VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբորորդու` արդեն Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի դարձած Նարեկ Սարգսյանի դատական նիստը Չեխիայում կկայանա ապրիլի 21-ին: Գրել էինք, որ ապրիլի 4-ին մեկ նիստ արդեն տեղի էր ունեցել: Դատական այդ նիստը հրավիրվել էր քննարկելու Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության դիմումը: Նախորդ նիստի ժամանակ գործը նախագահող դատավորը հայտարարել է, որ քննվում է ևս մեկ քրեական գործ` Պրահայում Ն. Սարգսյանին հայտնաբերելիս Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր ներկայացնելու հետ կապված»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովը մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկը՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրել Գոռ Հովհաննիսյանին։ Երբ օրեր առաջ մենք գրել էինք, որ «Իմ քայլը» որոշել է բոյկոտել այս թեկնածուին, քանի որ իշխանությունն ուզում է ՍԴ ուղարկել Վահե Գրիգորյանին, ամեն կողմից հերքում էին մեր գրածը՝ հավաստիացնելով, որ նման բան չկա, հնարավոր չէ։ Խնդիրը, անշուշտ, Գոռ Հովհաննիսյանը չէ, անգամ եթե նա լավ թեկնածու է եւ արժանի էր ՍԴ անդամ դառնալուն։ Խնդիրն իշխանությունների վերաբերմունքն է պաշտոնների նշանակման եւ ընտրության գործընթացին, որը նոստալգիկ հիշողություններ է արթնացնում ոչ հեռավոր անցյալի սովորույթներից, երբ պաշտոնի նշանակվում էին միայն յուրայինները, մարդու պրոֆեսիոնալիզմը զրո արժեք ուներ, եւ առաջին տեղում էին ՀՀԿ-ական լինելը, վերեւից իջեցված հրահանգները կատարելու հնազանդությունը, նվիրվածությունը գործող իշխանությանը, ձայներ բերելու, ծառայություններ մատուցելու ունակությունը։ Այս պարագայում, ցավոք, մի վատ տենդենց էլ կա՝ նախագահի ինստիտուտի հանդեպ անվստահություն առաջացնելու, այն հեղինակազրկելու մարտավարությունը։ Առանց այն էլ ամեն օր արձանագրում ենք, թե ինչպես են երիտասարդ հեղափոխականները քամահրանքով վերաբերվում Արմեն Սարգսյանի եւ նախկինից մնացած մյուս ինստիտուտների ու պաշտոնյաների նկատմամբ։ Ի վերջո, այս հակամարտությունը նաեւ վտանգավոր է, քանի որ վաղը նույնկերպ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը կարող է չհաստատել վարչապետի ներկայացրած թեկնածուներին, եւ առճակատումը կարող է խորանալ, սահմանադրական ճգնաժամի հանգեցնել։ Փոխադարձ հարգանքը, միմյանց առաջարկներին ընդառաջելը համագործակցության մթնոլորտ են ստեղծում։ Իսկ ցանկացած առճակատում ներքաղաքական հակասություններով է հղի։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ուղիղ 1 ամիս առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց «Ժողովուրդ» օրաթերթում նախաքննության տվյալները հրապարակելու առիթով: Ու մինչ քննություն է ընթանում՝ պարզելու, թե ինչպես են մարտի 1-ի աղմկահարույց գործի հանրային դեմքերի ցուցմունքները հայտնվել մեր ձեռքի տակ, կշարունակենք հատվածաբար ներկայացնել դրանք: Այսօր հերթը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանինն է, որը մանրամասն ցուցմունքներ է տվել գործով: ստ նրա` «Ռազմական ոստիկանության վրա դրվել էր խնդիր ապահովել կառավարության շենքի կենտրոնական մասի ֆիզիկական անվտանգությունը… 100 ծառայող է եկել»: Քննիչի հարցին. «Դուք նշեցիք, որ բանակի ներգրավվման հարց էր առաջացել. ի՞նչ հանգամանքներով էր պայմանավորված բանակի ներգրավվելու հարցը, ո՞վ էր նման հրաման արձակել: Ըստ այդ հրամանի` բանակը եւ ռազմական ոստիկանությունն ի՞նչ հրահանգավորում են ստացել, ո՞ր կոնկրետ, ո՞ր դեպքում ի՞նչ գործողություններ պետք է կատարվեին», նախկին ռազմական ոստիկանապետ Գասպարյանը պատասխանել է. «Դե, դա երկրի նախագահի մակարդակով էր նման հարցերը լուծվում… Մեզ ասված է եղել` շենքը պահեք, մենք եկել, պահել ենք… Կա գերագույն գլխավոր հրամանատար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ դահլիճում «Իմ քայլի» եւ ԼՀԿ-ի միջեւ «ռազբորկան», մեր տեղեկություններով, շարունակվել է Էդմոն Մարուքյանի աշխատասենյակում: Մխիթար Հայրապետյանն այնտեղ է գնացել հաշիվ մաքրելու եւ պատասխան պահանջելու Մարուքյանից՝ իրեն ուղղված «դու ո՞վ ես» արտահայտության համար: Մեզ չհաջողվեց մանրամասներ իմանալ, սակայն Մարուքյանն ասաց․ «Չհասկացվածության պահ էր, եկել էր պարզաբանեինք»: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում գարնանային սրացումներ էին, իշխանության եւ ընդդիմության միջեւ փոխհրաձգությունն այնքան թեժացավ, որ սկսեցին բացահայտ սպառնալ իրար։ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ եթե ընդդիմությունը չփոխի իր ոճը, ապա կփոխեն իրենք․ «Եվ ես չեմ ուզում, որ որեւէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին, իսկ «դուխի» հետ կապված՝ առնվազն այս հատվածը պրակտիկորեն ապացուցել է, որ ունի»: Ի դեպ, նա վեճով այնքան էր տարվել, որ անտեսեց իր հրավերով ԱԺ-ում կազմակերպված նկարչուհի Նարգիզ Փաշոյանի ցուցահանդեսը: Որեւէ պատգամավոր չեկավ ցուցահանդեսին, միայն Նարինե Թուխիկյանը պատահաբար հայտնվեց, եւ նկարչուհին նրան խնդրեց հայտարարել ցուցահանդեսի բացումը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացու օրն ինչպե՞ս եք նշելու, պատգամավորներից մեկն ասել է` կառնավալ ենք անելու, իսկ դո՞ւք․ հարցրինք Փաշինյանի` կոռուպցիայի գծով նախկին խորհրդական, պատգամավոր Արեն Մկրտչյանին։ «Անկեղծ ասած` չգիտեմ, թե ինչպես ենք նշելու»: Իսկ հեղափոխության արդյունքներն այդքան էակա՞ն են, որ նշեք, գուցե ժամանակի գնահատականի՞ն թողնեիք. կան չկատարված խոստումներ, չկա կոռուպցիա, բայց կան կոռուպցիոն «սկանդալներ»՝ ՊՎԾ-ում, առողջապահությունում։ Դուք ե՞ւս գտնում եք, որ չկա կոռուպցիա։ «Այո, համակարգային կոռուպցիա չկա` իշխանությունների ամենաբարձր էշելոնների մակարդակով, բարձրաստիճան պաշտոնյաների որևէ ներգրավվածություն չկա կոռուպցիոն մեխանիզմներում։ Ձեր մատնանշումները վերաբերում են միջին օղակներին. ՊՎԾ-ի և մնացածի մասով ընթանում է նախաքննություն, և այդ առնչությամբ ես ոչ մի հարցի չեմ պատասխանի»: Իսկ մնացած գործերի մասով որ ընթանում է նախաքննություն ու բարձրաձայնվում է, երկակի ստանդարտների կիրառում չէ՞, ասենք, Սանասարյան Դավիթը` ԵՊՀ-ի և Արամ Սիմոնյանի, ՀՔԾ պետը՝ Քոչարյանի մասին։ «Հարցրեք բարձրաձայնողներին, ինքս երբեք չեմ բարձրաձայնել»: Ո՞վ է փոխարինում Ձեզ՝ Ձեր «սուրբ» տեղը կարծես դատարկ է։ «Տեղը սուրբ չէր, սովորական աշխատանքային տեղ էր՝ զուտ կոռուպցիայի գծով։ Այո, այսօր փոխարինող չկա»»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը կայանալու է ապրիլի 29-30-ը, Երեւանում, եւ նիստին մասնակցելու համար ապրիլի 29-ին Հայաստան է ժամանելու նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ Մեր աղբյուրները հաղորդում են, որ աշնանն էլ, ամենայն հավանականությամբ, Հայաստան կժամանի ՌԴ նախագահը։ Որքան էլ հարաբերությունները լարված են, սակայն Վլադիմիր Պուտինը չի ուզում կապը խզել ՀՀ իշխանությունների հետ եւ պահպանել հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Հիշեցնենք, որ այժմ Հայաստանն է ԵԱՏՄ նախագահող երկիրը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական կառավարման համակարգին մոտ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ամենուր ՔՊ-ն նշանակում է իր կոմիսարներին, հիմնականում տվյալ պետական հաստատության տնօրենի տեղակալի պաշտոնում: Նրանց հանձնարարված է հետեւել տնօրենի գործունեությանը եւ հանգամանալից զեկուցել կուսակցական վերադասին, իսկ մյուս կողմից՝ սովորել աշխատանքի նրբություններն ու համապատասխան հմտություն ձեռք բերել, որպեսզի պատեհ պահի փոխարինեն հիմնարկի ղեկավարին՝ այսպիսով ամբողջականացնելով պետական ապարատի ՔՊ-ականացումը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը սկսել է աշխատել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի փոփոխությունների ուղղությամբ: Փաստաթուղթը, հիշեցնենք, ընդունվել է դեռ 2007թ. հունվարին ու այս 12 տարիների ընթացքում որեւէ փոփոխության չի ենթարկվել: Փոխարենը այս ընթացքում լրջագույն փոփոխություններ են եղել ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ տարածաշրջանում, ե՛ւ համաշխարհային քաղաքական թատերաբեմում, ինչն էլ իր հերթին առաջ է բերել նոր մարտահրավերներ: ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մասին ակտիվ քննարկումներ եղան հատկապես 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո։ Սերժ Սարգսյանը վերջին անգամ այդ մասին խոսել էր 2018 թվականի հունվարին, երբ ամիսներ անց ՀՀ-ն ամբողջությամբ անցնելու էր խորհրդարանական կառավարման համակարգի, իսկ ինքն էլ փորձելու էր երկարաձգել իշխանությունը` զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը: Բայց համաժողովրդական ճնշման ներքո ապրիլին Սերժ Սարգսյանը հեռացավ իշխանությունից. ՀՀ-ում հաղթանակեց թավշյա հեղափոխությունը: Ինչեւէ, այսօր նոր պայմաններում ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայման եւ լուրջ վերամշակման կարիք ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա անվտանգության նոր ռազմավարությունը գրելիս ԱԱԽ-ն ծրագրել է անցկացնել լայն քննարկումներ, հանդիպումներ ունենալ առանցքային քաղաքական ուժերի, քաղհասարակության, պատգամավորների հետ, ստանալ առաջարկներ եւ նոր միայն մշակել այն։ Ավելին, մենք տեղեկացանք, որ արդեն քննարկումների որոշակի կառուցվածք է առկա, եւ առաջիկայում հանդիպում կլինի փորձագիտական շրջանակի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որից հետո էլ կլինի վարչապետի որոշումը՝ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, եւ դրանից հետո միայն լայն թափով կսկսվեն այդ աշխատանքները։ Ու չնայած հստակ ժամկետներ դեռ չկան, սակայն, ըստ ամենայնի, փաստաթուղթը պատրաստ կլինի 2019թ. վերջին»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող արդյունաբերական հսկաները՝ «Արարատ ցեմենտ»-ը եւ «Հրազդան ցեմենտ»-ը, փակման վտանգի առաջ են կանգնած: Պատճառը հարեւան Իրանից մեծ քանակությամբ ներկրվող ցեմենտն է, ինչի հետեւանքով զգալի նվազել են տեղական ցեմենտի իրացման ծավալները: Ու թեեւ երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հավանության արժանացավ գործադիրի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը ներկրված ցեմենտի մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ, բայց կա մեկ այլ խնդիր, պետտուրքից ազատվում է ցեմենտի պատրաստման համար օգտագործվող հիմնական հումքը՝ ներկրվող կլինկերը: Մասնագետները պնդում են, որ էժան կլինկերից ցեմենտ ստանալը բարդ գործընթաց չէ, բայց այս դեպքում առաջ կգա աշխատատեղեր կրճատելու խնդիր, քանի որ ներկրված հումքի դեպքում շատ աշխատակիցներ անելիք չեն ունենա, եւ բացի այդ, ներկրված հումքն անորակ է: Հիմա ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պատրաստվում են այս հարցով բանակցություններ վարել կառավարության հետ»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ցեմենտի գնի խնդիրը միշտ էլ եղել է. դրսի արտադրանքն ավելի էժան է եղել, քան տեղականը` օբյեկտիվ պատճառներով։ Եթե հիշում եք` Տիգրան Սարգսյանի կառավարությունը նույնպես բարձրացրեց դրսից էժան կլինկերի (ցեմենտի հումքի) ներմուծման հարցը, սակայն Սերժ Սարգսյանը ստոպ տվեց այդ նախաձեռնությանը, որովհետև տեղական արտադրողը տուժում էր։ Անգամ այն ժամանակ, երբ ահավոր լարվել էին Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները, երբ կրկին օրակարգում էր հայտնվել հարցը, Սերժ Սարգսյանն էլի չգնաց այդ քայլին։ Հիմա, ոնց տեսնում եք, փոխանակ խթանեն տեղական արտադրանքը, նախագիծ են ընդունում, որը տեղական արտադրողին կդնի անհավասար պայմանների մեջ. մենք էլ, ստիպված, կփակենք գործարանը, որն առանց այդ էլ շահույթով չէր աշխատում»,- մեզ հետ զրույցում ասաց «Մուլտի գրուպ» կոնցեռնի պատասխանատուներից մեկը: Ի՞նչ եք մտադիր անել։ «Եթե կլինկերի ներմուծումը տուրքի տակ չի հայտնվի, մենք ևս կլինկեր կբերենք, կաշխատի միայն աղացման արտադրամասը»: Քանի՞ աշխատող կա այնտեղ։ «Մոտ 120 հոգի»: Բա էն 1080 աշխատողների հարցն ինչպե՞ս է լուծվելու։ «Օրենքի սահմաններում. ծանուցագրերն արդեն տվել ենք»: Բողոքի ակցիաների արդյունքում տուժե՞լ եք։ «Ահավոր. 3 օր է՝ ոչ մի գրամ ցեմենտ չի վաճառվել, մեքենաներն առ այս պահը գործարանի դռանը դատարկ կանգնած են»: Հնարավո՞ր է շինարարությունը կանգ առնի հանրապետությունում` մինչև օրենքն ընդունվի, ստորագրվի, կյանքի կոչվի։ «Իհարկե, հնարավոր է»: Իսկ քաղաքական ֆակտոր այս ամենում չկա՞։ «Չէ, մեր պատգամավորներին չենք դիմել այդ հարցով, չկա»»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ընդունել մի որոշում, որի նպատակը աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ պատրաստելուն օժանդակելն է: Համենայնդեպս, այդպես է գրված կառավարության որոշման նախագծի հիմնավորումներում: Իսկ աշխատաշուկայում, պարզվում է, պահանջված մասնագիտությունը «Ոստիկանական գործ»-ն է: Կառավարությունը իր որոշմամբ գումար է հատկացնում, որպեսզի 200 հոգի անվճար կարողանան սովորել եւ տիրապետել այդ պահանջված գործին: Նախագծից տեղեկանում ենք, որ Հայաստանում պակասել է տնտեսագետների եւ առողջապահական ոլորտի մասնագետների պահանջը, բայց ոստիկանների պահանջը աշխատաշուկայում շարունակում է բարձր մնալ»:
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթը տարբեր մարզերից, համայնքներից, կազմակերպություններից պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ նախարարների մեծ մասի հետ շփումները դարձել են գրեթե անհնար: Խոսքը շարքային քաղաքացիների մասին չէ, այլ, ասենք, համայնքապետների՝ ՏԿԶ նախարարի մասով, դպրոցների տնօրենների՝ ԿԳ նախարարի մասով, եւ այլն: Եվ ընդհանրապես, դժգոհությունները զանգվածային են: Այս հանգամանքը մեզ հետ զրույցում հաստատում է նաեւ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Պաշտոնյաների մեծ մասը պարփակված է, չշփվող, գոռոզամիտ ու մյուս կողմին հաշվի չառնող»,-ասաց նա՝ հավելելով, որ կառավարության ծրագրում բազմաթիվ մտքեր են ընդունվել, եղել են քննարկումներ, բայց համապատասխան պատասխանատու մարմիններն էլի խնդիրներն աչքաթող են անում: «Օրինակ, ԿԳՆ-ն եռամսյակը մեկ պետք է խորհրդակցություններ ունենար, եւ հատուկ դրա համար կա հանձնաժողով, որի նախագահը ԿԳ նախարարն է: 14 ամիս է՝ ոչ մի հանդիպում չի եղել: Սոցապում էլ նման հանդիպում ունեցել ենք հուլիսին, բայց արդեն 10 ամիս է՝ էլի ոչ մի հանդիպում չկա»,-նշեց նա՝ ընդգծելով, որ եթե տվյալ պարտականությունը նախարարների մանդատի մեջ է, ապա այն պարտադիր պետք է կատարել: «Բայց նոր նախարարների շրջանում դեռ այդ մոտեցումները բացակայում են»,-հավելել է նա: Մեր տեղեկություններով, հատկապես մարզերում խնդիրն ավելի է բարդանում այն առումով, որ տեղերում հաճախ անհնար է որեւէ հարցի կամ ծրագրի վերաբերյալ պարզաբանում ստանալ, քանի որ մարզպետները, մեղմ ասած, «թեմաներին» ընդհանրապես չեն տիրապետում եւ հաճախ չեն կարողանում պատշաճ կերպով հարցերը կառավարության առաջ բարձրացնել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հիդրոօդերևութաբանական ծառայությունը, որը կազմակերպչաիրավական տեսակով ՊՈԱԿ է, կառավարության կառուցվածքի փոփոխություններով արտակարգ իրավիճակների նախարարությունից անցնում է բնապահպանության նախարարությանը: Սրա պատճառն ամենևին էլ այս ծառայության գործունեության արդյունավետության բարձրացումը չէ: Հիդրոօդերևութաբանական ծառայությունը պետք է զբաղվի մթնոլորտ արտանետվող գազերի քանակի մոնիտորինգով, իսկ դրա համար միջազգային տարբեր կառույցներ հսկայական գումարներ են հատկացնում, և այս փոփոխությամբ կառավարությունը ուղղակի վերահասցեագրում է ֆինանսական հոսքերը: Ընդամենը այսքանը»: