Հանրապետության ողջ տարածքում վանկարկում են «Քայլ արա, մերժիր Սերժին» և «Նիկոլ»
Հայաստանի տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի ակցիաները:
Բացի Երևանից, որտեղ առավոտվանից բազմահազար ուսանողներ և այլ քաղաքացիներ անցկացնում են բողոքի երթեր մայրաքաղաքի փողոցներով, փակում դրանք, անհնազանդության գործողություններին միացել են Գյումրին, Վանաձորը, Իջևանը, Գեղարքունիքի մարզում ցուցարարները փակել են միջպետական ճանապարհը և անգամ զբոսաշրջիկներին թույլ չեն տալիս շարունակել երթևեկությունը:
Ի դեպ, նկատելի է, որ Երևանում ոստիկանները ակտիվ չեն ուղեկցում խաղաղ ցուցարարներին:
Գյումրիում ցուցարարները շարունակում են իրենց բողոքի ակցիաները չնայած ոստիկանության հետ պարբերաբար բախումներին: Այդպես, նախօրեին ոստիկանական գործողություններից մարմնական վնասվածքներ են ստացել ԳԱԼԱ հեռուստաընկերության օպերատորներ Համբարձում Պապոյանը եւ Արմեն Պետրոսյանը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց եւ ստացել բուժօգնություն: Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ, այս րոպեներին էլ իրավիճակը լարված է:
Գյումրու մի շարք ուսումնական հաստատություններում դասադուլ է, իսկ գործադուլին միացել են մի շարք հիմնարկություններ: Գործադուլ են հայտարարել, մասնավորապես, տոնավաճառների աշխատակիցներ, գուլպա արտադրող «Լենտեքս» ՍՊԸ-ի աշխատակիցները և այլք:
Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Վանաձորում գործադուլ են հայտարարել «Գլորիա» կարի ֆաբրիկայի վերին մասնաշենքի աշխատողները:
Նոյեմբերյանից, Հրազդանից, Էջմիածնից և Արմավիրի Մյասնիկյան գյուղոից ստացվում են տեղեկություններ, որ աշակերտներին ահաբեկում են, թույլ չեն տալիս դուրս գալ ցույցերի:
Ամբողջ հանրապետությունով մեկ հնչում են «Միացիր», «Քայլ արա, մերժիր Սերժին», «Նիկոլ», «Ազատ-անկախ Հայաստան», «Սերժիկ հեռացիր» բանկարկումները: Հնչում է երգ ու պար: