Ազգային Ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծ, որը նախատեսում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել՝ տուգանքով կամ նույնիսկ կալանքով:
Ըստ նախագծի, առաջարկվում է, որ իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Բացի այս, իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, եթե բացակայում են քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)`պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Երեկվանից այս նախագծի շուրջ բուռն կրքեր են եռում, սոցիալական ցանցերի օգտատերերը կոչ են անում պատգամավորին, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին չգնալ այս ճանապարհով, որը տանում է դեպի վերջնական բռնապետություն: Ի վերջո, հենց ինքը՝ Փաշինյանը, տարիներ շարունակ քննադատել է իշխանության ներկայացուցիչներին, լինելով թե՛ լրագրող, թե՛ ԱԺ պատգամավոր:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ ինչպես Սերժ Սարգսյանը սահմանադրություն պատրաստեց Նիկոլ Փաշինյանի համար, այնպես էլ վերջինիս պատգամավորները նվեր են պատրաստում հաջորդ իշխանության համար.
«Փաստորեն քրեականացվում է այն ամենը, ինչով ամբողջ կյանքում զբազվել է Նիկոլ Փաշինյանը, ինչով զբաղվել են բնապահպանները, Մաշտոցի պուրակի ակտիվիստները, Էլեկտրիկ Երևան, 100 դրամ շարժումները, որոնց մի մասն այժմ խորհրդարանում ու կառավարությունում է՝ դեռ։
Հաջորդ փուլում կխստացվի հանրահավաքների մասին օրենքը և խոսքի ազատության իրավունքի սահմանափակումներ կմտցվեն։
Այս ամենը կանխատեսվում էր, սակայն իմքայլականները չեն հավատում, որ ոչ հեռավոր ապագայում այդ օրենքներն իրենց դեմ են աշխատելու, որովհետև նորից բարիկադների մյուս կողմում են հայտնվելու։
Ի տարբերություն նախկին ժամանակների, այս ամենն արվում է ժողովրդի անունից, այնպես որ ապագայում ոչ ոք չի կարողանալու այդ օրենքների դեմ բողոքել»,- նշում է Դանիելայնը։
Նա նաև զուգահեռ անցկացրեց այս նախագծի և ներդրված այն թեզի միջև, որ քանի որ կա հակահեղափոխության վտանգ, ապա պետք է մի կողմ դնել դեմոկրատիա խաղալը և պետք է ամրապնդել իշխանությունը։