VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ի կողմից օպերացիան, որն իրականացվեց Մանվել Գրիգորյանի «պանսիոնատում», պետք է հայտնաբերեր զենք-զինամթերք, բայց առաջին հերթին՝ ոսկու «սլիտկաներ»՝ բավականին մեծ քանակությամբ, ինչի մասին եղել է «նավոդկա», սակայն գտան բոլորովին այլ բան՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ ուղարկված օգնությունը։ ԱԱԾ աշխատակիցները փնտրել են, հետո տունը նայողներին ասել՝ որտե՞ղ հով տեղ կա, մի քիչ նստենք, բացել են այդ դուռը, անվտանգության աշխատակիցները նստել են «տուշոնկայի արկղի վրա», արկղերից մեկն ընկել է, եւ «բավականին հետաքրքիր պատկեր» է բացահայտվել՝ ասաց մեր աղբյուրը։ «Մանվելը հեռախոսով խոսելիս ասել է, որ հասկանում է՝ Նազիկին էլ կվերցնեն, ասել է, որ իրեն ԱԱԾ աշխատակիցները լավ են վերաբերվում, դեղերը ժամանակին տալիս են։ Հետաքրքրվել է, թե ով իր մասին ինչ է ասել, ինչպես են քվեարկել ԱԺ-ում, մտերիմներին խնդրել է՝ Նազիկի ձերբակալության դեպքում խոսք տան, որ էրեխեքին տիրություն կանեն»։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մանվելին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը «դեմ» քվեարկողներից մեկն էլ Սեյրան Սարոյանն է, թեեւ «կամերաների» առաջ ինչ ասես՝ չասաց Մանվելին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բացահայտ սաբոտաժ է սկսել Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ: Բանն այն է, որ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանի միջազգային վարկանիշը բավական աճել է, եւ հիմա ՀՀ ԱԳՆ-ն պետք է ջանք ու եռանդ չխնայեր քայլեր անելու, որպեսզի բարձր վարկանիշը պահպանվեր: ԱԳ նախարարը պետք է հանձնարարական տար հայաստանյան դեսպանատներին, որպեսզի դիվանագետներն օտարերկրացի պաշտոնյաների հետ իրենց հանդիպումներում ներկայանցնեն նոր Հայաստանում ստեղծված իրավիճակը, դրական փոփոխությունները շեշտելու Հայաստանի տարբերությունը Ադրբեջանից` որպես անվտանգության խնդիր: Միաժամանակ նախարարն ինքը պետք է իր հանդիպումներում մշտապես խոսեր այս թեմայով: Բայց արի ու տես, որ, ընդհակառակը, որեւէ քայլ չի արվում: Պատճառը դժվար չէ ենթադրել. տեսակետ կա, որ սա կազմակերպված սաբոտաժ է, որում իր դերակատարությունն ունի նախագահ Արմեն Սարգսյանը. ի վերջո, Զոհրաբ Մնացականյանը նրա կադրն է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Մնացականյանը դեռ 1993թ մշտապես աշխատել է Արմեն Սարգսյանի հետ: Ասում են՝ ԱԳ նախարարի պաշտոնում նրա հայտնվելը եւս Սարգսյանի շնորհիվ է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը հայտնվել է աննախանձելի վիճակում: Բանն այն է, որ իրավապահները մեկը մյուսի հետեւից նոր բացահայտումներ են անում: Եւ ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Ազգային Անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության ղեկավար կազմը մինչեւ ուշ գիշեր առանց հանգստյան օրերի մնում են իրենց աշխատավայրերում: Սա մի կողմից գերծանրաբեռնվածության պատճառով, մյուս կողմից՝ ամեն րոպե անցանկալի իրավիճակներում արագ արձագանքման պատրաստ լինելու համար»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնում Մանվել Գրիգորյանից ու մանվելիզմից ազատվելու պայքարը շարունակվում է: Քաղաքում հայտնվել են թռուցիկներ, որոնց հեղինակները կոչ են անում չօգտվել Գրիգորյաններին պատկանող գազի լցակայաններից, հացաթխման արտադրամասերից, տաքսիներից, առևտրի և սպասարկման այլ օբյեկտներից: Միայն նրանց բիզնեսը բոյկոտելու միջոցով է հնարավոր նրանց դուրս մղել Էջմիածնից, որտեղ նրանք տեղավորվել են հիմնավորապես, ըստ էության՝ սեփականաշնորհելով ամեն ինչ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի բռնապետության տապալումից հետո կրքերն Էջմիածնում չեն դադարում։ Երեկ տարբեր աղբյուրներից տեղեկություններ ենք ստացել, որ որոշ մարդիկ կամ խմբեր հակված են գեներալի ընտանիքի կամ կողմնակիցների հետ վենդետա իրականացնել, որը տարբեր դրսևորումներ է ստանում։ Օրինակ՝ բռնության սպառնալիքներ են հնչում քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ։ Իսկ երեկոյան լուրեր հասան, որ նախորդ գիշեր անհայտ անձինք քարեր են նետել գեներալի տան ուղղությամբ, որպեսզի կոտրեն ապակիները։ Փորձեցինք կապ հաստատել կնոջ՝ Նազիկի հետ, բայց՝ ապարդյուն։ Տիկին Նազիկն ամուսնու ձերբակալությունից հետո զբաղված է ԵԿՄ-ով և նախորդ օրը «կռիսներ» է անվանել այն ԵԿՄ-ականներին, որոնք պաշտոնից ազատվելու դիմումներ են ներկայացրել։ Տեղեկացանք նաև, որ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներին պատկանող բիզնես-օբյեկտներից ոչ մեկը չի աշխատում՝ բոլորը փակ են»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ խորհրդարանական խմբակցությունները կոնսենսուսի են եկել միասնական աշխատանքային խումբ ձևավորելու հարցում, որը կնախապատրաստի ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ: «Փաստ»-ի ունեցած տվյալներով, համաձայնությունը միայն այս հարցով չէ, որ արդեն ձեռք է բերվել: Մասնավորաբար, կա նախնական պայմանավորվածություն՝ արտահերթ ընտրություններն անցկացնել հոկտեմբեր-նոյեմբերին: Միակ խոչընդոտն այս հարցում մնում է Ընտրական օրենսգրքի փոփոխության և նոր ընտրությունների անցկացման միջև առկա ժամկետային սահմանադրական սահմանափակումը: Սակայն այս հարցը կարգավորելու համար հիմա, մեր աղբյուրների համաձայն, իրավաբանները «գլուխ են կոտրում»: Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա հիմնականը, որի շուրջ շատ դժվար են համաձայնության գալու, վարկանիշային ընտրակարգի վերացումն է, որին դեմ է միայն ՀՀԿ-ն»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են, հասել են նաեւ մարզեր։ Մենք տեղեկացանք, որ օրերս ազատվել է համակարգի երկարամյա պաշտոնյաներից ՊԵԿ ՕՀՎ Եղեգնաձորի բաժնի պետ Մովսես Արոյանը՝ Մոսոն, որը ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի աներորդին է։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Լեոնարդ Պետրոսյանի որդին՝ Նվեր Պետրոսյանը, ով նախկինում եղել է ՊԵԿ ՕՀՎ Աշտարակի, Մաշտոցի, Էրեբունու պետը»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում պարբերաբար հանրահավաքներ են կազմակերպվում քաղաքապետի հրաժարականի պահանջով։ Հանրահավաքները մեծ չեն՝ 40-50 երիտասարդներ հավաքվում են և բարձրաձայնում, որ քաղաքապետը պետք է հեռանա նոր իրողությունների պայմաններում։ Մեզ հասած տեղեկություններով՝ Արմավիրի քաղաքապետի հրաժարականի հետևում կանգնած է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, քանի որ նա վաղուց աչք ունի քաղաքապետի պաշտոնի վրա։ Արմավիրի քաղաքապետի պաշտոնը Ռուստամ Գասպարյանին խոստացել էր նաև Սերժ Սարգսյանը։ Ճիշտ է, վերջինս օբյեկտիվ պատճառներով չհասցրեց իր խոստումն իրականություն դարձնել, բայց Գասպարյանը, օգտվելով ստեղծված իրավիճակից, որոշել է իր ցանկությունները իրականություն դարձնել»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 29-ին ֆինանսների փոխնախարար նշանակված Արման Պողոսյանը մեծ թվերի հասնող փոխառություններ է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Պաշտոն ստանձնելու հայտարարագիր կայքում դեռևս չկա: Մինչ այս նշանակումը Պողոսյանը զբաղեցրել է ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետի պաշտոնը: Հայտարարագրի համաձայն՝ նախորդ տարվա սկզբին ունեցել է 84 հազար 594 ԱՄՆ դոլար փոխառություններ: Տարվա ընթացքում հանձնել է ևս 23 հազար 321 դոլար ու 19 միլիոն 633 հազար դրամ փոխառություններ: Արդեն տարեվերջին իրեն են վերադարձրել դոլարով արտահայտված ամբողջ փոխառությունները և իրեն «պարտք» են մնացել միայն 19 միլիոն 633 հազար դրամ: Դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 2 միլիոն դրամ, 67 հազար ԱՄՆ դոլար ու 2 հազար եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 15 միլիոն 593 հազար դրամ, որից 11 միլիոն 939 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 3 միլիոն 654 հազար դրամը՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս»: