Լավրովն ու Մնացականյանը կքննարկեն Լարսին այլընտրանք փնտրելու հարցին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 6-7-ը Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում կանդրադառնա Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհին՝ Լարսին այլընտրանք փնտրելու հարցին:
ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով, առաջին հերթին հենց Հայաստանն է շահագրգռված, որպեսզի Ռուսաստանի հետ ունենա այլընտրանքային կապ և անելու է ամենը, որպեսզի օր առաջ այդ ճանապարհի բացումը տեղի ունենա:
Բալայանի խոսքով, հասկանալի պատճառներով պայմանավորված՝ որոշ կողմեր նպաստում են ճանապարհի բացմանը, մյուսները փորձում խանգարել դրան: «Հայաստանը կողմնակից է, որպեսզի մինչև վերջնական համաձայնությունների ձեռքբերումը, մինչև հստակ պայմանավորվածությունները և դրանց կիրառումը, հնարավորինս խորհրդապահական մնալ»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, մայիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում և քննարկել 2011 թվականին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառկման մանրամասներ: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձևավորվի եռակողմ հանձնաժողով` Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից: Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում Հայաստանը կունենա բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ կլինի: