Տնտեսական հեղափոխության կոսմետիկ վերանորոգումները. ինչի՞ն են ուղղվում միլիոնները
ՀՀ նախագահի նստավայրում և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում գտնվող մշակութային արժեք ներկայացնող շենքում, որը ՀՀ վարչապետի նստավայրն է, կիրականացվեն ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:
Համապատասխան որոշումներն ընդունվել են այսօր Կառավարության նիստում: Ըստ դրանց՝ նախատեսվում են վերաբաշխումներ՝ նշված աշխատանքներն իրականացնելու համար: Այլ կերպ ասած, կառավարության շենքի վերանորոգման համար հատկացված միջոցներ չկան, բայց անհրաժեշտ է 63.4 մլն դրամ։ Որոշմամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող այլ ծրագրերով նախատեսված միջոցներում եւ վերաբաշխել հանրային կարծիքի ուսումնասիրության, կառավարության գործունեության գնահատականների՝ կյանքի որակի եւ համայնքային կարիքների գնահատման հետազոտությունների, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, ծառայությունների, ծրագրերի համակարգման, վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության միջոցառումների ծրագրերի համար բյուջեով հատկացված գումարները։
Իսկ ահա Բաղրամյան 26-ում նորոգման ծախսերը կազմում են 40 մլն դրամ, որն առաջարկվում է ուղղել համապատասխան հոդվածներին` «Այլ ծախսեր» հոդվածից նվազեցում կատարելու միջոցով:
Բացի այս, ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, կառավարությունը պահուստային ֆոնդից 124 մլն դրամ կհատկացնի Քաղաքացու օրվա միջոցառումները պատշաճ իրականացնելուն: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով այս ծախսերի հետ կապված հանրային դժգոհությանը հայտարարել է, որ այո՛՝ Քաղաքացու օրը նշելու համար այդ ծախսն անհրաժեշտ էր: