուղթ. սիգարակտրիչ մեքենաներ.
արկղեր սիգարների համար. արկղեր սիգարետների, ծխագլանակների համար. դրոցներ ծխամորճերի համար. անոթներ ծխախոտի համար. ծխախոտատուփեր. խոնավարարներով տուփեր սիգարների համար.գրպանի հարմարանքներ սիգարետները, ծխախոտերը փաթաթելու համար. ծխողների համար բերանի ցողացիրներ.
նարգիլե. պիտույքներ նարգիլեի համար (ներառյալ՝ նարգիլեի գավաթներ և գլխիկներ, նարգիլեի ճկափողեր, նարգիլեի ծխափողեր և զտիչներ, նարգիլեի հորաններ, նարգիլեի ծխափողերով ճկափողեր, նարգիլեի կաղապարաձողեր, պայուսակներ և պատյաններ նարգիլեի համար.
նարգիլեի անոթներ). մելաս ծխախոտային արտադրության մեջ օգտագործման համար. ծխելու նյութեր. ծխախոտի և մելասի անուշաբույր խառնուրդներ նարգիլեի մեջ օգտագործման համար»:
Հայտը, ինչպես պարզեց VERELQ-ը, գրանցվել է հուլիսին, այսինքն այն ժամանակ, երբ Հենրիխ Մխիթարյանը հանդես էր գալիս «Արսենալ»-ում 7-րդ համարի տակ:
Հայտնի է, որ օրերս Հենրիխ Մխիթարյանը կնոջ հետ ժամանեց Հռոմ, քանի որ անգլիական «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով այսուհետ իտալական «Ռոմայի» խաղացողն է: Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչ այս մրցաշրջանի ավարտը: «Ռոմայում» նա ելույթ կունենա 77 համարի ներքո։
Հետաքրքիր է՝ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն նոր հա՞յտ կներկայացնի MICKI 77 ապրանքանիշ գրանցելու համար, թե՞ կարևորը ոչ թե թիվն է, այլ անունը, որ ծխախոտերի, պապիրոսների, սիգարների, ծամելու ծխախոտի ու նմանատիպ այլ ապրանքների վրա կդաջվի:
Ամեն դեպքում, փոքր-ինչ բարդ է պատկերացնել Հենրիխ Մխիթարյան ֆուտբոլիստի պատկերը այդքան վնասակար արտադրանքի վրա: Մանավանդ, երբ հիմա, ըստ օրենքի, պարտադիր է ծխախոտի տուփերի վրա պատկերել նաև այն սարսափելի հետևանքները, որոնց հանգեցնում է ծխելը:
Իսկ ահա Հենրիխ Մխիթարյանը կոնֆետների, «բոնբոնյերկաների» և նմանատիպ արտադրանքի վրա գուցե ավելի լավ դիտվեր, ավելի քաղցր ասոցիացիաներ առաջացներ... տարբերություն էլ մեծ հաշվով չկա, ի վերջո, խոսքը ընտանեկան բիզնեսի մասին է, բայց «Գրանդ Քենդին» թերևս ավելի լավ հնչեր իր անվան հետ փոխկապակցված, քան «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը:
Լիա Խոջոյան