Դեպի ՆԱՏՕ ուղին գլոբալ խաղաղության, տարածաշրջանի կայունության ուժգնացման ճանապարհն է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Ամուր ոգի 2019» բազմազգ զորավարժությունների փակման արարողության ժամանակ, որոնք տեղի են ունեցել Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո։
Վրաստանը շարունակում է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ուղենիշը չնայած Դաշինքին միանալու հետ կապված բազմաթիվ խնդիրներին ու առկա վտանգներին՝ ՌԴ-ի արձագանքի տեսքով:
Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես, այսպես կոչված, անվտանգության զոնտիկ վրացական պետության համար՝ անտեսելով այն հանգամանքը, որ ՌԴ-ն չի կարող թույլ տալ իր հարավային սահմանների երկայնքով՝ Վրաստանում, որը սահմանակցում է ռազմավարական կարևորության և բավականին անկայուն Հյուսիսային Կովկասին, ՆԱՏՕ-ական, ամերիկյան ռազմաբազաների տեղակայումը:
ՆԱՏՕ-ական Վրաստանն ուղիղ հարված է և սպառնալիք ՌԴ-ի ազգային անվտանգությանն ու սահմանափակելու է Մոսկվայի գեոպոլիտիկ շահերն ու ազդեցությունը Հարավային Կովկասում, Սև ծովում, ինչպես նաև թույլ կտա կյանքի կոչել ՌԴ-ի սահմանների երկայնքով Արևմուտք-Արևելք էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծումը:
Արևմուտքը Վրաստանին դիտարկում է, որպես ՌԴ-ին զսպելու պլացդարմ, ինչպես նաև կարևոր լոգիստիկ միջանցք կասպյան, կենտրոնասիական էներգակիրները ՌԴ-ի տարածքը շրջանցելով դեպի ԵՄ արտահանելու համար: Դրանով Բրյուսելն ու Վաշինգտոնը ցանկանում են նվազեցնել Եվրոպայի էներգետիկ, առաջին հերթին գազային կախվածությունը Մոսկվայից:
Դեռևս 2008թ.-ի օգոստոսին, երբ Միխեիլ Սահակաշվիլին, ստանալով Արևմուտքի լուռ քաղաքական և ուղիղ ռազմական աջակցությունը, հարձակվեց Հարավային Օսիայի վրա, գնդակահարելով նաև ռուսաստանցի զինվորականներին, դա եղավ այն կարմիր գիծն, որից այն կողմ Մոսկվան չէր կարող լռել և հանդուրժել Վրաստանի արևմտամետ և ամերիկամետ գեոպոլիտիկ ուղենիշը:
ՌԴ-ն պաշտպանեց Հարավային Օսիան, ինչին հաջորդեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունների ճանաչումը, այդտեղ տեղակայվեցին ռուսական զորքեր և համապատասխան ռազմական համագործակցության պայմանագրեր կնքվեցին Մոսկվայի, Սուխումի և Ցխինվալի միջև: Այսօր այդ ռազմական պայմանագրերը թույլ են տալիս խոսել այն մասին, որ ռազմական ճանապարհով Վրաստանն այլևս երբեք չի կարողանալու հետ բերել Աբխազիան ու Հարավային Օսիան: Հարձակում Աբխազիայի և Հվ.Օսիայի վրա կնշանակի հարձակում Ռուսաստանի վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Վրաստանը պետք է գիտակցի, որ ՆԱՏՕ-ն չի պաշտպանելու իրենց և ուղիղ ռազմական բախման մեջ չի մտնի միջուկային գերտերություն Ռուսաստանի հետ: Վրաստանում պետք է ձևավորվեն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք կգիտակցեն ՌԴ-ի կարևորությունը էներգետիկ-տրանսպորտային, տնտեսական, անվտանգային առումներով և չեն վերածի Վրաստանը Արևմուտք-ՌԴ proxy war-ի տարածքի, ինչը կարող է խաչ քաշել վրացական պետականության վրա:
Միայն ՌԴ-ի հետ համատեղ Վրաստանը կարող է լուծել իր առջև ծառացած բոլոր խնդիրները՝ սոցիալ-տնտեսական, էներգետիկ, դեմոգրաֆիական՝ չընկնելով միակողմանի կախվածության մեջ թուրք-ադրբեջանական տանդեմից: