Փաստաբան. Վարչապետը փաստորեն Ֆեյսբուքով հրահանգեց խուզարկել Վեհարանը
Լուսանկարը` abcmedia.am
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը խստորեն դատապարտել է Էջմիածնում իրականացված խուզարկությունը՝ այն համարելով իշխանության կողմից սրբապղծություն։ Նրա պնդմամբ՝ իրավապահները գործել են վարչապետի հրապարակային ցուցումով։
Այսօր առավոտյան կատարված խուզարկությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում է աղմուկ հանել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ մեղադրել է իշխանություններին՝ նշելով, որ գործողությունները տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի հրապարակային ուղերձից հետո, ինչը փաստացի կարելի է համարել հրահանգ։ Մելիքյանն իշխանությունների գործողությունները համեմատել է 1915 թվականի ցեղասպանությունը իրականացրած ոճրագործների քայլերի հետ՝ հայտարարելով, որ իրավապահները իր աչքում հավասար են այդ հանցագործներին։
Նա արձագանքել է վարչապետի այն գրառմանը, որտեղ Փաշինյանը, արձագանքելով Կաթողիկոս Կտրիճ Ներսիսյանի դիրքորոշմանը՝ կապված եպիսկոպոսներ Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի կալանավորումների հետ, հայտարարել էր, թե եթե Կաթողիկոսը համարում է դրանք ապօրինի, ապա կիսում է «զինված հեղաշրջման, պատերի տակ գյուլլելու և քաոս ստեղծելու գաղափարախոսությունը»։ Վարչապետը նաև շեշտել էր, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող փակ լինել իրավապահների համար, մանավանդ, ըստ նրա, երբ այդ տարածքները, ինչպես գրել էր նա, «փակ չեն շնության համար»։
Վարչապետի գրառումը մեծ արձագանք է գտել սոցիալական ցանցերում, իսկ իրավաբանների և եկեղեցու ներկայացուցիչների գնահատմամբ՝ այն դիտվում է որպես բացահայտ քաղաքական ճնշում և սրբավայրերի հանդեպ անհարգալից վերաբերմունք։