24.11.2024
ՀՀ ներկա իշխանությունը նախկինից տարբերվում է միայն դիլենտանտիզմով. Ստեփան Դանիելյան
prev Նախորդ նորություն

Իրականում անհանգստանալու բան կա. Դավիթ Սանասարյանը հանդես կգա ասուլիսով

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանն արձագանքել է ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավվելու մասին լուրերին:


Այդ տեղեկությունը տարածել էր «Փաստինֆո» գործակալությունը, ԱԱԾ մամուլի կենտրոն դիմելուց հետո, որտեղ ոչ հերքել, ոչ հաստատել են այն՝ խոստանալով ավելի ուշ պատասխանել։


Դավիթ Սանասարյանն իր Facebook-յան էջում գրում է, որ իրականում անհանգստանալու բան կա, բայց դա իրեն չի վերաբերում, ու կարճ ժամանակից ամեն ինչ իր տեղն է ընկնելու:


«Մտա ֆեյսբուք պարզվեց որոշ լրատվամիջոցներ ու ֆեյսբուքի դատավորներ դատավճիռ են կարդացել:


Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իրա տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ։


Ինչպես պայքարել եմ ոչ մի վայրկյան չեմ դադարելու պայքարել հանուն Հայաստանի, ինչպես ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ. գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի։


Շնորհակալ եմ բոլոր նրանցից ովքեր անհանգստանում են, իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերվում։ Դուխով...», - ասված է նրա գրառման մեջ, որը նա եզրափակում է հայտնի՝ «Սիրում եմ բոլորիդ» արտահայտությամբ:


Ավելի վաղ՝ տեղեկացրել ենք, որ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։


Տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:


Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով իրենց հետ փոխկապակցված ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին:


Գործի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դատարանի կողմից որպես խափանման միջոց նշված երեք անձանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը։


Հետագայում ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվեց: «Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է՝ կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու և քննությունից խուսափելու ռիսկերի նվազման նկատառումներով»,- հայտնել էին ՀՀ գլխավոր դատախազությունից։


«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գ.Խաչատրյանը համագործել է նախաքննական մարմնի հետ ու տվել ցուցմունքներ։ Այնուհետեւ մամուլը գրել էր, որ առերեսում է տեղի ունեցել Դավիթ Սանասարյանի ու ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի միջև։ Թե կոնկրետ ինչի մեջ է կասկածվում Սանասարյանը, առայժմ չի հաջողվել պարզել։