Ես ունեմ լռելու պարտավորություն, բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող համապատասխան տեղեկատվություն տրամադրել, որպեսզի չկարողանան իմ բարի համբավի վրա որևիցե բիծ անեն, որը ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արդյունքում:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ հրաժարվելով խոսել ՊՎԾ աշխատակիցների ներգրավմամբ քննվող քրեական գործի մանրամասների մասին:
«Ինչ նախաքննական մարմին էլ ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի՝ չեն կարող դրա վրա խազ քաշել: Ես բնականաբար համաձայն չեմ դրա հետ ու վիճարկելու եմ համապատասխան իրավական ընթացակարգով»,- ասաց նա՞
Ինչ վերաբերում է հարցին, թե ինքն ի՞նչ կարգավիճակ ունի, քանի որ մամուլը գրել էր, որ կասկածյալ է, Սանասարյանն ուղղորդեց այդ հարցերը տալ ԱԱԾ-ին: Բայց և հաստատեց, որ հարցաքննվել է, առերեսվել է և ասել է այն, ինչ իրեն հայտնի է: «Չեմ կարող հայտնել, թե ով ինչ ցուցմունք է տվել իմ դեմ: Բայց կարող եմ ասել, որ որևէ կառույց չի կարող ինձ որևէ կոռուպցիոն երևույթի հետ կապել, քանի որ ես մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ: Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ՝ պայքարելու եմ կոռուպցիայի դեմ»,- հավելեց Դավիթ Սանասարյանը:
Դավիթ Սանասարյանը չի բացառում, որ հարուցված քրեական գործում իր անունը մամուլում տարբեր արտահոսքերի միջոցով շրջանառելը կարող է լինել ներհամակարգային պայքարի հետեւանք:
«Իմ ղեկավարած կառույցի աշխատանքի բնույթն այնպիսի է, որ շատ մարդկանց ոտք ենք տրորում: Չեմ բացառում, որ իրենք էլ փորձեն նման արտահոսքերով էմոցիոնալ ֆոն ստեղծել, որ ես դրանից դրդված հանդես գամ էմոցիոնալ հայտարարություններով: Բայց նման բան չի կարող լինել», -ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ խնդրի շուրջ զրուցել է նաեւ ՀՀ վարչապետի հետ:
Նա նաեւ բացառեց, որ վստահության խնդիր կա իր եւ վարչապետի միջեւ: «Նման խնդիր չկա: Այն պահին, երբ վարչապետն ինձ չվստահի, ես անձեռնմխելի չեմ, կարող է հանգիստ ազատել աշխատնքից, կամ այն պահին, երբ ես չվաստահեմ վարչապետին, դիմում կգրեմ ու կգնամ», - ասաց Սանասարյանը: Նրա որակմամբ, մամուլում տեղի ունեցող տեղեկատվական արտահոսքերը կատարվում են իրեն վարկաբեկելու համար, սակայն վստահ է, որ չի ստացվելու: «Ես պայքարել ու պայքարելու եմ կոռուպցիայի դեմ», - ասաց նա:
Հիշեցնենք, մամուլը գրել էր, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Ըստ աղբյուրի՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այդ լուրը: