Փորձում եմ անել ամեն ինչ, որ այս վիճակը շտկվի և լուծում ստանա. ՀՀ նախագահ
Մենք բոլոր խնդիրները, պրոբլեմներն ի վիճակի ենք լուծելու իրար հետ խոսելով, երկխոսելով, լուծումներ գտնելով ու բանակցելով: Մենք, որպես ազգ, չենք կարող աշխարհի առջև դուրս գալ մասնատված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նա ասաց, որ դա է իր կոչը և որևէ մեկը չպետք է կասկածի, որ հայերը միասնական են՝ անկախ առկա խնդիրներից:
«Անկախ նրանից այսօրվա խնդիրները ինչպիսին են, մենք միասնական պետք է լինենք, որովհետև կյանքը շարունակվում է և էլի հարյուր տարի մեր ազգային արժանապատվությունը և մեր խնդիրները պետք է պաշտպանենք», - ասաց նա։
Արմեն Սարգսյանը նաև խոսեց անհնազանդության շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ձերբակալման մասին ու հատկապես այն հանգամանքին, որ նրա պահման վայրը երեկվանից հայտնի չէ.
«Ես այդ հարցով շատ մտահոգված եմ: ՀՀ նախագահի լիազորությունների սահմանում փորձում եմ անել ամեն ինչ, որ այս վիճակը շտկվի և լուծում ստանա: Բայց լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է», - հավելեց ՀՀ նախագահը: