Հայաստանի ՊՆ մասնագետների Սիրիա գործուղման վերաբերյալ որոշումը մեզ համար լուրջ բարդություններ է առաջացրել Վաշինգտոնում: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նա ակադեմիական այց էր կատարել Վաշինգտոն եւ հանդիպումներ ունեցել գիտական կենտրոնների (think tanks), ակադեմիական շրջանակների, պետական մի շարք հինմնարկների ներկայացուցիչների (այդ թվում անվտանգության խորհրդի) և լոբբիստների հետ:
«Ձեռքս Վաշինգտոնի զարկերակի վրա է: Այո, Վաշինգտոնում ունենք որոշակի դժվարություններ ու խնդիրներ և համարում եմ, որ ակտիվ գործ կա անելու: ՊՆ մասնագետների Սիրիա գործուղման վերաբերյալ որոշումը մեզ համար լուրջ բարդություններ է առաջացրել Վաշինգտոնում: Հոկտեմբերին ԱՄՆ շատ բարձրաստիճան պաշտոնյա կժամանի Հայաստան` քննարկելու նաև այս հարցը: Լուրջ պատրաստվել է պետք ու նոր` հայ-ամերիկյան օրակարգ ներկայացնել», - նշում է նա:
Նրա խոսքով Հայաստանը պետք է իր հանդեպ հետաքրքրություն ձեւավորի ԱՄՆ-ում։ «Պետք է վերջապես մեր հանդեպ հետաքրքրություն ձևավորենք Թրամփի վարչակազմում», -եզրափակում է նա:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը Սիրիայում՝ մասնավորապես Հալեպում, Ռուսաստանի հետ համատեղ մարդասիրական առաքելություն կիրականացնի: Նա այդ մասին ասել էր Մոսկվա կատարած այցից հետո:
Նա հավելել էր, որ այդ մարդասիրական առաքելությունն անցկացվելու է Ռուսաստանի հետ համատեղ: Փաշինյանը հույս էր հայտնել, որ գործընթացում կներգրավվեն միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ:
«Հայաստանն այդ հարցում հատուկ հետաքրքրություն ունի, քանի որ Սիրիայում հայկական համայնք կա, այն հատկապես մեծ է Հալեպում։ Մենք կարևոր ենք համարում մարդասիրական օգնություն ցուցաբերելը: Տվյալ դեպքում խոսքն ականազերծման և բժշկական օգնության տրամադրման մասին է»,-պարզաբանել է Փաշինյանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել էր, որ սա ամբողջությամբ հումանիտար ծրագիր է, ոչ մի ռազմական տարր չի պարունակում:
Պաշտպանության նախարարության մասնագետների խումբ, այնեւհետեւ մանրամասնել էր Պնախարար Դավիթ Տոնոյանը, կազմված բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից եւ նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից։
Ըստ նախարարի, բնական է, որ ՊՆ մասնագետները հիմնականում զինվորականներ են, սակայն դա ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել որպես մարտական զորախումբ, քանի որ հայ մասնագետների խումբը Սիրիայում մարտական խնդիրներ չի կատարելու, այլ զբաղվելու է բացառապես հումանիտար խնդիրներով: Հետեւաբար, այն ունենալու է ոչ թե զորախմբի, այլ մասնագետների խմբի կարգավիճակ: