27.11.2024
Եթե կողմերը որոշեն և Արցախը վերադառնա բանակցային սեղան՝ մենք կհարգենք այդ որոշումը. Լավրով
prev Նախորդ նորություն

Թուրքիան և Ադրբեջանն ուժեղացնում են Նախիջևանի գործոնը

Թուրքիան երկաթուղի կկառուցի դեպի Նախիջևան. Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու նախագծման աշխատանքները կսկսվեն 2018-ի ավարտին կամ 2019-ի սկզբին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կոմունիկացիաների նախարար Ահմետ Արսլանը:


Նոր տրանսպորտային նախագիծը ենթադրում է 224 կմ երկարությամբ երկաթգծի կառուցում: Երկաթուղին հաշվարկված կլինի արագընթաց գնացքների գործարկման հեռանկարով, որոնք ժամում մինչև 160 կմ արագություն են բացում:

Ըստ նախարարի, նոր երկաթուղին կմիանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն, հետագայում Կապիկկուլե-Կարս գծին միանալու հեռանկարով, որը հատում է Թուրքիայի ամբողջ տարածքն արևելքից արևմուտք:


Հիշեցնենք, որ Թուրքիան նաև ազատ տնտեսական գոտի է ստեղծում Նախիջևանի հետ։ Այդ մասին վերջերս հայտարարել էր Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը:


Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Նախիջևանը միշտ էլ դիտարկվել է, որպես ՀՀ–ի ու Իրանական Ադրբեջանի դեմ գործելու «գործիք» ու պլացդարմ` Սյունիքին սպառնալու ու հետագայում Ադրբեջանի հետ պանթուրքիստական ռազմավարության շրջանակներում միանալու համար։


Թուրքիան ցանկանում է «կլանել» Նախիջևանն, այդ թվում Իրանի ազդեցությունն այնտեղ զսպելու համար։


Տնտեսական, տրանսպորտային և այլ նախագծեր իրականացնելով նրանք ցանկանում են Նախիջևանը դարձնել Հարավային Կովկասում սուբյեկտ, գործոն, որը կարող է այնտեղ տեղակայված զգալի ռազմական ներուժի միջոցով անընդհատ լարվածության մեջ պահել ու կենտրոնացնել ՀՀ–Նախիջևան սահմանին զգալի հայկական ուժեր, որոնք չեն կարող անհրաժեշտ պահին օգնության հասնել Արցախին: Ինչպես նաև Նախիջևանի գործոնի միջոցով ժամանակ առ ժամանակ ապակայունացնել Իրանի հյուսիսը` Թեհրանն ու Անկարան տնտեսական գործընկերներն են, սակայն հավերժ աշխարհաքաղաքական հակառակորդներ։


Բացի այն, որ երկաթգիծը կունենա տնտեսական և տրանսպորտային նշանակություն Թուրքիա-Նախիջևան-Իրան-Պարսից ծոց ուղղության վրա, Նախիջևանն էլ կվերածվի տարանցիկ միջանցքի ու լոգիստիկ կենտրոնի, այդ երկաթգիծը կարող է ունենալ նաև ռազմական նշանակություն:


Օրերս Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում համատեղ զորավարժություններ էին անցկացնում, որոնց Նախիջևանից միացել էր Առանձին համազորային բանակը: Այս երկաթգծի շնորհիվ թուրքական զորքերը կարող են ավելի օպերատիվ ու մեծ քանակությամբ տեղափոխվել Նախիջևան` օգնության հասնելով Ադրբեջանին, ինչպես նաև ադրբեջանական կողմը Նախիջևանի համար ռազմամթերք ու զինտեխնիկա կարող է ստանալ Թուրքիա-Նախիջևան տրանսպորտային այդ նոր միջանցքով: