Դավիթ Սանասարյանի մասով անհրաժեշտ տեղեկատվությունը չի ուշանա. գլխավոր դատախազ
Այդ գործով շարունակվում է նախաքննությունը, բնականաբար, բոլոր վարկածներն են ստուգվում և թույլ տվեք հարցին այս պահին ուղիղ պատասխան չտալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ծառայության աշխատակիցների գործով ներգրավված է որպես կասկածյալ:
Միևնույն ժամանակ դատախազը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այդ լուրը: Բայց խոստացավ.
«Հաշվի առնելով գործի հնչեղությունն ու կարևորությունը՝ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը չի ուշացվի։ Կարծում եմ՝ ըմբռնումով կմոտենաք, որովհետև նախաքննության շահն է դա պահանջում»,- ասաց նա։
Ուղիղ չպատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ Դավիթ Սանասարյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվեն մինչև քննության ավարտը, գլխավոր դատախազը տեսական պատասխան տվեց: Ըստ նրա, այն դեպքերում, երբ հանրային ծառայողի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում և կան հիմքեր, որ նա, շարունակելով պաշտոնավարումը, կարող է խոչընդոտել քննությանը, այդ դեպքում գլխավոր որոշում է կայացնում պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, նախօրեին լուր շրջանառվեց, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Այսօր առավոտյան Սանասարյանը Facebook-յան էջում գրառում կատարեց, որ իրականում անհանգստանալու բան կա, բայց դա իրեն չի վերաբերում, ու կարճ ժամանակ հետո ամեն ինչ իր տեղն է ընկնելու: Նա նաև խոստացավ, որ ինչպես պայքարել է, այդպես էլ ոչ մի վայրկյան չի դադարելու պայքարել հանուն իրավական Հայաստանի ու կոռուպցիայի դեմ։