Հայաստանը և Վրաստանը դինամիկ զարգացող հարաբերություններ ունեն․ Վրաստանի ԱԳ նախարար
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ներկայացրել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկված թեմաներն ու երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակը։
Բոճորիշվիլին նշել է, որ Հայաստանի արտգործնախարարին Վրաստանում հյուրընկալելը մեծ պատասխանատվություն և կարևորություն ունի․«Այսօր Թբիլիսիում հյուրընկալում ենք Հայաստանի Հանրապետության արտգործնախարար պարոն Միրզոյանին։ Շնորհակալ ենք, որ այցելել եք Վրաստան։ Մեզ համար հաճելի և մեծ պատիվ է ձեզ հյուրընկալելը»,-ասել է նա։Նախարարն ընդգծել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և բարեկամության երկարատև պատմության վրա, ինչը 2024 թվականից ձևավորված ռազմավարական գործընկերության հիմքում է։
«Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները, մեր ժողովուրդների բարեկամությունը կայուն հիմքեր ունի, և 2024 թվականից հաստատված ռազմավարական գործընկերությունը դրա արտացոլանքն է»,-նշել է Բոճորիշվիլին։ Նրա խոսքով՝ նախորդ տարին առանձնացել է երկկողմ շփումների դինամիկությամբ։ Երկու երկրների պատվիրակությունները մի շարք այցեր են իրականացրել, Վրաստանը հյուրընկալել է հայկական բարձրաստիճան պատվիրակությունների, իսկ Հայաստանի վարչապետը մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» համաժողովին։ Բոճորիշվիլին հավելել է, որ առաջիկայում սպասում են ՀՀ նախագահի այցին։«Մեր ժողովուրդների բարեկամությունը և մեր երկրների կապերը քաղաքական ինտենսիվ արտացոլանք են գտնում։ Դինամիկ զարգանում են հարաբերությունները քաղաքականության, արվեստի, մշակույթի և բազմաթիվ այլ բնագավառներում»,-ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։
Բոճորիշվիլին ընդգծել է, որ այս զարգացումները նպաստում են երկկողմ գործընկերության ամրապնդմանը և նոր ծրագրերի իրականացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր և ապագա քայլերը։