ՀՀ-ի ներքաղաքական զարգացումները զուտ ներհայաստանյան օրակարգ է. ԱԳ նախարարը՝ Մոսկվայում
Հունիսի 7-ին Մոսկվա այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային նախաճաշ ունեցավ ՌԴ Պետական Դումայի և Դաշնային Խորհրդի՝ բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող պատգամավորների և սենատորների հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով Զոհրաբ Մնացականյանին՝ ռուսաստանցի օրենսդիրներն ընդգծեցին նման մակարդակով պարբերական հանդիպումների անցկացման կարևորությունը՝ առաջին ձեռքից երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության զարգացումներին տեղեկանալու առումով։ Վերջիններս իրենց աջակցությունը հայտնեցին հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերին:
Անդրադարձ կատարվեց Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին, որը երկկողմ դաշնակցային հարաբերությունների առաջ մղման հարցում իր ուրույն դերակատարությունն ունի:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ այդ զարգացումների օրակարգը զուտ ներհայաստանյան էր, բոլոր փոփոխությունները տեղի են ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Կառավարության ծրագիրը և այնտեղ մատնանշված առաջնահերթությունների հիմնական խնդիրները, կառավարության կողմից մատնանշված արտաքին քաղաքական գլխավոր ուղղությունները: Այս համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձավ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարին՝ ընդգծելով, որ հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունները բնական են և բանական:
Հայաստանի արտգործնախարարը և Ռուսաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչները բարձր գնահատեցին հայ-ռուսաստանյան խորհրդարանական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։
Զրուցակիցները կարևորեցին հայ համայնքի արդյունավետ դերակատարությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական, եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման գործում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և կարևորեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի կարևոր ներդրումը: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ շեշտելով, որ հայկական կողմի համար առաջնայինն Արցախի կարգավիճակն է և Արցախի բնակչության անվտանգությունը: