ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ Արցախում սպասվում են ռազմական թևի ներկայացուցիչների հրաժարականներ: Խոսքը, մասնավորապես, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի ու ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի մասին է:
Արցախում ներքաղաքական անկայունությունը շատ վտանգավոր է, հաշվի առնելով պատերազմական վիճակն ու հակառակորդի կողմից Արցախում ցանկացած ցնցում որպես հարձակման համար լավագույն առիթ օգտագործելու հանգամանքը:
Արցախը միջազգային հանրությանը ներկայացվում է, որպես անկախության ձգտող պետական միավոր և ՀՀ-ի կողմից Արցախում պաշտոնանկությունների հրահրումն ու միջամտությունը պետության ներքին հարցերին կարող է օգտագործվել Բաքվի կողմից, որպեսզի ի ցույց դրվի այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն ինքնուրույն միավոր չէ և որ այնտեղ նշանակումները կատարվում են ու պաշտոնակությունները կազմակերպվում են Երևանի հրահանգով: Դա հարված է հայկական դիվանագիտության այն թեզին, որ Արցախն ինքնուրույն պետական միավոր է, ունի սեփական իշխանություն` խորհրդարան, նախագահ, բանակ:
Լևոն Մնացականյանն ու Վիտալի Բալասանյանը պատերազմի հերոսներ են, արցախյան ազատամարտի վետերաններ և Արցախում վայելում են հասարակության վստահությունն ու հարգանքը: Նրանց պաշտոնանկությունները կարող են միանշանակ չընկալվել հանրության կողմից, պաշտոնանկության համար պետք է լինեն լիարժեք փաստարկներ ու պատճառներ: Երկուսն էլ իրենց գործում պրոֆեսիոնալներ են. ՊԲ-ի մարտունակության բարձրացման հարցում մեծ դերակատարում ունի Լևոն Մնացականյանը, ինչը կարող են հաստատել ռազմական փորձագետներն ու պատերազմի վետերանները, ովքեր տեսել են Մնացականյանին մարտի դաշտում:
Վիտալի Բալասանյանն էլ մինչև ԱԱԽ քարտուղարի պաշտոն զբաղեցնելը Արցախում զբաղվում էր ակտիվ քաղաքականությամբ` ընդդիմադիր գործունեությամբ, իսկ Երևանում ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մեծ դերակատարում ունեցավ «Սասնա ծռերի» ու այդ օրվա իշխանությունների բանակցությունների կազմակերպման ու «Սասնա ծռերի» կողմից զենքերը վայր դնելու ու հանձնվելու գործողության ժամանակ:
Բալասանյանի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել մեծ արյունահեղությունից ՊՊԾ գնդում ու «Սասնա ծռերի» անդամները ողջ կարողացան դուրս գալ գնդի տարածքից ու կանգնել դատարանի առաջ:
Թավշյա հեղափոխությունից հետո էլ նրանք հայտնվեցին ազատության մեջ ու ստեղծելով «Սասնա ծռեր» կուսակցությունը՝ մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին:
Վիտալի Բալասանյանը նաև լուրջ դերակատարում ունեցավ 2016թ.-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ հակառակորդին դիմագրավելու հարցում, և ահա այս երկու գործիչների հրաժարականը կարող է թուլացնել Արցախի պաշտպանունակությունն ու բանակի մարտունակությունը: Ռազմական թևի ներկայացուցիչների հրաժարականը կարող է առաջացնել ներքաղաքական լարվածություն, Արցախի հանրության կողմից դա կարող է ընկալվել, որպես «Արցախը հանձնելու ծրագիր» ու առաջացնել բողոքի ցույցեր ու անգամ արտագաղթին նպաստել:
Արցախում ներքաղաքական իրավիճակը չի կարելի արհեստականորեն լարել: Հասարակության մեծամասնության համակրանքը վայելող Բակո Սահակյանն արդեն իսկ հայտարարել է, որ 2020թ.-ին հեռանալու է իր պաշտոնից և հավանաբար նրան կփոխարինի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով Արցախում ունի լուրջ ֆինանսական, վարչական ռեսուրսներ ու մեծ ճանաչվածություն հանրության կողմից: Արցախի իշխանությունները որոշել էին ընտրել անցնցում իշխանափոխության ճանապարհը` հեռացող Բակո Սահակյանին փոխարինում է Արայիկ Հարությունյանն: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո Արցախի ներքաղաքական կյանքում հայնտվեց նոր գործոն` «Սասնա ծռեր» կուսակցությունը, որը հայտարարում է Արցախում իշխանափոխության մտադրության մասին, փաստացի չսպասելով մինչև լրանա Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը, ինչը վտանգավոր առճակատման ու արհեստական բաժանարար գծեր կարող է առաջացնել Արցախի հասարակության շրջանում:
Նման զարգացումների ֆոնին կարևորվում է Արցախի հասարակության միասնականության պահպանման, բանակի մարտունակության բարձրացման հարցը` Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է ռազմական գործողությունների: Արցախը պետք է այդ մարտահրավերն ընդունի միասնական`մի կողմ դնելով ներքաղաքական հարցերն ու սկսի համախմբվել գործող իշխանությունների շուրջ: Համախմբումն այս փուլում Արցախի համար առաջնահերթությունն է: Արցախում համախմբման կենտրոն կամ բևեռ կարող է դառնալ Սամվել Բաբայանը, ով վայելում է արցախցիների հարգանքն ու հեղինակություն է վայելում բանակում ու վետերանների շրջանում:
Բաբայանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ պատրաստ է աջակցել բանակաշինության գործին, նա սուր քննադատության է ենթարկել բանակում առկա բացերն ու առաջարկել այդ թերությունները վերացնելու տարբերակներ: Սամվել Բաբայանի ներուժը` ռազմական փորձն ու գիտելիքներն պետք է օգտագործվեն, նա կարող է վեր կանգնելով ներքաղաքական, ներկուսակցական տարբեր հակասություններից, որպես Արցախի պատերազմի խորհրդանիշ, իր շուրջ համախմբել ռազմաքաղաքական ղեկավարությունն ու փորձել հարթել տարբեր կենտրոնների կողմից տարաձայնությունները:
Եթե Լևոն Մնացականյանի հրաժարականի լուրը հետագայում հաստատվի կամ գնան նրան ու Վիտալի Բալասանյանին պաշտոններից հեռացնելու ճանապարհով, ապա ՊԲ հրամանատարի լավագույն ու գրեթե միակ թեկնածուն Սամվել Բաբայանն է: Նրա անունը շատ լավ հայտնի է Ադրբեջանում ու դա կարող է զսպիչ դերակատարում ունենալ Բաքվի վրա, իսկ Արցախում ու Հայաստանում նրան գիտեն, որպես իսկական մարտիկ, հրամանատար ու «կոմանդույուշի» `այսպես են նրան անվանում արցախցիները:
Սամվել Բաբայանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ չի ձգտում պաշտոնների, սակայն ռազմական թևը չթուլացնելու համար նա պետք է օգտագործի իր փորձն ու գիտելիքները, եթե, իհարկե, Արցախի ու ՀՀ-ի ղեկավարությունը կոնսենսուսային որոշում ընդունեն նրան այդ պաշտոնում նշանակելու կապակցությամբ: