28.03.2024
«Ամենաանպատրաստ գեներալը» նշանակվել է ԶՈւ-երի ԳՇ պետ. Արթուր Աղաբեկյանը մտահոգված է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Մեկ ամսից Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանն այլևս հարևաններ չեն լինի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ կառավարությունը մեկ ամիս հետո Սերժ Սարգսյանին կհատկացնի Մոնումենտում գտնվող՝ հատուկ հյուրերի համար նախատեսված առանձնատունը, որը ժամանակին կառուցել է հենց Սերժ Սարգսյանը՝ բարձրաստիճան ԿԳԲ-ական հյուրերի համար։ Ժամանակին այնտեղ էր հանգրվանում Վլադիմիր Պուտինը, երբ ժամանում էր Հայաստան։ Փաստորեն, մեկ ամիս հետո Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանն այլեւս հարեւաններ չեն լինի»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տեսանելի քայլեր է անում: Դեռ մայիսի 19-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում կոռումպացված ու ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն: ԱԱԾ տնօրենը նաեւ խոստացել էր, որ այդ ուղղությամբ հստակ քայլերը կմեկնարկեն մայիսի 23-ից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն կան բերման ենթարկվածներ, ընդ որում` նրանց թիվն անցնում է 20-ից: Ավելին` այդ անձիք հանդիսանում են խոշոր ընկերությունների աշխատակիցներ: Սակայն ըստ մեզ հասած լուրերի բերման ենթարկվածների թիվը այսքանով չի ավարտվի, քանի որ կծիկը գնալով շատանում է: Սակայն ԱԱԾ լրատվական ծառայությունից չմանրամասնեցին՝ կոնկրետ ովքեր են բերման ենթարկվածները: Միայն տեղեկացրին, որ կատարվում է քննություն, արդեն իսկ կան բերման ենթարկվածներ, եւ առաջիկայում կներկայացվեն գործով այլ մանրամասներ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Բոլորը անհամբեր սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ է անդրադառնալու մարզպետների թեմային, երբ են ազատվելու գործող ՀՀԿ-ական մարզպետները և երբ են նշանակվելու նորերը, ովքեր ներկայացնելու են նոր իշխանությունը: Բայց մարզպետների նշանակումները ուշանում են, որովհետև նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ, չի կողմնորոշվում, թե ում կարելի վստահել այդքան կարևոր պաշտոնները: Հիմա նոր իշխանությունն այնպիսի մարդկանց փնտրտուքների մեջ է, ովքեր իսկապես կարող են քանդել հին համակարգը, կարող են անել այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը կենտրոնական իշխանության դեմ պայքարում»:

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԲՀԿ-ն արդեն տևական ժամանակ զբաղված է իր կառույցների ուժեղացմամբ, երիտասարդների լուրջ ներգրավմամբ և խիստ «ինստիտուցիոնալ» պատրաստվում է առաջիկայում սպասվելիք ընտրություններին, քանզի մտածում է՝ երբ «կռվում» են երկուսը, երրորդի բախտը միշտ բերում է։ ԲՀԿ-ում փորձում են ուժեղացնել նաև իրենց քաղաքական բլոկը։ Մեր տեղեկություններով՝ կրկին ԲՀԿ կվերադառնա Վահե Հովհաննիսյան, Ստեփան Մարգարյան, Էլինար Վարդանյան «տրիոն», որը վերջին շրջանում, Վիգեն Սարգսյանի հորդորով, զբաղվում էր հասարակական գործունեությամբ։ Չնայած «տրիոյի» առանձին անդամներ դա առայժմ չեն հաստատում, այնուհանդերձ հիշենք, որ Վահե Հովհաննիսյանը քաղաքական հարցերում միշտ էլ «ասող» է եղել ԲՀԿ-ում և վայելել է Գագիկ Ծառուկյանի բարձր աջակցությունը։ Ընդ որում՝ Վահե Հովհաննիսյանի «դասավորվածությունն» այս փուլում Խաչատուր Սուքիասյանից առավել հետաքրքիր է. նա Աշոտ Բլեյանի փեսան է, որը Նիկոլ Փաշինյանի հոգեհայրն ու «ուսուցիչն» է՝ բոլոր ժամանակներում»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավար կարող է նշանակվել Էդգար Գևորգյանը: Վերջինս այս պահին ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարն է, և քանի որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան էլ ֆիննախից է եկել ՊԵԿ, որոշել է իր հետ բերել նաև աշխատակազմի ղեկավարին»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Խոսակցություններն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ, չեն հաստատվում: Մասնավոր զրույցներում Փաշինյանը հայտարարել է, որ ինքը մտադիր է պահպանել «Ելք» դաշինքը եւ ընտրությունների գնալ դաշինքով: Փաշինյանը դա բացատրել է այն հանգամանքով, որ նաեւ «Ելք»-ի այլ կուսակցությունների աջակցությամբ հնարավոր եղավ ապահովել համաժողովրդական շարժման հաղթանակը»:


«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիմակիցները հերթով լքում են համակարգը: Աշխատանքից ազատվելու դիմում է գրել անեւ նրա փոսան՝ Ալիկ Մարգարյանը, որը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետի առաջին տեղակալն է: Նրան Գասպարյանը բերել էր ռազմական ոստիկանությունից: Նշենք, որ Ալիկ Մարգարյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հորաքրոջ որդին է, նա ոստիկանությունում իր գործունեությամբ չի զիջել թիկնապահ Արշակին: Եթե վերջինս ձեռքի տար էր պահում ճանապարհային ոստիկանության համակարգը, ապա Վլադիմիր Գասպարյանի փեսան կուրացիա էր անում քրեական հատվածը, միլպետներ ու վարչության պետեր էր նշանակում, ազատում: Այժմ, փաստորեն, Ալիկ Մարգարյանի օդերը փակվել են, դրա համար էլ որոշել է դիմում գրել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի «Ելք» խմբակցությունը դեռ ղեկավար չունի։ «Բանավեճն» ընթանում է Էդմոն Մարուքյան-Լենա Նազարյան տանդեմում։ Որոշումները «Ելք»-ում կայացվում են կոնսենսուսով․ եթե որեւէ մեկը չի համաձայնում, որոշում չի ընդունվում։ Թիմն սպասում է Արամ Սարգսյանին, սակայն մինչ այդ եւս մեկ դիսկուրս է սկսվել «Ելք»-ում․ Էդմոն Մարուքյանին առաջարկվել է դառնալ մեկ կուսակցություն եւ այդպես գնալ ընտրությունների, նա չի համաձայնել, «ՔՊ»-ն ասել է, որ իրենք միայնակ կգնան։ «Ելք»-ում իսկապե՞ս կան լուրջ տարաձայնություններ՝ հարցրինք Լենա Նազարյանին։ ««Ելք»-ում միշտ կան տարաձայնություններ, եղել են ու կլինեն, եւ դա նորմալ է․ մենք միշտ ենք ունեցել բազմակարծություն»։ Որպես ֆրակցիայի նախագահ՝ Դուք Ձե՞զ եք ավելի հարմար գտնում, թե՞ Էդմոն Մարուքյանին։ «Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ինձ»։ Ոչ Էդմոնի՞ն։ «Դե, կարելի է այդ տարբերակը նույնպես քննարկել, ես կարծում եմ՝ խմբակցության բոլոր անդամներն էլ իրավունք ունեն հավակնելու այդ պաշտոնին․ կնստենք սեղանի շուրջ եւ կորոշենք»։ Կլինի քվեարկություն, կոնսենսուսո՞վ, թե՞ քաղաքական որոշմամբ։ «Թվային մեծամասնության ճանապարհով մենք երբեք չենք գնացել, բոլոր որոշումները կայացրել ենք կոնսենսուսով․ այդ ճանապարհով կգնանք»։

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:  Ըստ հայտարարագրի՝ Դարբինյանն ունի հինգ անշարժ գույք՝ առանձնատուն, բնակարան, բազմաբնակարան բնակելի շենք, հողամաս ու արտադրական նշանակության շինություն: Ավտոմեքենաները երեքն են՝ «GAZ 24», «GAZ 322132» և «RANGE ROVER SPORT Supercharged 5.0» մակնիշների:  Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 52 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 849 հազար դրամ, որից 1 միլիոն 71 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 777 հազար 950 դրամը ստացված վարկեր: Պաշտոնյան բացի այս ամենը ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 30 միլիոն 817 հազար 200 դրամ: Կինը՝ Գայանե Դարբինյանը, հայտարարագրել է միայն դրամական միջոցներ, որոնք կազմել են 44 միլիոն 200 հազար դրամ»:


 

Փոխվարչապետ. Կունենանք այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Լարսը փակ լինի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար