Հայաստանը չի առաջարկում արցախյան հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխություն: Հայաստանն առաջարկում է բանակցային ֆորմատի վերականգնում: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա բերել է մի քանի փաստ, որ Ղարաբաղը եղել է բանակցություններում, ճանաչվել է հակամարտության կողմ ոչ միայն միջազգային հանրության, այլև Ադրբեջանի մասին:
«Երբ ՄԽ-ն ձևավորվեց, ընդգծվեց, որ հրավիրվում են համաժողովի որպես շահագրգիռ կողմ Ղարաբաղի ներկայացուցիչները: 1994թ. մայիսին հրադադարի պայմանագիրը կնքել է 3 կողմ, այդ թվում՝ Ղարաբաղը: Այս փաստաթուղթը ստորագրել են հակամարտող կողմերը: Ադրբեջանի պաշտպանության նախարարը ստորագրել է թուղթ Հայաստանի պաշտպանության նախարարի ու Ղարաբաղի պաշտպանության բանակի հետ»,- հիշեցրել է Նիկոլ Փաշինյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո, որտեղ հստակ նշված է, որ բանակցային ձևաչափի փոփոխություն չի լինելու և բանակցություններն ընթանալու են ՀՀ-Ադրբեջան ձևաչափով, Փաշինյանը կրկին խոսում է բանակցային գործընթաց Արցախի վերադարձի մասին:
Փաշինյանը բերում է փաստարկներ, որ Ղարաբաղը ժամանակին հանդիսացել է բանակցությունների կողմ, սակայն այդ ժամանակներն արդեն անցել են: Տասնամյակներ շարունակ բանակցային Երևան-Բաքու ֆորմատը գործել է Մինսկի խմբի հովանու ներքո, թեև մի շարք առաջարկություններ եղել են՝վ երջինը կապված մադրիդյան սկզբունքների հետ:
Թե ինչու Արցախը դուրս մնաց բանակցություններից՝ արդեն այլ հարց է, սակայն դե-ֆակտո մինչև թավշյա հեղափոխությունը ղարաբաղյան բանակցություններին մասնակցում էին Ադրբեջանի ու ՀՀ-ի նախագահները՝ Մինսկի խմբի կազմակերպչական ջանքերով:
Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ բանակցություններ չի վարելու Արցախի հետ, դա նրանց համար կարմիր գիծ է և փոփոխության չի ենթարկվելու:
Ինչ վերաբերվում է Մինսկի խմբին, ապա համանախագահ երկրներն իրենց վերջին հայտարարության մեջ նշել են, որ բանակցային ֆորմատը չի փոխվելու և նրանք նախապատրաստում են Ալիև-Փաշինյան հերթական հանդիպումը:
Փաշինյանի փաստարկները, կապված Արցախի հետ, ո՛չ Մինսկի խմբին, ո՛չ էլ Իլհամ Ալիևին չեն հետաքրքրում՝ նրանք հստակ սահմանել են բանակցային ֆորմատն իր մասնակիցներով, որտեղ, ցավոք, առկա չէ Արցախը:
Բանակցային գործընթացում ստեղծվել է բարդ և պայթյունավտանգ իրավիճակ. առաջին անգամ Ադրբեջանն ու Մինսկի խումբն ունեն մեկ հստակ դիրքորոշում, իսկ ՀՀ-ն՝ այլ դիրքորոշում՝ կապված բանակցային ֆորմատի հետ:
Եթե ՀՀ-ն շարունակի պնդել Արցախի բանակցային սեղանին վերադարձի մասին, դա կարող է ընկալվել, որպես բանակցությունների տորպեդահարում: Այս պարագայում իրավիճակն առաջնագծում կարող է լարվել՝ Բաքուն կարող է հայկական կողմին փորձել ստիպել վերադառնալ բանակցային սեղան արդեն զենքի ուժով:
Արցախը կարող է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ միայն մի դեպքում՝ նոր պատերազմի դեպքում Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու և խաղաղության համաձայնագրին առանց ՀՀ-ի, որպես անկախ սուբյեկտ մասնակցելու տեսքով:
Միայն նոր պատերազմը կարող է ձևավորել տարածաշրջանային նոր ստատուս-քվո, որի հետ հաշվի կնստի թե՛ Բաքուն, թե՛ Մինսկի խումբը: