Հատուկ գործողություններ իրականացնող մեր ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում մեզ հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում: Այդ մասին Մեդիամաքսի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Սանձելու ենք հակառակորդին, որպեսզի հաջորդ անգամ նման քայլերի չդիմի: Խոսքը ոչ ստանդարտ քայլերի մասին է: Անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում»,- նշել է Տոնոյանը:
Տոնոյանը հայտարարում է խորքային հետախուզության (глубинная разведка) ստորաբաժանումների ակտիվացման մասին Ադրբեջանի տարածքում, հայկական առաջնագծերից այն կողմ, որոնք կարող են հարվածել ադրբեջանական տնտեսության կենսական նշանակության օբյեկտներին: Դրանք կարող են լինել նավթագազամուղերը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, ինչպես նաև կարևորագույն լոգիստիկ հանգույցները՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծ և այլն:
Հայկական կողմը ցանկանում է փոքր ուժերով արդյունավետ ու ասիմետրիկ հարվածներ հասցնել Ադրբեջանին, չմտնելով նավթադոլարներով հարուստ Բաքվի հետ սպառազինությունների ուղիղ մրցավազքի մեջ, որը կարող է հյուծել ՀՀ-ի ռազմական բյուջեն:
Հակառակորդի թիկունքում քաոս ստեղծելու մասին Տոնոյանի հայտարարությունը խոսում է այն մասին, որ հայկական կողմը փորձում է ստեղծել իսրայելական կոմմանդոսի (Магла́н) կամ ՌԴ-ի հատուկ օպերացիաների ուժերի (Силы специальных операций) նմանությամբ ջոկատներ՝ խորքային հետախուզություն, հետախուզա-դիվերսիոն և այլ հատուկ գործողությունների իրականացման համար:
Հաշվի առնելով Հարավային Կովկասի ռելիեֆը, խոսքը կարող է գնալ նաև լեռնային հրաձիգների (горные стрелки) ջոկատների ստեղծման ու նրանց հենքի վրա խորքային հետախուզության ստորաբաժանումների ձևավորման մասին:
Տոնոյանի մեսիջն անպայման վերլուծվելու է նաև Ադրբեջանի ԳՇ-ում ու ՊՆ-ում, հակառակորդն այս հայտարարության համատեքստում կարող է ուժեղացնել առաջնագիծն ու միջդիրքային տարածությունն, այն հագեցնելով նորանոր ինժեներական կառույցներով, ինչպես նաև ավելի ակտիվ օգտագործել անօդաչուները, որպես դիվերսիոն խմբերի հայտնաբերման լավագույն միջոցներից մեկը:
Հայ-ադրբեջանական հակամարտությունն աստիճանաբար խրամատային պատերազմից վերածվում է ավելի բարդ ռազմական գործողություններ ենթադրող smart պատերազմի՝ դրանից բխող պահանջներով թե՛ բանակին, թե՛ ռազմական ղեկավարությանը: