Ինը բալ սեյսմակայունություն 46 դպրոցի համար. ԱԶԲ-ն լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրի
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հայաստանի կառավարությունն իր նոյեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) լրացուցիչ ֆինանսավորում ներգրավելու որոշմանը՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը շարունակելու համար։ Այս լայնածավալ նախագծի նպատակն է ապահովել անվտանգ կրթական պայմաններ շուրջ 20,000 աշակերտի համար՝ առնվազն 46 դպրոցի սեյսմակայունությունը հասցնելով 9 բալի։
«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը» մեկնարկել է դեռևս 2016 թվականին, իսկ սկզբնական վարկային համաձայնագիրը ԱԶԲ-ի հետ ստորագրվել էր 2015-ին։ Լրացուցիչ ֆինանսավորման մասին նոր համաձայնագիրը կողմերի միջև կնքվել է 2023 թվականի նոյեմբերին։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 107 միլիոն դոլար է, որից 88.5 միլիոնը բանկի տրամադրած վարկային միջոցներն են, իսկ 18.5 միլիոն դոլարը՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։
Ծրագրի առանցքային նպատակն է առնվազն 46 դպրոցի կառուցումը կամ ամրացումը։ Որոշման հիմնավորման համաձայն՝ ընդգրկված բոլոր դպրոցները պետք է անցնեն միջազգային փորձաքննություն և ստանան 9 բալ երկրաշարժի դիմացկունության վկայական։ Մինչ օրս ծրագրի շրջանակում արդեն ավարտվել են 23 դպրոցների շինարարական աշխատանքները, որոնց արդյունքում անվտանգ պայմաններ են ստեղծվել շուրջ 15,000 աշակերտի համար։ Եվս 23 դպրոցներում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Նախատեսվում է ծրագիրն ամբողջությամբ ավարտել մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը։