7.07.2025
Լուսանկարը` VERELQ
prev Նախորդ նորություն

ԱԺ-ում սկսվել է Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը

Լուսանկարը` սքրինշոտ
Լուսանկարը` սքրինշոտ

Գլխավոր դատախազությունը պահանջում է քրեական հետապնդում սկսել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ՝ նրան մեղադրելով բռնի իշխանափոխության նախապատրաստման և ահաբեկչության ծրագրավորման մեջ։


Հուլիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովը սկսեց քննարկել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրերը՝ ուղղված Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն և նրա նկատմամբ ազատազրկման թույլտվություն ստանալուն։ Սարգսյանը համարվում է շարժման առաջնորդ Բագրատ արք․ Գալստանյանի համակիրներից և առանցքային դերակատար «Սրբազան պայքար» նախաձեռնության շրջանակում։


Ըստ դատախազության՝ Սարգսյանը, Վազգեն Գալստանյանն ու մի շարք այլ անձինք, դեռևս 2024-ի հուլիսից սկսել են պատրաստվել Սահմանադրությամբ չթույլատրված ճանապարհով իշխանափոխության։ Նրանց նպատակն էր համակարգված գործողություններով խաթարել երկրի կառավարման համակարգը, ստեղծել խուճապ բնակչության շրջանում և ստիպել իշխանություններին հրաժարական տալ։


Քրեական գործը հիմնված է ԱԱԾ-ից ստացված տվյալների և գաղտնի ձայնագրությունների վրա, որոնք արվել են Վազգեն Գալստանյանի բնակարանում։ Ըստ մեղադրանքի՝ քննարկվել է հարվածային խմբերի ձևավորում, որոնք կներառեին ընդհանուր առմամբ շուրջ 2000 մարդ։ Քննարկվել է մայրաքաղաք մուտքերը փակելու, էլեկտրականություն, ինտերնետ անջատելու, հասարակական տրանսպորտի խափանման, ավտոմեքենաների վառման և խանութների կոտրման գաղափարը։


Գլխավոր դատախազը հայտնել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվել է նաև ստանալ ՔՊ պատգամավորների, ոստիկանապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսահամարները, ինչպես նաև իրականացնել բողոքի ակցիաներ նրանց բնակության վայրերի մոտ։ Բացի այդ, պլանավորվել է արհեստական բանականության միջոցով պատրաստել կեղծ ձայնագրություններ և տարածել դրանք՝ ոստիկանության վարկաբեկման նպատակով։


Ըստ Վարդապետյանի՝ 86 խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են պայթուցիկներ, քարտեզներ, ցուցակներ, բարձրախոսներ, ծխարձակող միջոցներ և իշխանափոխության պլանների վերաբերյալ փաստաթղթեր։


Դատախազությունը հիմնավորվում է այս բոլոր ապացույցներով՝ համարելով, որ դրանք բավարար են Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան կալանավորելու Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու համար։

Լուսանկարը` ՔԿ պաշտոնական կայք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները