Եթե կողմերը որոշեն և Արցախը վերադառնա բանակցային սեղան՝ մենք կհարգենք այդ որոշումը. Լավրով
Ռուսական կողմը կշարունակի առաջկցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փոխընդունելի լուծումների որոնմանը: Այս մասին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Մենք միշտ եղել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով խնդրի լուծման կողմնակից: Մենք համոզղված ենք, որ դա օպտիմալ ձևաչափն է և որպես համանախագահող մենք հետաքրքրված ենք ու շահագրգռված ստեղծել պայմաններ, որոնք հնարավորություն կտան Երևանին ու Բաքվին գալ համաձայնության»,- ասել է նա:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որը Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղան, Լավրովն ընդգծել է. «Եթե որևէ փուլում կողմերը համաձայնության գան, որ Արցախը պետք է նորից ներկայացված լինի բանակցային գործընթացում, մենք կհարգենք այդ որոշումը»:
Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում հայտարարել էր, որ Արցախը պետք է վերադառնա Ադրբեջանի հետ բանակցային սեղան, քանի որ Հայաստանը չի կարող բանակցել ԼՂ իշխանությունների փոխարեն։ Այս հայտարարությունն առաջացրել էր ադրբեջանական կողմի դժգոհությունը։