26.11.2024
ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի համար ռուսական $270 մլն վարկի վերադարձը կներառվի սակագնի մեջ. ՀԾԿՀ
prev Նախորդ նորություն

Ոչ՝ քաղաքական բարեգործությանը, այո՝ կուտակայինին. ԱԺ-ն ընդունեց աղմկահարույց օրինագծերը

Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ նիստում ընդունվել են երկու աղմկահարույց օրենքի նախագծեր: Խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու նախագիծը եւ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:


Խորհրդարանն ընդունել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու նախագիծը, համաձայն որի կենսաթոշակային համակարգի մասնակիցն իր աշխատավարձից կուտակվող 10%-ից կվճարի 2,5%-ը՝ նախկին 5%-ի փոխարեն: Այն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: Նախագծին կողմ է քվեարկել 79 պատգամավոր, 2 դեմ և 7 ձեռնպահ է եղել: Քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ իրենք ձեռնպահ են լինելու:


Ավելի վաղ, կառավարության արտահերթ նիստում ընդունվել էր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր վարձու աշխատողների համար։


Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են, որ այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը, և տվյալ խնդրի շուրջ որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն ռիսկերը, որ ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության վրա:


Խորհրդարանը միաձայն ընդունել է նաեւ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը, որին ավել վաղ դեմ էին հանդես եկել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:


Ազգային ժողովում քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք որոշ տարակարծություններ են ունեցել «Բարեգործության մասին» օրենքի հետ կապված, սակայն գործընկերների հետ քննարկումից հետո տարակարծություններ այլևս չկան, և իրենք կողմ են քվեարկելու:


Օրենքում փոփոխությունների նախագիծը բացասաբար էր ընդունվել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կողմից: Նրանք հայտարարում էին, որ օրինագիծը մշակվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից՝ դաշինքի առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի գործունեության դեմ:


Փոփոխված օրենքով նախատեսվում է բարեգործական ծրագրերի համակարգման համար վարչապետի որոշմամբ խորհրդակցական հանձնաժողով ստեղծել, որի կազմը և կանոնադրությունը ևս հաստատում է վարչապետը:


Հանձնաժողովը զբաղվում է բարեգործական ծրագրերը գրանցելով, դրանց կարգավիճակը փոփոխելով և վարելով բարեգործական ծրագրերի վարչական ռեգիստրը: Այն ստանում է տեղեկություն ծրագրերի իրականացման ընթացքի և ավարտի վերաբերյալ, ևանհրաժեշտության դեպքում ստուգում անցկացնելու վերաբերյալ միջնորդություններ է ներկայացնում պետական մարմիններին:


Օրենքով բարեգործական որակման ենթակա չէ կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին դրամական և այլ միջոցների հատկացումը, ինչպես նաև բարեգործական ծախսերի համար դրամական միջոցների ստացման՝ ապրանքների առուվաճառքի գործարք ներառող ծրագիրը: