Փաշինյանը հանդիպել է Ծառուկյանին. քննարկել են «ԱրարատՑեմենտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը
Քիչ առաջ կառավարությունում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Այս մասին ասել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
Մեր հարցին, թե ի՞նչ է քննարկվել հանդիպման ժամանակ, Կարապետյանը պատասխանեց. «Քննարկվել է կառավարություն-խորհրդարան հարաբերությունները, ներդրումային միջավայրի վերաբերյալ հարցեր, նաեւ «ԱրարատՑեմենտ»-ի գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը», գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Ավելի վաղ «ԱրարատՑեմենտ» գործարանի ղեկավարությունն աշխատանքից ազատման ծանուցագրեր է ուղարկել գործարանի 1200 աշխատակցի: Ըստ տնօրինության պարզաբանման, ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, և իրենք չեն կարող իրանական ցեմենտի հետ մրցակցել։
Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ գործարանում ստեղծված իրավիճակի «հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է», որով կլինկերը՝ ցեմենտի ամենաթանկ հումքը, ազատվում է մաքսատուրքից: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը տեղական արտադրողի համար մրցակցային պայմաններ ապահովելու համար Իրանից ներկրվող ցեմենտի վրա մաքսատուրք է սահմանել, բայց կլինկերի ներկրման մաքսատուրքը վերացնելու որոշում կա, ինչը ձեռնառու չէ «ԱրարատՑեմենտին»:
Կլինկերը ցեմենտի արտադրության մեջ ամենաթանկ բաղադրիչն է:
Այնուհետեւ սակայն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանն իրեն պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է, որ կրճատումներ չեն լինի: «Ծանուցագրերը ճղեք, թափեք», - ասել էր Ծառուկյանն աշխատակիցներին: