Անպատշաճապահություն, ներքին գործերին միջամտություն. ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Բոլթոնի խոսքերը
ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես արձագանքել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Երևանում հնչեցրած հայտարարություններին:
«Վերջերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել էր ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միսլի «հրաժեշտի» ելույթը: Վերջինս հրապարակայնորեն հանձնարարականներ տվեց հյուրընկալ երկրի ղեկավարությանը տնտեսական քաղաքականության հարցերում եւ տեղի հասարակական կազմակերպություններին խոստացավ հսկայական ֆինանսավորում կառավարությանը վերահսկելու դիմաց:
Թվում էր՝ ավելի մեծ անպատշաճապահություն, որը տարբերակելի չէ ներքին գործերին ուղղակի միջամտությունից, հնարավոր չէ պատկերացնել: Բայց պարզվեց, որ հնարավոր է:
Օրերս Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հրապարակավ պահանջեց, որպեսզի Հայաստանը հրաժարվի «պատմական կլիշեից» իր միջազգային հարաբերություններում (առանձնապես չէր թաքցվում այն, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին էր): Նա նաեւ ասել է, որ սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո ակնկալում է Նիկոլ Փաշինյանից ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլեր: Բնականաբար, չմոռացավ գովազդել ամերիկյան զենքերը, որոնք Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսական փոխարեն:
Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ Բոլթոնի Երեւանում հնչեցրածից արժանի է քննադատության: Հոկտեմբերի 25-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա հրաշալի միտք հնչեցրեց. «Հայաստանի համար հիմնարար նշանակություն ունի լիովին ինքնիշխան լինելը, եւ ոչ թե կախված կամ ենթակա լինել արտաքին ազդեցությունից»: Լավ կլինի Ջոն Բոլթոնը իսկապես խորհեր իր ասած բառերի իմաստը», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: