Ռուբեն Վարդանյանը կկառավարի ռուսաստանցի միլիարդատերների կարողությունները
Հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը ֆինանսական նոր բիզնես է գործարկում։ Նա կկառավարի ռուս գործարարների, նրանց ժառանգորդների և իրավահաջորդների կարողությունները
«Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի (որի հոգաբարձուն «Տրոյկա Դիալոգ»–ի` այժմ Սբերբանկի նախկին բաժնետեր Ռուբեն Վարդանյանն էր) ուսումնասիրության համաձայն, ռուս ազդեցիկ գործարարների միջին տարիքը 48 տարեկանն է։ Բոլոր նրանք 10-20 տարի անց բիզնեսի և կարողությունների փոխանցման ձևակերպման ծառայությունների կարիք կունենան։ «Խոսքը ոչ միայն օլիգարխների, այլ նաև միջին մակարդակի գործարարների մասին է։ Դրանք ոչ թե հարյուրավոր, այլ տասնյակ հազարավոր մարդիկ են»,– Forbes–ին է պատմել Վարդանյանը։
2015 թվականի ամռան սկզբին նա բացել է Phoenix Advisors ընկերությունն ի համալրումն family office–ի։ Դրանց աշխատանքը վերահսկում է «Ռենեսանս Կապիտալի» նախկին նախագահ Ալեքսանդր Մերզլենկոն, ով պատասխանատու է առանցքային հաճախորդների հետ հարաբերությունների համար։ 2015 թվականի գարնան վերջում Մերզլենկոն Phoenix Advisors–ի տնօրեն է նշանակել նախկին ավագ գործընկեր, «Երրորդ Հռոմ» ընտանեկան գրասենյակի ղեկավար Ալեքսեյ Ստանկևիչին, նրա պարտավորություններում գործարքների և ակտիվների դասակարգումն է, կապիտալի փոխանցման ծրագրումը։ Բիզնեսի կարևոր մասը պրոտեկտորատների ստեղծումն է։
Վարդանյանի ընկերության ներկայացուցիչը` պրոտեկտորը, ներկայացնում է ժառանգորդների շահերն ընտանեկան բիզնեսում։ Վարդանյանը բացատրում է, որ այդ ծառայությունը պետք է ընտանիքի ակտիվների պաշտպանության համար` նա ժառանգորդների համար նմանատիպ մեխանիզմի կիրառման փորձ ունի։
Այսպիսի բիզնեսի առանձնահատկությունը պրոտեկտորի և սեփականատիրոջ միջև վստահության բարձր մակարդակն է։
«Պրոտեկտորն ըստ էության անկախ անձ է, ով շահառուի շահերի փոխանցողն է և վետոյի և որոշումների ընդունման վրա ազդող այլ որոշումների իրավունք ունի»,– ասում է UFG Wealth Management–ի գործընկեր Դմիտրի Կլյոնովը։ Նրա խոսքով, Ռուբեն Վարդանյանը լավ հեղինակություն ունեցող վաստակավոր ֆինանսիստ է, այդ պատճառով, անկասկած, նա որպես պրոտեկտոր հետաքրքիր կլինի իրեն վստահող գործարարներին։
Phoenix Advisors–ը կօգնի գործարարին ռազմավարություն մշակել ակտիվների նկատմամբ և իրավահաջորդների շրջանակ ստեղծել։ «Թերևս, այդ շրջանակը չի սահմանափակվում ընտանիքով։ Բացի այդ, գործարարները փոխանցում են ոչ միայն փողեր, այլ նաև ակտիվներ։ Մենք մասնակցում ենք որպես պրոտեկտորներ և համակարգում գործընթացը, անհրաժեշտության դեպքում փորձագետների ենք ներգրավում ակտիվների իրացման և բարդ կառույցներ կառուցելու համար,– պատմում է Ստանկևիչը։ – Շուկայում նման համալիր առաջարկ առայժմ չկա»։
Phoenix Advisors–ն ինքը կարող է համակառավարչի ծառայություններ մատուցել հաճախորդի ընկերություններում, եթե նա վստահում է Վարդանյանի և նրա թիմի հեղինակությանը կամ պատրաստ է միջազգային խոշոր տներ ներգրավել, օրինակ, Ռոտշիլդների ընտանիքին։
Ո՞վ կարող է հաճախորդ դառնալ։ Փողոցից մարդիկ Phoenix Advisors–ում չեն հայտնվի։ Ստանկևիչի խոսքով, հաճախորդները կներգրավվեն հիմնական սեփականատիրոջ ցուցումով։ Առաջիկա յոթ տարիներին նրանց թիվը կսահմանափակվի ավելի քան 100 մլն դոլարի կարողության 50 գործարարներով։