22.04.2025
Հարցաքննվել եմ, առերեսվել եմ. Դավիթ Սանասարյանը չի շտապում բացահայտել իր կարգավիճակը
prev Նախորդ նորություն

Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում. ԱԳՆ պատասխանը Մամեդյարովին

Անդրադառնալով ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ քննարկում է եղել 2016թ.-ին Ռուսաստանի կողմից ներկայացված ծրագրի հիման վրա։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է այս հայտարարությունը:


Նա հիշեցրել է, որ հանդիպման արդյունքներով հրապարակվել է դրան մասնակցող կողմերի համատեղ հայտարարությունը, որտեղ արդեն իսկ նշված են քննարկված թեմաները։ «Համաձայնեցված ձևակերպումներից դուրս, դրանց հակասող հայտարարությունները չեն նպաստում փոխվստահության ամրապնդմանը, առավել ևս եթե դրանք մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է խոսնակը։


Նրա խոսքով, ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում։ Ավելին՝ քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում:


Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է նաև առաջիկայում Վաշինգթոնում հանդիպում անցկացնելու ամերիկյան կողմի առաջարկի մասին, Աննա Նաղդալյանը պատասխանել է.


«Ինչպես գիտեք ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ յուրաքանչյուր հանդիպման հաստատումից հետո դրա մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով: Իրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը։ Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից։ Ավելին համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ»:


Նա նաև հավելել է, որ դեռևս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը։


 

Տնտեսական հեղափոխության կոսմետիկ վերանորոգումները. ինչի՞ն են ուղղվում միլիոնները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան