ՄԻԵԴ–ն արձանագրել է Հայաստանի կողմից մարդու իրավունքների խախտում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2025 թ․ նոյեմբերի 13-ի իր վճռով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո (մասնավոր կյանքի հարգման իրավունք) խախտում «Մանուկյանն ընդդեմ Հայաստանի» (գործ N 5778/17) գործում՝ գտնելով, որ Հայաստանի իշխանությունները ապօրինաբար են միջամտել դիմումատուի մասնավոր կյանքին և չեն իրականացրել արդյունավետ քննություն։
Գործը վերաբերում է ընդդիմադիր կուսակցության ղեկավար մարմնի անդամի նկատմամբ իրականացված գործողություններին։ 2014 թ․ դիմումատուին մոտեցել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցը և նրան առաջարկել համագործակցել։ Մերժումից հետո դիմումատուին ուղղվել են մի շարք լուրջ սպառնալիքներ՝ կապված նրա և ընտանիքի անդամների անվտանգության, հնարավոր վարկաբեկման և երկրի սահմաններից դուրս գալու արգելքների հետ։ Դիմումատուն ձայնագրել է խոսակցությունը և ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, սակայն դատախազությունը հրաժարվել է հարուցել քրեական գործ՝ նշելով, թե ԱԱԾ աշխատակցի գործողություններում հանցակազմ չկա։
ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ ԱԱԾ-ն ապօրինաբար հավաքել և պահել է դիմումատուի անձնական տվյալները, իսկ ծառայության աշխատակցի սպառնալիքներն ունեցել են իրական վախ և հոգեբանական ճնշում առաջացնող բնույթ՝ ազդելով դիմումատուի անձնական անկախության և բարեկեցության վրա։ Կառավարությունը չի կարողացել ներկայացնել ազգային անվտանգությանն առնչվող որևէ հիմնավոր պատճառ, որը կարդարացներ նման միջամտությունը։
Բացի այդ, Դատարանը գտել է, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարել իրենց պոզիտիվ պարտավորությունը՝ իրականացնելու արդյունավետ քննություն դիմումատուի ներկայացրած՝ պետական պաշտոնյայի կողմից թույլ տրված հնարավոր հանցավոր գործողությունների վերաբերյալ։ Քննությունը գնահատվել է մակերեսային և անբավարար, իսկ հիմնական հանգամանքները՝ մնացել չբացահայտված։
Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը դիմումատուին վճարել 5000 եվրո՝ որպես ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցում։
Դիմումատուին ՄԻԵԴ-ում քննության փուլում ներկայացրել են Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի իրավաբանները։