25.11.2024
Փաշինյանը կմոռանա իր անցյալը՞. պատգամավորի առաջարկը դժգոհության ալիք է բարձրացրել
prev Նախորդ նորություն

«Սև կարապ» ղարաբաղյան ճակատում.Բաքուն կարող է անցնել հարձակման

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:


Ադրբեջանը այսպես կոչված վերելակային դիվանագիտության շրջանակներում որոշ ժամանակ պահպանեց հրադադարի ռեժիմը սահմանին, սակայն դա երկար չտևեց: Օրերս Արցախի սահմանին հայ զինծառայող է զոհվել, իսկ ադրբեջանական զինուժը սկսել է ավելի մեծ տրամաչափի զենքերից կրակել հայկական դիրքերի ուղղությամբ:


Այս ամենը տեղի է ունենում Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների պայմաններում: Բաքուն այդ կերպ փորձում է կրկին անգամ փորձել ուժի սպառնալիքի կիրառմամբ հասնել ղարաբաղյան հարցում հայկական կողմից միակողմանի զիջումների:


Հայկական կողմերը հստակ հայտարարել են, որ տարածքներ չեն պատրաստվում զիջել, այսինքն մադրիդյան սկզբունքներն, որոնց շուրջ ընթանում են բանակցությունները վերջին տարիներին, արդեն ակտուալ չեն:


Սակայն համանախագահողներն իրենց կողմից հստակ մեսիջ են հղել Երևանին, որ Արցախի՝ բանակցությունների սեղանին վերադարձն այս պահին անհնար է Բաքվի անզիջում դիրքորոշման պատճառով: Հարցը փակուղի չմտցնելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված է շարունակել բանակցությունները ՀՀ-Ադրբեջան ֆորմատով՝ հանդիպելով նախագահ Իլհամ Ալիևին: Եթե բանակցությունները խաթարվում են, դրա այլընտրանքը լայնածավալ պատերազմն է, ինչը ձեռնտու չէ գերտերություններին, այդ թվում Մինսկի խմբի անդամ ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային:


Ղարաբաղում լայնածավալ պատերազմը խաչ կքաշի Արևելք-Արևմուտք ուղղությամբ էներգետիկ-տրանսպորտային լոգիստիկայի, Հարավային գազայի միջանցքի վրա, որն ենթադրում է կասպիական էներգակիրների առաքում դեպի Եվրոպա՝ շրջանցելով ՌԴ-ն: ԱՄՆ-ին ձեռնտու չէ լայնածավալ պատերազմը, որը կխաթարի ՌԴ-ն շրջանցող այդ էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծումը:


Ինչ վերաբերվում է ՌԴ-ին, ապա Մոսկվան սերտ տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային կապեր է ստեղծում Ադրբեջանի հետ, բացի այդ, ռազմա-տեխնիկական համագործակցությունը նույնպես բարձր մակարդակի վրա է: ՌԴ-ն չի ցանկանում իր հարավային հարևանի՝ Ադրբեջանի ապակայունացում, որը կանդրադառնա նաև ՌԴ-ի Հյուսիսային Կովկասի վրա: Դրան զուգահեռ ՀՀ-ն ՌԴ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է Հարավային Կովկասում՝ ՀԱՊԿ-ի անդամ դաշնակից, ինչը նշանակում է, որ ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի դեպքում ռուսական զորքերը պետք է կանգնեն ՀՀ-ի ու հայ ժողովրդի կողքին:


Սակայն գեոպոլիտիկայի մեջ առկա է այսպես կոչված «սև կարապի» («чёрный лебедь») ֆենոմենը, այսինքն երբ տեղի են ունենում չնախատեսված զարգացումներ, որոնք փոխում են ողջ գեոպոլիտիկ լանդշաֆտը: Այդպիսի «սև կարապ» էր նաև 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմը: Ոչ ոք չէր կանխատեսում Ադրբեջանի կողմից այսպիսի ռազմական գործողություն. Բաքուն, գտնելով հարմար ժամականահատվածն ու բացերը հայկական դիրքերի ու առաջնածի մեջ, անցավ հարձակման և գրանցեց հաջողություններ: Բաքուն գրավեց որոշակի դիրքեր Արցախի հյուսիսում և Լելե Թեփե բարձունքը Արցախի հարավում: Դրանք ապագա լայնածավալ պատերազմի համար պլացդարմներ են ընդդեմ Արցախի:


Ադրբեջանը կարող է ստանալ Թուրքիայի աջացկությունն ու օգտվելով ՀՀ-ի ներքաղաքական լարված զարգացումներից, այդ թվում ՀՀ-Արցախ հակասություններից, սխալ հաշվարկ կատարել՝ հույս ունենալով, որ հայկական կողմերը զբաղված են միմյանց դեմ պայքարելով ու անցնի հարձակման՝ չստանալով գերտերությունների  լուռ համաձայնությունը կամ չեզոք դիրքորոշումը:


ՀՀ-ն ու Արցախը պետք է զգուշանան Բաքվի անկանխատեսելի պահվածքից, որը կարող է հիմնված լինել սխալ հաշվարկների վրա՝ ՀՀ-ում ներքաղաքական լարվածություն, Արցախում նախընտրական իրավիճակ ու ներքին հակասություններ Արցախի էլիտաների միջև ու հայ-ռուսական հարաբերություններում նկատվող որոշակի խնդիրները: