Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ անվստահության վտանգի տակ. ռումինացի պատգամավորի նախաձեռնությունը
Լուսանկարը` Vincent Kessler / Reuters
Եվրոպական քաղաքականություն մուտք գործելուց ընդամենը մեկ տարի անց ռումինացի իրավաբան և պատգամավոր Գեորգե Պիպերեան բարձրաձայն քայլ է արել՝ նախաձեռնելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ անվստահության քվեարկություն։ Նա նրան մեղադրում է գաղտնի գործարքների ու չթափանցիկ կառավարման մեջ:
Եվրախորհրդարանի ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեան, որը ներկայացնում է պոպուլիստական AUR կուսակցությունը, հայտարարեց Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության գործընթաց սկսելու մասին՝ հիմնվելով COVID-19-ի շրջանում Pfizer-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի հետ ունեցած՝ հանրությունից թաքցված հաղորդագրությունների վրա։
Պիպերեան արդեն իսկ հավաքել է Եվրախորհրդարանի անդամների պահանջվող 72 ստորագրությունը, ինչը ֆոն դեր Լեյենին դարձնում է առաջին Եվրահանձնաժողովի նախագահը վերջին տասնամյակում, որը կանգնում է նման լուրջ քաղաքական ճգնաժամի առաջ։ Նրա խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարն ակնհայտորեն խախտել է թափանցիկության սկզբունքները՝ միլիարդավոր եվրոների պաշտպանության վարկային ծրագիր նախաձեռնելով առանց խորհրդարանական վերահսկողության։
Պիպերեան նաև ընդգծել է, որ դժգոհության ալիք է բարձրանում հենց Ուրսուլայի կուսակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ներսում։ Ըստ նրա՝ ֆոն դեր Լեյենի կենտրոնացված, ինքնավստահ կառավարումը, ինչպես նաև կլիմայական քաղաքականության՝ «Կանաչ գործարքի» իրականացումը թուլացնում են նրա աջակցությունը՝ նույնիսկ դաշնակից խմբակցությունների ներսում։
Չնայած այդ ամենին, փորձագետները կանխատեսում են, որ ֆոն դեր Լեյենը, ամենայն հավանականությամբ, կհաղթահարի հինգշաբթի նախատեսված քվեարկությունը՝ ստանալով աջակցություն եվրոպամետ խմբակցություններից՝ լիբերալներից, սոցիալիստներից և կանաչներից։ ԵԺԿ առաջնորդ Մանֆրեդ Վեբերը նախաձեռնությունն անվանել է «խայտառակություն Եվրոպայի համար»՝ ընդգծելով, որ նման քայլերն ապակայունացնում են միությունը։
Քվեարկության հիմքում դրվել է մայիսին կայացված որոշումը ԵՄ դատարանի կողմից, որը պարտավորեցրել էր հանձնաժողովին բացել նամակագրության մանրամասները, որոնք մինչև այժմ չէին տրամադրվում New York Times-ի լրագրողին։ Դեպքը հիշեցնում է 1999 թվականի զարգացումները, երբ Ժակ Սանտերը նախընտրեց հրաժարական տալ՝ չսպասելով անվստահության քվեարկությանը։ Իսկ նրա հաջորդը՝ Ժան-Կլոդ Յունկերը, 2014-ին առանց դժվարության հաղթահարեց նման գործընթաց՝ չնայած սուր մեղադրանքներին Լյուքսեմբուրգի հարկային գաղտնի գործարքների առնչությամբ։