7.07.2025
Լուսանկարը` Ajapahyan Mikael/Facebook
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն համաձայնություն տվեց Օհանյանի և Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդման սկսմանը

Լուսանկարը` A1plus.am
Լուսանկարը` A1plus.am

Առանց ընդդիմության մասնակցության՝ Ազգային ժողովը կողմ քվեարկեց Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի դեմ քրեական գործեր հարուցելու միջնորդություններին։ Գլխավոր դատախազությունը նրանց մեղադրում է պետական հողերի յուրացման և պաշտոնեական հանցագործությունների մեջ։


Հուլիսի 7-ին Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ բավարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունները՝ թույլ տալու քրեական հետապնդում սկսել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ։ Քվեարկությանը մասնակցեցին միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները. 107 պատգամավորից կողմ քվեարկել է 59-ը։


Գլխավոր դատախազի ներկայացմամբ՝ գործը վերաբերում է Սևանի ազգային պարկի տարածքում գտնվող՝ 10 526 քմ մակերեսով պետական հողատարածքին, որը Սեյրան Օհանյանը, զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը 2010–2015 թվականներին, ապօրինի կերպով յուրացրել է և պետական բյուջեի հաշվին առանձնատուն կառուցել։ Թեև առանձնատունը գրանցված է այլ անձի՝ Բենիամին Ղալեչյանի անունով, դատախազությունը պնդում է, որ այն փաստացի օգտագործվել է Օհանյանի և նրա ընտանիքի կողմից։ Վարդապետյանը ներկայացրել է տվյալներ, ըստ որոնց՝ շինության ներքին ձևավորմանը մասնակցել է Օհանյանի կինը, իսկ կոմունալ վճարները կատարվել են հենց ընտանիքի կողմից։


Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել նույն դեպքի համատեքստում։ Ըստ միջնորդագրի՝ նա 2016–2018 թթ. բնապահպանության նախարար եղած ժամանակ տեղյակ է եղել Սևանում տեղի ունեցած ապօրինությունների մասին, սակայն ոչ միայն քայլեր չի ձեռնարկել դրանք կանխելու համար, այլև հակառակը՝ օգնել է օրինական տեսք տալու գործընթացին։ Նրան մեղադրում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։


Արծվիկ Մինասյանը այս մեղադրանքները դեռևս նախկինում անվանել էր անօրինական ու ապօրինի, հավելելով, որ եթե նույնիսկ որևէ բան վերագրելի լիներ, ինքը կխոստովաներ։


Նույն օրը խորհրդարանը սկսել է քննարկել նաև Բագրատ սրբազանի համակիր, պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և կալանավորելու մասին միջնորդությունը։ Նա մեղադրվում է «Սրբազան պայքար» շարժման շրջանակում իշխանության յուրացման և ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ։


 

 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները