8.07.2025
Երկրում հաստատված է կուսակցապետություն եւ անձիշխանություն
prev Նախորդ նորություն

Քաղաքական ուժ ձևավորելու աշխատանքները սկսվել են. ՔՊ-ում մտահոգ են. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ում, մեղմ ասած, մտահոգ են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակից, ուրբաթ օրվա երթից, հնչած քաղաքական ուղերձներից։ Չեն սպասել, որ այդքան մարդ կմասնակցեր առաջին ակցիային: Եվ հասկանում են, որ Կարապետյանը ո՛չ նախկին է, ո՛չ թալանչի եւ եթե բացահայտ քաղաքական հայտ է ներկայացնում, ապա իրենց բանը բուրդ է, չեն կարողանալու ստերով ու քարոզչությամբ կանգնեցնել նրա ընթացքը։ Նշենք, որ երթի ավարտին՝ ԱԱԾ շենքի մոտ, հնչեց գործարարի ուղերձը. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում եւ պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ»։ Կարապետյանն ասում էր, որ պատրաստ է անցնել պայքարի ճանապարհով` հանուն մեր երկրի, «որը մեր փոխարեն ոչ ոք չի շենացնի ու չի պաշտպանի», եւ «գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը»։


Որոշ տեղեկություններով՝ Կարապետյանի թիմում քաղաքական ուժ ձեւավորելու աշխատանքներն արդեն սկսվել են, նաեւ լրատվամիջոց են ուզում բացել, որի ուղղությամբ եւս աշխատում են։ Նշենք, որ իշխանությունը սադրիչներ էր ուղարկել ուրբաթ օրվա երթին, որոնք կեղծ խոսակցություններ են տարածել, թե իքս մարդուն արդեն փողը տվել են, որ հանրահավաքին մասնակցի: Մեր լրագրողը նկատել է մի խումբ տղաների եւ երբ հեռախոսը միացրել է, որ նկարի, նրանք արագ հեռացել են։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սրբազանների կալանքներից հետո դատավորների մի խումբ հավաքվել է՝ քննարկելու, թե երկրում ինչ է կատարվում: Մեկը հարց է բարձրացրել` եթե Վեհափառին կալանքի «բերեց», ի՞նչ ենք անելու: Նիկոլի նշանակած երիտասարդ դատավորները սկսել են արդարանալ՝ դե, կալանք ենք տալու, ի՞նչ անենք` ուրիշ տարբերակ չունենք: Մեր աղբյուրը պատմում է, որ տարիքով դատավորները «հարձակվել» են ջահելների վրա, թե՝ «դուք լրի՞վ եք գժվել, ձեր քնձռոտ հիպոթեքների համար ամեն տականքության պատրա՞ստ եք»։


Պարզվում է՝ Նիկոլի նշանակած գրեթե բոլոր երիտասարդ դատավորները, որոնք երազում չէին կարող տեսնել դատավորի պաշտոնը, բայց դատավոր են դարձել, ինչ-որ արտոնյալ պայմաններով հիպոթեքներ են վերցրել եւ հիմա սարսափում են, որ եթե իրենց գործից հանեն, տները կկորցնեն, հիպոթեքը չեն կարողանա փակել: Մեր աղբյուրն ասում է՝ տարիքով դատավորները շատ նեղված են եղել այդ հանդիպումից, դուրս են եկել ու սկսել են քննարկել, որ պետք է օր առաջ գործ գտնել` թքել, դուրս գալ, ազատվել Նիկոլից: Ասել են` թող իր նշանակած լակոտները Եկեղեցու վրա արշավը շարունակեն, հոգեւորականներ կալանավորեն, այս մեղքից սերնդեսերունդ չենք մաքրվի:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ թեժ է անցել ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության փակ նիստը: Մենք տեղեկացանք, որ երբ ՔՊ-ականները դռնփակ ձեւաչափով քննարկել են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին եւ քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քվեարկության հարցը, ՔՊ-ական պատգամավորները միակարծիք չեն եղել: Ըստ մեր աղբյուրների՝ ՔՊ-ական պատգամավորներից շատերը դեմ են եղել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի վերաբերյալ դատախազի միջնորդությանը կողմ քվեարկելու հարցին: Իշխանական պատգամավորների մեծ մասը պնդել է, որ Սեյրան Օհանյանին կարող են զրկել անձեռնմխելիությունից, բայց Արծվիկ Մինասյանի դեպքում դա անարդար կլինի, քանի որ, ամեն դեպքում, դատախազի փաստարկները հիմնավոր չեն եղել:


Սակայն ՔՊ-ականների՝ միջնորդությանն առարկող կողմը մեծամասնություն չի կազմել, ու ի վերջո հայտարարվել է, որ կքվեարկեն այնպես, ինչպես, որոշվել է ի սկզբանե: Ասել է թե՝ ԱԺ ՔՊ խմբակցությունը պետք է քվեարկի Նիկոլ Փաշինյանի ՍՄՍ-ին համահունչ` առանց սեփական կարծիքի դրսեւորման: Արդյունքում, չնայած նրան, որ շատերը դեմ են եղել Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելուն, ստիպված են եղել կողմ քվեարկել: Հիշեցնենք, որ երեկ 59 կողմ, դեմ 0 հարաբերակցությամբ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը զրկվեցին անձեռնմխելիությունից, ու նրանց նկատմամբ քրեական վարույթի նախաձեռնություն սկսեց ՀՀ գլխավոր դատախազը»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որ վերջին օրերին առավոտից երեկո ԱԺ-ում է՝ ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ է ներկայացնում, աննախանձելի վիճակում է հայտնվել: Քաղաքական խայտառակ պատվերները կատարելու պատճառով ուղղակի երեսը չի բռնում «մարդամեջ» դուրս գալ` խուսափում է շփվել լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին։


Նա նիստերին գալիս է ԱԺ նախագահի համար հատկացված դռնից եւ նույն դռնով էլ հեռանում՝ չշփվելով անգամ պատգամավորների հետ։ Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներն էլ բարվոք վիճակում չեն` երեկվա քննարկմանը հաշված իշխանականներ էին մասնակցում: Նրանց մեծ մասը հասկանում է, թե ինչ փորձանքի մեջ է հայտնվել, բայց գիտեն, որ երկրում գլխավոր դատախազն ու գլխավոր բռնողը ոչ թե այս շփոթված աղջիկն է, այլ՝ Նիկոլ Փաշինյանը, որն արդեն իր համար նահանջի տեղ չի թողել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեից հափշտակված 590.000 դոլարի գործը ուղարկվել է դատարան, թեեւ հափշտակված 590 հազար դոլարից 11 հազար 200 դոլարը այդպես էլ չհայտնաբերվեց։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը հայտնել էր, որ մեղադրյալ Գոռ Թադեւոսյանի հարազատները պատրաստակամություն են հայտնել վերականգնել «ճանապարհին կորած» 11 հազար 200 դոլարը։


«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ մեղադրյալի հարազատները օրերս հափշտակված գումարից 11.200 դոլարը վերականգնել են, եւ նախաքննական մարմինը, դրանով բավարարված, գործը ուղարկել է դատարան։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր` ՆԳՆ-ի եւ ԱԱԾ-ի հետ համատեղ ջանքերով բացահայտել են Քննչական կոմիտեի՝ Տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից հափշտակված 590 հազար դոլարի դեպքը։ Հանցանք կատարած անձինք ձերբակալվել էին, իսկ կատարված խուզարկությունների եւ վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել էր հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578.800 ԱՄՆ դոլարը։ Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել էին խոստովանական ցուցմունքներ:


Այժմ քրեական վարույթով մեղադրյալի աթոռին են ՀՀ քննչական կոմիտեի՝ Հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանը եւ Էդգար Գրիգորյանը. վերջինս, պարզվեց, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի օգնականի եղբայրն է: Նրանք երկուսն էլ այս պահին կալանավորված են»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները կանգ չեն առնելու, ՀՀ գլխավոր դատախազը ընդդիմադիր եւս երկու պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու համար կրկին խորհրդարան կգնա: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իրավապահներն այժմ զբաղված են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանին ու Իշխան Սաղաթելյանին եւս «ահաբեկչության գործում» ներգրավելու համար` որպես Բագրատ սրբազանի «ահաբեկչական» պլանների իրագործման գլխավոր «հերոսների»: Ընդ որում, դատախազը ԱԺ կգնա «Դաշնակցության» առաջնորդ Իշխան Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությամբ, իսկ Գառնիկ Դանիելյանի վերաբերյալ՝ միայն քրեական վարույթ հարուցելու համար անձեռնմխելիությունից զրկելու հարցով:

Իհարկե, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը երեկ ավելի խիստ պատիժ սահմանեց Գառնիկ Դանիելյանի համար` հայտարարելով, թե նա է տվել Բագրատ սրբազանի տան վարձը, ինչը նշանակում է, որ հովանավորել է ահաբեկչությունը: Սակայն ՔՊ-ն քաղաքական որոշում ունի Գառնիկ Դանիելյանին չկալանավորել, իսկ Իշխան Սաղաթելյանին կալանքի տանել: Երեկ ՔՊ-ականները քննարկում էին այն հարցը, որ հուլիսի 15-ից ԱԺ-ում սկսվելու են արձակուրդները, ու դեռ հստակ չէ, թե ՀՀ գլխավոր դատախազը երբ կգա. կհասցնի արդյոք մինչեւ հուլիսի 15-ը, թե կգա սեպտեմբերից մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ընթացքում, դեռ պարզ չէ:


Ի դեպ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ընդդիմադիր կանայք եւս իշխանությունների թիրախում են, ու չի բացառվում՝ հրահանգվել է, որ ամեն գնով պատճառներ գտնեն, խնդիրներ բարձրացնեն, որոնցով հնարավոր կլինի նաեւ կանաց ներքաշել քրեական թեմաներում` զրկելով նրանց անձեռնմխելիությունից: Այդ մասին «Ժողովուրդ»-ը գրել էր դեռ հունիսի 6-ին: Կարճ ասած՝ իշխանությունները ռեպրեսաները շարունակելու են բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կհամարձակվեն պարզապես քննադատել իշխանություններին, Նիկոլ Փաշինյանին: Պայքարի փոքրիկ օջախներն անգամ Փաշինյանը վերացնելու է 2026 թվականին ընդառաջ»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանին մայիսին աշխատանքից ազատեցին։ Նա նշանակվեց Մարգարյան ծննդատան գլխավոր տնօրեն։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի ԺՊ էր նշանակել փոխտնօրեն Արմեն Հակոբյանին: Նա շուրջ 2 ամիս պաշտոնավարելուց հետո հրաժարվել է պաշտոնավարել որպես տնօրենի ԺՊ՝ նախընտրելով փոխտնօրենի պաշտոնը: Հետո նախարարը ԺՊ էր նշանակել կենտրոնի բաժնի վարիչներից մեկին՝ Մհեր Ուստյանին: Սակայն այդ նշանակումից օրեր անց՝ հուլիսի 3-ին, Մհեր Ուստյանին եւ Արմեն Հակոբյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց՝ կոռուպցիոն բնույթի քրգործի շրջանակներում:


Դատարանի որոշմամբ Մհեր Ուստյանի եւ Արմեն Հակոբյանի համար խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը: Զարմանալի է, որ քրեական գործը հարուցվել էր շուրջ մեկ տարի առաջ, սակայն նախարարը տնօրենի ԺՊ էր նշանակել մեղադրյալից 5 պակաս անձի՝ առանց համապատասխան մարմիններից ճշտելու նրա կարգավիճակը, անտեղյակ, որ քրեական վարույթ կա այդ անձի նկատմամբ: Հիմա էլ, մեր տեղեկություններով, Անահիտ Ավանեսյանն ուզում է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ԺՊ նշանակել նույն կենտրոնի մեկ այլ բաժնի վարիչի՝ Աննա Չիլինգարյանին: Վերջին երկու ամսում երրորդ անգամ է այս կենտրոնում տնօրեն փոխվում, հուսանք, որ հաջորդ ԺՊ-ն կպաշտոնավարի գոնե մինչեւ տնօրենի տեղի համար հայտարարված մրցույթը:


«Փաստ» օրաթերթը գրում է. Տարբեր լրատվամիջոցների հրապարակումները և մեր ունեցած վերլուծական տվյալները փաստում են, որ 2025 թվականի հունիսի ընթացքում Սյունիքի մարզի Խոզնավարի ուղղությամբ շարունակվել է կրակոցների կայուն և կանխամտածված ինտենսիվություն։ Մասնավորապես, հունիսի երրորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը գրեթե ամեն օր խախտել են հրադադարի ռեժիմը՝ «ՊԿ» տեսակի գնդացիրներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Միջինում արձանագրվել է օրական 20-30 փամփուշտի սպառում։


Նման մարտավարությունն անփոփոխ է պահպանվել նաև հունիսի չորրորդ շաբաթվա ընթացքում։ Կրակոցների բնույթը և հաճախականությունը հստակ վկայում են, որ ադրբեջանական կողմը հետևողականորեն պահպանում է լարվածության մարտավարությունը՝ ձգտելով հոգեբանական ճնշում գործադրել թե՛ առաջնագծում ծառայող զինվորների, թե՛ սահմանամերձ բնակչության վրա։ Հնչող կրակոցներն իրականացնում են սիստեմատիկ միջամտության դեր՝ ստեղծելով վախի և անորոշության մթնոլորտ։


Ուշագրավ է, որ ժամանակին մամուլում հրապարակումներ եղան, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնից ազատվեց հենց սահմանային միջադեպերին թշնամուն համարժեք պատասխան տալու համար. խոստովանել էր, որ անձամբ է հրաման արձակել կրակ բացել Հայաստանի սահմանը խախտած թշնամու ուղղությամբ։ Նրա խոսքով, առանց այդ հրամանի զինվորը չէր կարող լիարժեք պաշտպանված լինել։ «Հանրապետության ղեկավարական կազմին իմ հրամանը հարմար չեկավ, և ինձ ազատեցին պաշտպանության նախարարի պաշտոնից։ Մնացած դատողությունները թողնում եմ մեր ժողովրդին։ Ես կատարեցի իմ պարտքը՝ պաշտպանելու մեր հայրենիքը և մեր զինվորներին», – նշել էր Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ ժողովուրդը կտեսնի ճշմարտությունը։


Ի դեպ, տեղական և միջազգային լրատվամիջոցները գրում են Մեղրիի ՇվանիձորՆռնաձոր-ՀՀ սահման հատվածում ակտիվ պայթեցման և հողահարթեցման աշխատանքների մասին։ Խոսվում է, այսպես կոչված, միջանցքի կառուցման մասին։ Փորձագետները պնդում են, որ վերջին ձերբակալությունները ամենևին զուտ ներքաղաքական կոնտեքստ չունեն. սպասվող գործընթացներից առաջ խնդիր է դրված ամբողջովին ջախջախել դիմադրության օջախները։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ակադեմիայի ռեկտոր Մանուկ Մուրադյանը հայտնվել է դատարանի առջեւ։ Վերջերս ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցած ամբիոնների գործունեության դադարեցման կամ միավորման արդյունքում մի շարք անձինք դուրս են մնացել մրցույթներից։ Եվ ահա, ամբիոնի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարողներից մեկը՝ ի.գ.թ., դոցենտ Գայանե Մարուքյանը, դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պաշտոններին նշանակելու նպատակով հարցազրույցի հանձնաժողովի նիստի արձանագրությունը, եւ որպես դրա հետեւանք՝ Հռիփսիմե Խաչատրյանի նշանակումը ՀՀ ՆԳՆ կրթահամալիր ՊՈԱԿ-ի ոստիկանական ստորաբաժանման բազային եւ սպայական կրթության դեպարտամենտի պետի պաշտոնում»։ 


«Փաստ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին միացնելու մասին նախագիծը։


2022 թվականին փոփոխություններ են կատարվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում: Մասնավորապես՝ օրենքում ամրագրվել է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հաստատության տեսակը: ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 2346-Ա/2 հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների վերակազմակերպման գործողությունների պլանը և ժամանակացույցը»։


Այս համատեքստում 2025-2026 ուսումնական տարվանից դադարեցվելու է «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի գործունեությունը, նրան վերապահված գործառույթները վերապահվելու են «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Կրթահամալիրի 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում սովորողների թվաքանակը կազմել է 14 աշակերտ, որից երեքը ավարտում են 12-րդ դասարանը, չորս սովորողի 19-ը տարին լրանում է և այլևս չեն շարունակելու կրթությունը: Ներկայումս ԿԳՄՍ ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և այլ շահագրգիռ կառույցների հետ քննարկվում է յոթ երեխաների՝ ընտանիք վերադառնալու և համայնքի հանրակրթական դպրոցում սովորելու հարցը: Յոթ սովորողի ծնողների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նշված երեխաներն արդեն իսկ տեղափոխվելու են այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ։ Կրթահամալիրում տվյալ պահին բացակայում են կրթություն ստացող երեխաներ, ինչը փաստացի հանգեցնում է հիմնական գործունեության դադարեցմանը։ Միևնույն ժամանակ, կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսվում է նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելու գործառույթ՝ միտված երեխաների ընտանիքների հետ կապի վերականգնմանը, նրանց հասարակության մեջ լիարժեք ներառմանն ու օրինական շահերի պաշտպանությանը։ Այս գործառույթն ամբողջությամբ համընկնում է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված նպատակների հետ։


Նկատի ունենալով սա՝ նպատակահարմար և հիմնավորված է կրթահամալիրի՝ որպես առանձին իրավաբանական անձի գործունեության դադարեցումը և դրա վերակազմավորումը «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի» կազմում գործող համապատասխան բաժնի կամ ենթաբաժնի ձևաչափով։ Այդ միջոցով հնարավոր կլինի պահպանել կրթահամալիրի կողմից կուտակված մասնագիտական փորձն ու ներուժը։ Կրթահամալիրի աշխատակիցների թիվը 64 է (20-ը՝ կենսաթոշակային տարիքի)։


 

Կառավարությունը երկիրը տանում է քաոսի և անկայունության ճանապարհով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները